Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:05 02-06-2025

Ինչո՞ւ Փաշինյանին միայն Մոսկվան մարդու տեղ դրեց 

Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու։ Նիկոլ Փաշինյանին ծննդյան 50-ամյակի առթիվ շնորհավորել են ՌԴ նախագահն ու ՌԴ վարչապետը։ Այլ միջազգային գործընկերներ նրան չեն շնորհավորել։

Ինչո՞ւ երկրների ղեկավարները, միջազգային գործընկերները Նիկոլ Փաշինյանին ընկերաբար չվերաբերվեցին, մի բարի մաղթանք չհղեցին։

Ոմանք ենթադրում են, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ժողովրդավարական երկրների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ փոխվել է այն բանից հետո, երբ նա ի հեճուկս ժողովրդավարական աշխարհի, մայիսի 9-ին մեկնեց Մոսկվա, կանգնեց ազատ աշխարհին, միջազգային արժեքներին պատերազմ հայտարարած, Ուկրաինայի անկախության նկատմամբ ոտնձգություն իրականացրած Պուտինի կողքին։

Ոմանք էլ ենթադրում են, որ ժողովրդավարական երկրները, միջազգային հեղինակավոր գործընկերները չեն հարգում Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա ատելությամբ է վերաբերվում ժողովրդին, հայհոյախառը գրառում անում, ներքին թշնամանք հրահրում։

Եթե նա նորընտիր լիներ, կարելի էր ասել, որ շատերը դեռ չեն ճանաչում նրան։ Սակայն 7 տարի կառավարում է։ Բազմաթիվ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ։ Ավելին՝ օրեր առաջ, Մայիսի 28-ի տոնական ուղերձում նա նշում էր, թե՝ «Մենք շարունակում ենք սերտ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ հաստատել ենք ռազմավարական գործընկերություն, Հնդկաստանի հետ մեր գործակցությունը խորանում է, Ֆրանսիայի և Եվրամիության հետ մեր հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա»։ Սակայն ՌԴ-ից զատ, թվարկված երկրներն անտարբեր մնացին, արհամարհեցին կարևոր իրադարձությունը։ Գուցե նրանք չե՞ն լսել Փաշինյանի այս ուղերձը։

Այսպիսով՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն, Հնդկաստանը, Չինաստանը, ժողովրդավարական երկրները ցույց տվեցին իրենց դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ։ Նշանակում է՝ ՀՀ-ն այնպիսի վատ արտաքին քաղաքականություն է վարում, որ միջազգային գործընկերները, ՌԴ-ից բացի, Հայաստանին գործընկերաբար չեն վերաբերվում։

Այսպիսով՝ կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի վարած բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը բլեֆ է։ Այն նույն ռուսամետ կուրսն է։ Եթե այն ազատ աշխարհի համար ընդունելի, հասկանալի արտաքին քաղաքականություն լիներ, ապա ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ԵՄ-ից, Հնդկաստանից, Էստոնիայից, գոնե Սլովակիայից ու Հունգարիայից մի կես բերան շնորհավորանք կհնչեր ՀՀ 7-ամյա առաջնորդի ծննդյան 50-ամյակի առթիվ։ Եթե միայն ՌԴ-ից են ուշադրություն դարձնում, նշանակում է՝ միայն ռուսների համար է Փաշինյանի վարած ՀՀ արտաքին քաղաքականությունը լավը։

Այսպիսով՝ 2025-ի հունիսի 1-ին հոդս ցնդեցին ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին խոսքերն ու ուրվագծվող պատկերը։ Ապացուցվեց, որ ՀՀ-ն մեկուսացված է, քանի որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներկայացնում է որպես ռուսական ազդեցության գոտի։ Աշխարհն էլ ռուսական ազդեցության գործչին համարժեք վերաբերմունք է ցույց տալիս։ Նույնիսկ Ֆրանսիան, որի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունի ՀՀ-ն, Նիկոլ Փաշինյանին չշնորհավորեց, ցույց տալով իր վերաբերմունքը։

Կարճ ասած՝ շատ վատ է, որ անկախ, ժողովրդավարական Հայաստանի ղեկավարին միայն ՌԴ-ն մարդու տեղ դրեց։ Առաջ են գալիս ողջամիտ մտավախություններ, որ այսպիսի արտաքին քաղաքականության արդյունքում սահմանափակվելու են ՀՀ առաջընթացը, ՀՀ ուղղվող միջազգային ներդրումները, ինչպես նաև ստեղծվելու են անվտանգային ռիսկեր, նոր աղետներ պատճառելով ժողովրդին ու պետությանը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»