Ուկրաինայի «Սարդոստայն» գործողությունը. ՌԴ-ն 2 մլրդ դոլարի վնաս է կրել
copy image url

Ուկրաինայի «Սարդոստայն» գործողությունը. ՌԴ-ն 2 մլրդ դոլարի վնաս է կրել

Արտաքին 1 օր առաջ - 15:42 02-06-2025
2025 թվականի հունիսի 2-ին Ուկրաինայի կողմից իրականացվեց ռազմական գործողություն, որի արդյունքում զգալի վնաս հասցվեց Ռուսաստանի ռազմաօդային ուժերին։ Գործողությունը, որն անվանվել է «Սարդոստայն» (Pavutyna / Spider Web), պլանավորվել էր ավելի քան 18 ամիս և ուղղված էր հենց Ռուսաստանի ավիաբազաներին։

Հարձակումն իրականացվեց Ուկրաինայի Անվտանգության ծառայության (ՍԲՈւ) կողմից՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու անմիջական հսկողությամբ։ Այն դարձավ մինչ օրս իրականացված ամենաուժեղ հարձակումը Ռուսաստանի օդուժի դեմ:



Ինչ է տեղի ունեցել

Ուկրաինան կիրակի օրը գործի դրեց ավելի քան 117 դրոն՝ միաժամանակ հարվածելով Ռուսաստանի չորս ռազմաբազաներին, որոնք տեղակայված են երկրի խորքում՝ հարյուրավոր և նույնիսկ հազարավոր կիլոմետրեր հեռու Ուկրաինայի սահմաններից։ Հարձակման հիմնական նպատակը ռազմավարական նշանակության ռմբակոծիչներն էին՝ հատկապես Tu-95 և Tu-22M մոդելները, որոնք ՌԴ-ն պարբերաբար օգտագործում է ուկրաինական քաղաքներին հրթիռային հարվածներ հասցնելու նպատակով։

Ըստ ուկրաինական կողմի, այս գործողության շրջանակում հարված է հասցվել մոտավորապես 40 ռազմական ինքնաթիռի, որոնց զգալի մասը վնասվել է կամ ամբողջությամբ ոչնչացվել։ Նախնական գնահատականներով՝ Ռուսաստանի օդուժին պատճառված տնտեսական վնասը կարող է հասնել մինչև 2 միլիարդ դոլարի։

Թիրախավորված ռազմաբազաները

ՍԲՈւ-ի գործողությունը ուղղված էր չորս կարևորագույն ավիաբազաների դեմ՝
1. Դյագիլևոյի ավիաբազա, Ռյազանի մարզում, Մոսկվայից հարավ-արևելք։
2. Իվանովոյի ավիաբազա, Իվանովոյի մարզում։
3. Բելայա ավիաբազա, Իրկուտսկի մարզում՝ Սիբիրում։ Այս ռազմաբազան գտնվում է Ուկրաինայի առաջնագծից ավելի քան 4,300 կմ հեռավորության վրա։
4. Օլենյա ավիաբազա, Մուրմանսկի մարզում՝ Ռուսաստանի հյուսիսում, Արկտիկայի շրջանում, Ուկրաինայի սահմանից շուրջ 2,000 կմ հեռավորության վրա։

Այս չորս ռազմակայաններն էլ հանդիսանում են Ռուսաստանի միջուկային և հրթիռային ավիացիայի հիմնական բազաները, որտեղ մշտապես տեղակայված են եղել ռազմավարական նշանակության ռմբակոծիչներ։



Ինչ ինքնաթիռներ են վնասվել

Ուկրաինական աղբյուրների համաձայն՝ հարձակման ժամանակ թիրախավորվել են հատկապես ռազմավարական նշանակության օդանավեր, որոնցից են.
Tu-95MS Bear-H – միջուկային հրթիռներ կրող ռմբակոծիչներ, որոնց Ռուսաստանը ակտիվորեն օգտագործում է իր ռազմավարական հարվածները իրականացնելիս
Tu-22M3 Backfire – միջին հեռահարության գերձայնային ռմբակոծիչներ, որոնք կիրառվում են ոչ միայն հրթիռային հարվածների, այլև ծովային թիրախների դեմ։

Թեև Ռուսաստանը պաշտոնապես չի հաստատել վնասված կամ ոչնչացված ինքնաթիռների հստակ թիվը, սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերն ու արբանյակային լուսանկարները, ինչպես նաև տեղական աղբյուրների արձագանքները, փաստում են, որ հարվածները նշանակալի են եղել։



Ինչպես է իրականացվել գործողությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հայտարարության մեջ այս գործողությունը անվանել է «լիովին յուրահատուկ»՝ շեշտելով, որ այն իրականացվել է բացառապես ուկրաինացի մասնագետների կողմից։

Նրա խոսքով՝ գործողությունը նախապատրաստվել է ավելի քան 18 ամիս, իսկ դրոնային հարվածներն ուղղորդվել են մի համակարգված ծրագրի շրջանակում, որի իրականացման համար Ուկրաինան ունեցել է գործող գործակալական ցանց Ռուսաստանի ներսում։

Ամենահետաքրքիր մանրամասնություններից մեկն այն էր, որ ըստ Զելենսկու՝ Ուկրաինայի գործողության համակարգող գրասենյակը գտնվում էր «Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) անմիջական հարևանությամբ՝ այդ ծառայության մի շրջանի ներսում»։ Նախագահը նաև վստահեցրել է, որ գործողության բոլոր մասնակիցները նախօրոք դուրս են բերվել Ռուսաստանի տարածքից՝ ապահովության նկատառումներով։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է հարձակումների փաստը՝ նշելով, որ դրոնները խոցել են շարք ռազմաբազաներ։ Համաձայն նախարարության հաղորդագրության՝ «մի քանի օդանավ բռնկվել է, սակայն հրդեհը հաջողվել է մարել, զոհեր չկան»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը նշում է, թե Զելենսկին իրեն չի տեղեկացրել հարձակման մասին, սակայն մի շարք աղբյուրներ նշում են, որ ռազմավարական նշանակության կառույցների տեղը բացահայտել են ամերիկյան հետախույզները։

Ք. Սահակյան

Ամենից շատ դիտված