Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 28-05-2025

Ինչպե՞ս Մայիսի 28-ը դարձնել իրական տոն 

Մայիսի 28-ը չեն նշել խորհրդային բռնազավթման տարիներին, Մայիսի 28-ը համարվում էր արկածախնդրություն, Մայիսի 28-ը նշելու համար հազարավոր մարդիկ դատապարտվել ու աքսորվել են, Մայիսի 28-ը նշել են որոշ սփյուռքում որպես կորցրած Հայրենիքի տոն, Մայիսի 28-ը նշել է Հայաստանի անկախության համար պայքարող ԱՄԿ-ն որպես պայքարի փարոս։

Մեր նորագույն պատմության մեջ, 1988-ի մայիսի 28-ին Մովսես Գորգիսյանը եռագույն դրոշը պարզեց Ազատության հրապարակում: Այդ ժամանակ չորս կողմից վազեցին մարդիկ ու սարսափն աչքերում հորդորում էին թաքցնել եռագույնը, ասում, թե վտանգավոր է, թե իրենց պայքարն անկախության համար չէ։

Այս իներցիան սողալով շարունակվում է այսօր։ ՔՊ-ական իշխանությունները նույնպես ջանք են գործադրում, որ ստվերվի, իմաստափոխվի Մայիսի 28-ը։ Պետության ղեկավարների ուղերձներում այն չի ներկայացվում, որպես անկախության պայքարի խորհրդանիշ, չեն ոգևորում անկախության գաղափարով, աշխարհը չեն դիտում Հայաստանի անկախության պրիզմայով։ Նույնիսկ շնորհակալություն չեն հայտնում Աստծուն Մայիսի 28-ի համար։

Հակառակը՝ պատմական շեղված ակնարկներ են անում, փորձում քննադատել Առաջին հանրապետությունը, դրա անկման օրինաչափություններ հորինում։ ՀՀ ղեկավարները, սակայն, չեն նշում, որ Առաջին հանրապետությունը կործանվել է ռուս-թուրքական ագրեսիայի հետևանքով։ Այսպիսով՝ ժողովրդից թաքցնում են կարևորը, ճշմարտությունը և էականը։

ՏԻՄ-երն էլ օրինակ են վերցնում երկրի ապաշնորհ ղեկավարներից։ Երևանի քաղաքապետարանը Մայիսի 28-ի տոնական միջոցառումներ չի կազմակերպում։ Օրինակ՝ «Երևանյան երկխոսությունը» կարող էին ձգել ևս մեկ օր ու հյուրերին ցույց տալ, թե ինչպես է հայ ժողովուրդը միասնաբար և ոգևորությամբ նշում անկախության պայքարը խորհրդանշող Մայիսի 28-ը։ Տոնական ժողովրդական միջոցառումներն ավելի մեծ նշանակություն կունենային, ավելի մեծ ազդեցություն կթողնեին արևմտյան գործընկերների վրա, քան այդ համաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի և ՀՀ մյուս պաշտոնյաների ելույթներն ու հանդիպումները միասին վերցրած։

Մայիսի 28-ին Ալիևն Էրդողանի ու Շարիֆի հետ միասին Լաչինի օդանավակայանի բացումն է կազմակերպում, այն վերածելով տոնի։ Այսպիսով նրանք ցույց են տալիս, որ Թուրքիան ու Պակիստանը Ադրբեջանի դաշնակիցներն են, նրա անկախության պաշտպանության ջատագովները։ Հայաստանում Մայիսի 28-ին դաշնակիցների հետ միջոցառումներ նախատեսված չեն։ Հայաստանը դաշնակիցներ չունի՞։

Մայիսի 28-ը նշելը նաև ազգային անվտանգային նշանակություն ունի։ Մայիսի 28-ի վերաբերյալ հանրային անտարբերությունը ցույց է տալիս, որ հասարակությունն անտարբեր է հայրենիքի, պետության, անկախության նկատմամբ: Սոցիալ վարքաբանության այս պատկերը ողջամիտ կասկած է առաջացնում, որ եթե հասարակությունը անկախությունը չի կարևորում, ապա ենթադրաբար՝ չի դիմադրի, երբ պայմանական թշնամին փորձի խլել երկրի անկախությունը, ժողովրդի ազատությունը:

Ի վերջո՝ Մայիսի 28-ի հերոսներին, ժողովրդի ազատության պայքարի 1918-ի մասնակիցներին փառք տալուց հետո լավ կլինի նաև համարժեք վերաբերմունք դրսևորել 1991-ի Սեպտեբերի 21-ը մոտեցնողներին, անկախության պայքարի մերօրյա մասնակիցներին։ Այդպիսով անկախության համար պայքարը իրապես կգնահատվի, այդ մարդիկ կդառնան տոնի առանցքը, որոնց շուրջ տոնական մթնոլորտ կձևավորվի։ Այսինքն՝ Մայիսի 28-ն իրական տոնի վերածելու համար անհրաժեշտ է այն կապել իրականության հետ, պատշաճ ուշադրություն դարձնել անկախության համար պայքարած, մեր կողքին ապրող իրական մարդկանց, նրանց դարձնելով օրվա հերոսները։

Կարճ ասած՝ հարկ է պինդ հիշել, որ եթե ժողվուրդը Մայիսի 28-ին չի միանում, ապա այն անիմաստ է դառնում, արժեզրկվում է գաղափարը։ Եվ ուրեմն՝ իշխանության առաջին պարտավորությունն է անել հնարավորը, որ մարդիկ Մայիսի 28-ն անցկացնեն բարձր, տոնական տրամադրությամբ, լցվեն անկախության գաղափարով, անկախության պայքարը սրբագործելով, արժանին մատուցելով այդ պայքարի մասնակիցներին, նվիրյալներին, նահատակներին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
10:14 Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
11:33 Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թաղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
15:00 Ինչպես են Փաշինյանն ու ՔՊ-ին միացածներն իմաստազրկում ժողովրդավարությունը
14:08 Գիշերը դպրոցի տնօրենը, ուսուցիչն ու երեխայի մայրը ոստիկանությունում են եղել․ նոր մանրամասներ՝ Վարդաձորի դպրոցի աղմկահարույց միջադեպից
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը