Ակցիաներ՝ հանուն հայ պատանդների, Վարդան Ղուկասյանը ձերբակալվե՞լ է, Նուբար Աֆեյանի կոչը. Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:44 28-02-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 28-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Այսօր վաղ առավոտից քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի արտգործնախարարության և կառավարության շենքերի դիմաց՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարներով, որոնք վերջին դատական նիստից են։ «Հայաստանի արտաքին քաղաքականության հստակ օրակարգ պետք է լինի՝ մեր արտաքին քաղաքականության օրակարգում պետք է լինի Բաքվում գտնվող գերիների վերադարձը, որը չի իրականացվում», - հայտարարեց Վարդանյանի համախոհներից «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։Հիշեցնենք՝ վերջին դատական նիստում Վարդանյանը հյուծված տեսք ուներ, դեմքին նաև կապտուկներ կային։ «Մենք առաջարկում ենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին հրավիրեն ԱԳՆ՝ հստակ պահանջ ներկայացվի, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները, ովքեր բացառապես գերի են, օր առաջ պետք է ազատ արձակվեն, միջազգային հանրության առաջ պետք է հստակ պահանջ դրվի», - ասաց Առաքելյանը։

Իշխանության «Չենք խոսում, որ չվնասենք»-ը շատ լավ տարբերակ է քողարկելու աշխատանքի բացակայությունը: ԱԳՆ-ի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ այս մասին նշեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ իշխանություններն ասում են՝ իրենք ամեն ինչ անում են ռազմագերիների, գերիների այլ պահվող անձանց վերադարձի համար, ուղղակի չեն բարձրաձայնում, որ չվնասեն գործընթացին: «Այն խողովակները, որոնք ինձ համար տեսանելի են, դրանցով աշխատանքը կամ շատ չնչին է կամ բացակայում է: Ես սովոր եմ գործողությունները գնահատել արդյունքներով, իսկ արդյունքները զրոյական են»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, Մամիջանյանն ասաց, որ այն պահանջներ ներկայացնելու տեսանկյունից իր համար անընկալելի լեքսիկոնով էր գրված և ավելի շատ նման էր փաստերի արձանագրման և տեղեկացման հայտարարության, քան թե պահանջող հայտարարության:

«Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես ՀՀ ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն»,- այս մասին սոցցանցում գրել է ամերիկահայ գործարար, բարերար Նուբար Աֆեյանը՝ Բաքվի բանտում աօպրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի հարցով դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը: Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն: Եթե ոչ մենք, ապա ո՞վ։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ», - նշել է Աֆեյանը։

Այսօր՝ փետրվարի 28-ին, լրանում է Սումգայիթի ողբերգական ջարդերի 37-րդ տարելիցը։ Սումգայիթում ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ակցիայի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ընդդիմադիր դաշտը բաց է համագործակցության համար, կոչ արել բոլոր ընդդիմադիր ուժերին համախմբվել իշխանություններին հեռացնելու համար։ «Արցախի կորստի մասին նույնիսկ չեն խոսում, դա անհրաժեշտ է Հայաստանի կործանումը կասեցնելու համար»,- ընդգծել է Օհանյանը, ում խոսքով ընդդիմության քայլերը կախված են լինելու իրավիճակից. «Եթե ոչ, ապա ընտրություններն այն հարթակն են, որտեղ ցանկացած կայացած ուժ և առաջնորդ կարող է կասեցնել Հայաստանի կործանման գործընթացը։ Ընտրություններն այն քաղաքակիրթ ճանապարհն են, որոնք փոխում են քաղաքական էլիտաներին»,- նկատել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում: