Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 20-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Այսօր առավոտյան ուժայինները մտել են Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Գյումրիի ընդդիմադիր համայնքապետ Վարդան Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայիններն այդ ընթացքում 23 մարդու են ձերբակալել։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է Երևան։ Նա այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Գյումրու քաղաքապետարանն այս կապակցությամբ վաղվանից անժամկետ գործադուլ կհայտարարի։
Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը լրագրողներին հայտնել է, որ Հակակոռուպիցնոն կոմիտեից ծանուցվել է, որ Ղուկասյանն այնտեղ է, ուստի եկել է գործի նյութերին ծանոթանալու համար։ Հարցին՝ ինքը լսե՞լ է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունը, այտեղ իրոք Վարդան Ղուկասյանի ձա՞յնն է, արդյոք ինքն է կաշառք վերցրել. նա պատասխանեց. «Պարոն Ղուկասյանը հերքում է ամեն ինչ, նման որեւէ հանգամանք չի ընդունում։ Ավելին ասեմ, այդ նկարագրության մեջ մասը 2024–ի դեկտեմբերի եւ 2025–ի փետրվարի է։ 2024–ին Վարդան Ղուկասյանը համայնքի ղեկավար չէր, ոչ էլ 2025–ի փետրվարին։ քաղաքապետի ՔՊ–ի պաշտոնակատարին հարցրեք, թե ինչու են նման բաներ տեղի ունեցել։ 6-7 դրվագից միայն մեկն է վերաբերվում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին»։ Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նա նշեց. «Ես մի քանի օր առաջ նշեցի, որ սկսվել է ամբիոնից վարչապետի հայտարարության իրականության գործընթացը, այն է՝ հեռացնել Վարդան Ղուկասյանին քաղաքական և հանրային դաշտից։ Քաղաքական դաշտից նման մեթոդներով հեռացնելը հնարավոր է, իսկ հանրային դաշտից հեռացնելը հնարավոր է ֆիզիկապես ոչնչացնելով, որի հետ կապված մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել քննչական մարմիններին, բայց գտել են, որ դա քննարկման ենթակա չէ»։ Պաշտպանը կանխատեսեց, որ հավանաբար կալանքի միջնորդություն կներկայացնեն։
Վատիկանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Տեղեկությունը հայտնում է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, հումանիտար հարցերին։ «Նորին Սրբությունը շնորհավորել է այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը և հույս հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը կդառնա համագործակցության և կայունության նոր փուլի սկիզբ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Լևոն XIV-րդի պապի առաջնորդությամբ կշարունակվի Սուրբ աթոռի և Հայաստանի միջև սերտ երկխոսության ավանդույթը, ինչպես նաև Հայաստանի համար կարևոր հարցերի նկատմամբ ցուցաբերվող հետևողական ուշադրությունը։ Հռոմի պապն իր հերթին ընդգծել է Սուրբ աթոռի և Հայաստանի միջև հաստատված սերտ հարաբերությունները՝ հատկապես կարևորելով Վենետիկի Մխիթարյան միաբանության դերն այդ կապերի խորացման գործում։ Նշենք, որ Փաշինյանը Վատիկան էր մեկնել՝ մասնակցելու 6 երանելիների, այդ թվում՝ հայազգի Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման արարողությանը։
Հայաստանում Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման մեկնարկի համար ամեն ինչ պատրաստ է։ Այս մասին «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում»-ից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Ժաննա Անդրեասյանը։ «Մենք նախագծի շուրջ աշխատում ենք արդեն շուրջ երկու տարի և բավականին մեծ ճանապարհ ենք անցել։ Մասնավորապես գլխավոր հատակագծի հետ կապված աշխատանքները վերջնական տեսքի են բերվում։ Մենք նաև տրանսպորտային նախագծի մասով արդյունքներ ունենք, քաղաքաշինական համապատասխան վերլուծություններ են արված, ամեն ինչ պատրաստ է, որպեսզի մենք սկսենք մեր ծրագրի իրականացումը։ Մեր գործընկերների հետ միասին հստակեցված է նաև իրականացման ռազմավարությունը»,- նշել է նա։ Նա ընդգծել է, որ իրատեսական է համարում 1-ին փուլում նախատեսվածը մինչև 2030 թվականն իրականացնելը։ Առաջին փուլով նախատեսված է, որ Ակադեմիական քաղաքում կլինի տեխնոլոգիական բուհը, կլինեն շուրջ 3600 ուսանողի և Ակադեմիական քաղաքի աշխատակազմի համար նախատեսված կացարաններ ու այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Հարցին, թե ընհանուր առմամբ ինչ կարժենա նախագիծը, Անդրեասյանը չպատասխանեց՝ շեշտելով, որ նախնական հաշվարկներ ունեն, բայց զերծ մնաց այդ թվերը հնչեցնելուց։
Մանրամասները՝ տեսանյութում: