1994-ի մայիսին, պատերազմից հետո, Զեյթունում, կանգառում կանգնած էի պատերազմի մասնակից 20-ամյա մի ընկերոջ հետ, որի աջ ձեռքը վիրավոր էր, ոսկորը փշրված, Իլիզարովի մետաղական ապարատով ձգված։ Կանգառում նաև մի քանի կանայք էին կանգնած։ Մի քանի մետր այն կողմ միջին տարիքի մի տղամարդ բարձրաձայն հայհոյեց։ Ընկերս մոտեցավ տղամարդուն ու ձախ ձեռքով ապտակեց նրան կանանց ներկայությամբ հայհոյելու համար։ Սա իրական դեպք է։
Ներկայումս բարքերը փոխվել են, իջել են շրիշակից ներքև։ Հրապարակավ հայհոյում են ու ապտակ չեն ստանում։ Որոշ կանայք տղամարդուց հետ չեն մնում ու իրենք էլ են հայհոյում։ Սարսափելին այն է, որ հրապարակավ հայհոյում է վարչապետը։ Այնինչ՝ նա առաքինության օրինակ պիտի լիներ։
Մայիսի 30-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում 18+ սկանդալային գրառում է արել, որը դիտել են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք։ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,- գրել է նա։ Այնուհետև կասկած է հայտնել եպիսկոպոսաց դասի՝ կուսակրոնության ուխտին հավատարմության վերաբերյալ և ակնարկել, թե կարող է քննություն սկսվել։ «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»։
Այստեղ քողարկված սպառնալիք կա։ Ակնարկվում է, որ որոշ բարձրաստիճան հոգևորականների կյանքի մանրամասներ կհրապարակվեն։ Թեև դրանց մեծ մասը կլինեն անստորագիր բամբասանքի տեսքով, սակայն դրանից կոգևորվեն աթեիստն ու աղանդավորը, եռանդուն տարածելով ՔՊ-ականների բամբասանքները, խտացնելով ատելության մթնոլորտը։
Իսկ ինչո՞ւ են թիրախավորում բարձրաստիճան հոգևորականներին։
Եկեղեցին ամենամարդաշատ, ամենամեծ ժողովրդականություն վայելող հայկական կառույցն է Հայաստանում, ինչպես նաև՝ Սփյուռքում։ Եկեղեցին հրապարակավ չի խառնվել քաղաքականությանը, չի ուղղորդել ընտրողներին։ Սակայն օրենքով այդպիսի արգելք չկա։ Հետևաբար՝ եկեղեցին պոտենցիալ քաղաքական ակտոր է։ Ու եթե կոչ անի քվեարկել ՔՊ-ի օգտին, ապա հավատացյալների մեծ մասն այդպես էլ կվարվի։ Հավանաբար՝ այսպիսի ակնկալիքն ունեն ՔՊ-ում։
Առավելագույնը, ինչին կարող է ձգտել վարչապետը՝ եկեղեցու գլուխ կարգվելն է։ Աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որտեղ պետության ղեկավարը նաև հոգևոր իշխանության ղեկավարն է։ Ուստի կարող են փոխել ՀՀ Սահմանադրությունը և եկեղեցու կանոնադրությունը, հորինել էմանացիայի մասին մի պատմություն ու վարչապետին կարգել եկեղեցու գլուխ։
Նվազագույնը, ինչին կարող է հասնել Փաշինյանը, եկեղեցու իրական չեզոքությունն է։ Եթե եկեղեցին հայտարարի, որ ԱԺ գալիք ընտրություններում չի առնչվելու քարոզարշավին, հավատացյալներին ուղղորդելու փորձ չի անելու, բարձրաստիճան հոգևորականները չեն ներգրավվելու քարոզարշավի մեջ, Փաշինյանի մասին վատ բաներ չեն ասելու մինչև 2026-ի ընտրությունների ավարտը, ապա ենթադրելի է, որ եկեղեցու դեմ գրոհները, բամբասանքները, սպառնալիքները կդադարեն։
Այսքանով, սակայն, չի ավարտվելու 18+ կինոն, այլ տեղափոխվելու է այլ դահլիճ։ Սպասվում է, որ առաջիկայում վարչապետի էջում հայհոյանք, քողարկված սպառնալիք են հնչելու քաղաքական մրցակիցների հասցեին։ Կասկած չկա, որ առաջիկա ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՔՊ-ն բովանդակային քիչ ասելիք է ունենալու ու ընկճվելու է բովանդակային բանավեճերում, քանի որ Փաշինյանի օրոք ձեռքբերումները քիչ են, կորուստները, ձախողումները՝ շատ, ծրագրերը, խոստումներն՝ անկատար։ Տիտղոսավոր ընդդիմությունը նույնպես բովանդակային ասելիքի պակաս ունի, քանի որ օրակարգի գլխավոր հարցերում ռեալ այլընտրանք չի առաջարկում։ Հետևաբար՝ Փաշինյանը փորձելու է այնպես անել, որ բոլորը բոլորին հայհոյեն, ընտրողներին ներկայանան ոչ թե գաղափարներով, այլ հայհոյանքով։ Ով ավելի բարձր կհայհոյի, նա էլ կստանա քվե, մանդատ ու պորտֆել։ Քանի որ Փաշինյանը բարձր դիրքի շնորհիվ բոլորից բարձր կարող է հայհոյել, հետևաբար՝ նա հաղթելու ռեալ շանսեր կունենա 2026-ին։ Սա է ընտրված մարտավարությունը, որն օրեցօր ավելի անամոթ դրսևորում է ստանում։
Կարճ ասած՝ Փաշինյանի հրապարակային հայոհայախառն խոսույթն իրական մարտահրավեր է։ Գուցե ՔՊ-ն, բոլորին բարձր հայհոյելով, կարողանա հաղթել 2026-ին, սակայն պետությունն ու ժողովուրդն իրապես կտուժեն։ Եթե հրապարակավ հայհոյողներին ապտակողներ չլինեն, ապա հասարակությունը կբարոյալքվի, կայլասերվի, կստեղծվեն պետության կործանման, ժողովրդի մահվան ռիսկեր։ Այդպես բարոյալքվել, կործանվել ու ասպարեզից ջնջվել են բազմաթիվ ազգեր։ Ու հետո հարցեր են ծագել՝ կործանված այդ ազգերի մեջ մի առաջնորդ չկա՞ր, որ առաքինության օրինակ կծառայեր, մեռած այդ ժողովուրդների մեջ 36 արդարներ չկայի՞ն, որոնք կապտակեին հրապարակավ հայհոյողին ու կկանխեին բարքերի անկումը։
Թաթուլ Մկրտչյան