Ուղիղ եթեր
Անչափահասների սեռական շահագործումը՝ քողարկված խնդիր Ադրբեջանում․ «Գեղարդ»
copy image url

Անչափահասների սեռական շահագործումը՝ քողարկված խնդիր Ադրբեջանում․ «Գեղարդ»

Արտաքին Միտք 23 ժամ առաջ - 22:39 05-06-2025
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը այս անգամ անդրադարձել է Ադրբեջանում անչափահասների նկատմամբ սեռական բռնության աճող և խիստ մտահոգիչ խնդրին։ Հիմնադրամի հրապարակած հոդվածում ներկայացվում են ինչպես կոնկրետ դեպքեր, այնպես էլ պաշտոնական վիճակագրության և միջազգային իրավապաշտպան զեկույցների հիման վրա արված դիտարկումներ, որոնք վկայում են անչափահասների սեռական շահագործման համակարգային բնույթի և պետական կառույցների անգործության մասին։

Անչափահասների նկատմամբ սեռական բռնությունը հասարակական լուրջ խնդիր է Ադրբեջանում։ Այս երևույթի վերաբերյալ հստակ տվյալներ գտնելը բավականին դժվար է, քանի որ պաշտոնական վիճակագրությունը հաճախ կա՛մ հասանելի չէ, կա՛մ ամբողջական չէ: Այնուամենայնիվ՝ բացի ադրբեջանցի իրավապաշտպաններից ու ակտիվիստներից՝ խնդրի առկայության մասին բարձրաձայնել և զեկույցներով հանդես են եկել նաև միջազգային կազմակերպություններն ու իրավապաշտպան խմբերը։

Վերջերս ադրբեջանցի ֆեմինիստ ակտիվիստ Գյուլնարա Մեհդիևան հրապարակեց մանկական բռնությանը վերաբերող մի նյութ․«․․․Ասում են, որ Յասամալի Սաֆսուի թաղամասերից մեկում ապրող մի կին 2 տարի շարունակ (12 տարեկանից սկսած) իր 14-ամյա դստերը վաճառում է որպես սեքս աշխատող։ Նա դստերն ամեն օր հագցնում է գայթակղիչ շորեր, դիմահարդարում և նրան դուրս է բերում փողոց։ Երեխային վաճառում է հարուստ մարդկանց՝ 500 մանաթով»։ Նշված է, որ տեղի ունեցածի վերաբերյալ հաղորդվել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի վարչություն և ոստիկանություն, սակայն համապատասխան մարմինների կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել։

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Ադրբեջանում կտրուկ աճել է անչափահասների շրջանում հղիության արհեստական ընդհատումների թիվը։ 2022 թվականին Ադրբեջանում հղիության արհեստական ընդհատումների ընդհանուր թիվը կազմել է 57 999։ Դրանցից 2080-ն իրականացվել է 15-ից 19 տարեկանների շրջանում։ 2023 թվականի տվյալներով՝ Ադրբեջանում գրանցվել է 15-19 տարեկանների հղիության արհեստական ընդհատման 2596 դեպք, որից 68-ը վերաբերել են 15-ից 17 տարեկաններին, իսկ 2528-ը՝ 18-19 տարեկաններին։

Ադրբեջանում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի աճի մասին են փաստում նաև միջազգային կառույցները։ ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտի կողմից (USDOL) հրապարակված «Երեխաների աշխատանքի ամենավատ ձևերի վերաբերյալ 2021 թվականի բացահայտումներ» զեկույցում նշվում է, որ ստիպողական մուրացկանությունը, երեխաների առևտրային սեռական շահագործումը շարունակում են լուրջ խնդիր մնալ Ադրբեջանում։

Դեռևս 2013 թվականին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ այդ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում դատարանում քննվել են երեխաների դեմ կատարված հանցագործության 500 գործեր, որոնցից 57-ը վերաբերել են անչափահասների բռնաբարությանը։ Ընդհանուր հանցագործությունների շարքում 29%-ը կազմել են սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ կատարված հանցագործությունները, իսկ սեռական բնույթի բռնության դեպքերը կազմել են 11%-ը, որից 4%-ը՝ երեխաների նկատմամբ։ Այստեղից կարելի է հետևություն անել, որ խնդիրն այս երկրի համար մշտապես արդիական է եղել։

Տարիներ առաջ ադրբեջանական լրատվական կայքերից մեկը հրապարակել էր նյութ՝ «Ադրբեջանում սեռական բռնության ենթարկված 4 երեխաների մոտ սիֆիլիս է հայտնաբերվել» վերտառությամբ։ Խոսքը Բաքվի փողոցներից հայտնաբերված 4 անչափահասների՝ 8, 9, 10 և 11 տարեկան երեխաների մասին է, ովքեր երկար ժամանակ ապրել են փողոցներում, գիշերել տարբեր վայրերում գտնվող լքված և խարխուլ շենքերում։ Այս երեխաները ենթարկվել են ոչ միայն ծեծի, այլև՝ ֆիզիկական, և սեռական բռնության։ Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ տարիքով իրենցից մեծ անօթևան դեռահասը ցերեկը ստիպել էր այդ երեխաներին մուրացկանությամբ զբաղվել, իսկ գիշերը՝ սեռական շահագործման էր ենթարկել նրանց։ Հայտնաբերելուց հետո անչափահասներին տեղափոխել էին «Հույսի վայր» մանկական ապաստարան։

Անչափահասի բռնաբարության աղմկոտ մեկ այլ դեպք տեղի էր ունեցել Ադրբեջանի հարավային Լերիկ շրջանում։ 14-ամյա դպրոցահասակ աղջիկը բռնաբարության էր ենթարկվել տեղի պաշտոնյայի ազգականի կողմից։ Բռնաբարության ողջ ընթացքը տեսագրվել էր։ Ըստ հրապարակված նյութի՝ 7-րդ դասարանի անչափահասը հղի էր։ Դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ ենթադրյալ հանցագործը կապված էր պաշտոնական անձի հետ:

Գյուլնարա Մեհդիևան բարձրաձայնում է այլ դեպքերի մասին ևս։ «2019 թվականին հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ մի աղջիկ, որը պատմեց, որ 15 տարեկանում մայրն է իրեն ուղարկել իր ղեկավարի մոտ: Չնայած միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց, որևէ պատկան կառույցի կողմից լուրջ արձագանք չեղավ, և հանրությունը չտեղեկացվեց որևէ միջոցառման մասին»,- գրում է ակտիվիստը։ Մեկ այլ դեպքում՝ մայրն էր խրախուսել իր դուստրերին՝ տղամարդկանց ուղարկել ինտիմ լուսանկարներ:

Բազմաթիվ են նմանօրինակ փաստերը, սակայն հիմնականում տեղի ունեցածը «քողարկում» են հենց անչափահասների ծնողները՝ շատ դեպքերում ներկայացնելով ոչ թե անչափահասի նկատմամբ սեռական բռնություն, այլ՝ «վաղամուսնություն», թեև Ադրբեջանում ամուսնության տարիքը սահմանված է 18 տարեկանը։ Բոլորովին վերջերս անչափահասի առևանգման դեպք է գրանցվել Նախիջևանի Շահբուզի շրջանում՝ անչափահասին հարկադրելով վաղամուսնության։

Ըստ ադրբեջանցի իրավաբան Զիբեյդա Սադիկովայի՝ Ադրբեջանի օրենսդրության մեջ կան իրավական լուրջ բացթողումներ՝ կապված երեխաների սեռական շահագործման և նրանց սեռական աշխատանքի մեջ ներգրավման հետ։ Եթե որոշ երկրներում նման հանցագործությունների համար նախատեսվում է ցմահ ազատազրկում, Ադրբեջանում առավելագույն պատիժը տատանվում է 3-10 տարվա սահմաններում։ Կան նաև լուրջ բացթողումներ իրավապահ մեխանիզմների մակարդակում։ Երեխաների անվտանգ հարցաքննության, բժշկական զննումների, քննչական մեթոդների և քննիչների մասնագիտացման վերաբերյալ կարգավորումները կամ բացակայում են կամ էլ անորոշ են։ Սադիկովայի խոսքով՝ քրեական իրավական գործիքների և հստակ ընթացակարգերի բացակայությունը դժվարացնում է երեխաների սեռական շահագործման դեպքերի դեմ արդյունավետ պայքարը, քանի որ սեռական շահագործման վերաբերյալ համակարգված իրավական պաշտպանության միջոցառումներ չեն ձևավորվել։

Ադրբեջանի քրեական օրենսգիրքը նախատեսում է պատասխանատվություն սեռական բռնության համար՝ ներառյալ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունները: Հոդվածներն, ինչպիսիք են՝ բռնաբարությունը (Հոդված 138), սեքսուալ բնույթի բռնի գործողությունները (Հոդված 139), սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը (Հոդված 140), սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ (Հոդված 141) և անառակաբարո գործողությունները (Հոդված 142) առնչվում են նմանատիպ հանցագործություններին:

Երեխաների պաշտպանությունը սեռական շահագործումից կարգավորվում է միջազգային իրավունքով։ Այս ոլորտի հիմնական փաստաթղթերի թվում են Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան (1989 թ.), դրա «Մանկական մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վաճառքի մասին» կամընտիր արձանագրությունը (2000 թ.) և Եվրոպայի խորհրդի Լանսարոտեի կոնվենցիան (որին Ադրբեջանը միացել է 2019 թվականին): Այս փաստաթղթերը նախատեսում են կանխարգելիչ, պաշտպանիչ, միջամտական, պատժիչ և քննչական միջոցառումներ։

Միջազգային պահանջների համաձայն՝ պետությունները պետք է ստեղծեն մասնագիտացված հաստատություններ, երեխաների մոնիթորինգի համակարգեր, կանխեն կրթություն ստանալուց խուսափելը, ինչպես նաև իրականացնեն իրազեկման միջոցառումներ և համագործակցեն իշխանության տեղական մարմինների հետ։ Զոհերի համար պետք է ստեղծվեն իրավական պաշտպանության մշտական ակտիվ համակարգեր, թեժ գծեր և սոցիալական օգնության մեխանիզմներ։ Ադրբեջանում, սակայն, այս ամենի առումով, պատկերը հակառակն է՝ սեռական բռնության վերաբերյալ վիճակագրության բացակայություն, անչափահաս զոհի լռություն ու վախ, պատկան մարմինների անգործություն, շատ դեպքերում նաև՝ «եկամտի աղբյուր», «վաղամուսնությամբ» բռնության քողարկում։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
22:43 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 22-ամյա երիտասարդ
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ