Ի՞նչ անենք, որ Հուլիսի 5-ն իրական տոն դառնա
copy image url

Ի՞նչ անենք, որ Հուլիսի 5-ն իրական տոն դառնա

Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 05-07-2024
Ֆուտբոլի Եվրոպայի 2024-ի առաջնությունում խաղից առաջ ֆուտբոլիստներն ու երկրպագուները միաձայն երգում են ազգային օրհներգերը, ոգևորվելով և ոգևորելով նաև հեռուստադիտողին։ Հայաստանն այս տարի էլ չմասնակցեց եզրափակիչ խաղերին, դուրս մնաց ընտրական փուլում։ Տեսակետ կա, թե մեր մարզիկների անհաջողության ու մարզասերների հիասթափության պատճառներից մեկն էլ այն է, որ մերոնք լավ չեն երգում ազգային օրհներգը, չեն կարողանում լցվել ազգային հպարտությամբ ու հաղթանակի ոգով։ Թեման արդիական է, քանի որ այսօր Հուլիսի 5-ն է, Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը, որի հանդեպ հանրության վերաբերմունքը բավարար չէ։ Ինչու՞ մարդկանց մի մասը Հուլիսի 5-ը չեն տոնում ընկերների, բարեկամների հետ, ինչպես անում են սիրված տոների ժամանակ։

Սահմանադրության մեջ արժեքներն են, սկզբունքները, ուղենիշները, օրենքների իրավունքների հիմքերը։ Պետական խորհրդանիշները խոսում են պետության մասին։ Այն կարևոր ասելիքը, որն ուզում են ասել պետության մասին, խտացված մատուցվում է օրհներգի, դրոշի, զինանշանի միջոցով։ Սահմանդրությունն ու պետական խորհրդանիշները փոփոխվում են, երբ փոխվում են ազգային արժեքները, սկզբունքները, պետության որակը, տեսակը, ասելիքը, հավակնությունները և այլն։

Սակայն ՀՀ բոլոր իշխանությունները Սահմանադրության և խորհրդանիշների նկատմամբ ոչ պատշաճ հարգալից վերաբերմունք են դրսևորել։ Յուրաքանչյուրն իր հերթին կամայական փոփոխել է Սահմանադրությունը։ Ուշագրավ է, որ անցած տասնամյակներում մի քանի անգամ հանրային քննարկման է դրվել նաև խորհրդանիշների փոփոխության հարցը։ Սահմանադրության փոփոխության մտադրություն հայտնել է նաև Նիկոլ Փաշինյանն, իսկ Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ խոսել է խորհրդանիշները փոխելու մասին։ Երբ առաջնորդներն այսպիսի անպատասխանատու և անհարգալից վերաբերմունք են դրսևորում Սահմանադրության և պետական խորհրդանիշների հանդեպ, ապա հանրությունն էլ օրինակ է վերցնում իր առաջնորդներից ու չի տոնում Հուլիսի 5-ը։

Հուլիսի 5-ը իրական, ժողովրդական տոն կդառնա, երբ ազգային արժեքները պարզ կսահմանվեն ու կհարազատվեն ժողովրդի կողմից, իսկ օրենքը կհամարվի ամեն ինչից վեր։ Մեր հասարակությունում չեք գտնի 10 մարդ, որոնք՝ «Ո՞րոնք են մեր արժեքները» հարցին միանման պատասխան կտան։ Համեմատության համար նշենք, որ եթե նույն հարցն ուղղեք ֆրանսիացիներին, ապա նույնիսկ սևերը միանշանակ կասեն՝ «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն»։ Այս արժեքները հարազատ են բոլոր ֆրանսիացիների համար։ Այդ արժեքները ոտնահարելու մեջ մեղադրված ֆրանսիական մարշալ Ֆիլիպ Պետենը ցմահ ազատազրկման դատապարտվեց Երկրորդ աշխարհամարտից հետո։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նույնիսկ չի հասկանում, թե ինչ նշանակություն ունեն արժեքները պետության և հասարակության համար։ Հետևաբար՝ նրանց համար կարևոր չէ Հուլիսի 5-ը։

Կա մեծ թյուրիմացություն, թե մարդն ավելի բարձր է քան օրենքը։ Նույնիսկ ամենախիզախ հումանիստները օրենքը չեն ստորադասել իշխանավորի կամայականությանը։ Իսկ Փաշինյանն ավելի հեռու է գնում, հորինելով նոր արդարացումներ, թե ինչու սահմանադրության հանդեպ ժողովրդի հարգանքը պատշաճ մակարդակի վրա չէ։ Ավելին, նա ամեն առիթով թյուր կարծիք է տարածում օրենքի և իրավունքի մասին, շեշտը կամայականորեն դնելով մարդու, ժողովրդի մտածողության և վարքի վրա։

Տարատեսակ շահարկումները բացառելու համար իշխանությունները քաղաքական համայնքի մեծ մասի հետ միասին պիտի սահմանեն ընդունելի, ընկալելի, պարզ մեկնաբանելի ազգային արժեքներ։ Դրանից հետո անելիք ունեն տաղանդավոր արվեստագետները։ Նրանք կարող են ազգային արժեքների վերաբերյալ գործեր ստեղծել, պատկերավոր ասած՝ մարմին տալ հռչակված արժեքներին, լեգենդներ հյուսել դրանց շուրջ։ Անցյալ տասնամյակներում քանի՞ նոր երգ է ստեղծվել ազատության, ժողովրդավարության, հավասարության մասին, քանի՞ ֆիլմ է նկարվել անկախության համար պայքարի մասին, քանի՞ կտավ է վրձնվել եղբայրության մասին, քանի՞ հերոս կա, որ այդ արժեքների համար սխրանք է գործել։

Նույնպես օրենքը կարելի է բարձրացնել միահամուռ ուժերով։ Միայն իրավապահն ու դատավորը չեն կարող մեծ արդյունքի հասնել։ Հանրության մեծ մասը կարող է օրենքն ամեն ինչից վեր դասել, եթե հանրային հեղինակությունները օրինակ ծառայեն, արվեստի գործեր ստեղծվեն այդ մասին, դրանք մտնեն մանկապարտեզ ու դպրոց, դրանցով կրթվեն ու դաստիարակվեն երեխաները։

Հուլիսի 5-ը տոն դարձնելու հարցում կարելի նաև սոցիալական ծրագրեր իրականացնել։ Ինչպե՞ս են մյուս տոներին զեղչեր առաջարկում։ Նույնպես հանգստի գոտիները, սրճարանները կարող են ներկայացնել Հուլիսի 5-ի տոնական զեղչված առաջարկներ։ Շատ ընտանիքներ կուզենան զեղչված գներով տոնական օր անցկացնել հանգստի գոտիներում, ընտանեկան ջերմ մթնոլորտում։ Դրան կարող են մասնակցել նաև պետությունն, տուրիստական ընկերությունները։ Նրանք կարող են Հուլիսի 5-ի տոնական օրը զբոսաշրջային, հյուրանոցային զեղչված ակցիաներ իրականացնել սոցփաթեթներ ունեցողների համար։

Այս կամ նման ուղղություններով իշխանությունները ոչինչ չեն անում, որովհետև Հուլիսի 5-ն իրական տոն չէ քաղաքականություն որոշողների համար։ Նրանք բավարարվում են սխալներով լի ուղերձներով։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հուլիսի 5-ը կնշանավորվի մի քանի տոնական, հրապարակային միջոցառումներով, որոնք մի քանի ժամ տոնական լույսերի ու ռիթմերի մեջ կպահեն Երևանը։ Ու վերջ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
12:15 Զորակոչիկների ազատման և անօրինական միգրացիայի գործն ուղարկվեց դատարան
18:16 Մարդ պտի հոգով չար լինի, որ չգնահատի վարչապետի էրածը. գյումրեցիները` Փաշինյանի մասին
12:09 Արգելում եմ մոտենալ իմ փաստաբաններին և հարց տալ․ Վարդան Ղուկասյանի ձայնային ուղերձը՝ կալանավայրից
16:50 Երկու քարի արանքում. եկեղեցուն զոռով ներքաշում են քաղաքականություն
14:58 Շիրակի մարզի պետական աշխատողները աշխատանքային ժամին մասնակցում են «Կրթվելը ներաձև է» շարժմանը
14:40 Կրթելու են նաև ԵՊՀ-ում. Աննա Հակոբյանը ռեկտորի հետ հուշագիր է ստորագրել
20:14 Միքայել և Բագրատ Սրբազանները մեկօրյա հացադուլ կհայտարարեն