«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երկրորդ շրջանավարտները ստացել են ավարտական դիպլոմները:
Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին դիպլոմները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բաձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գիտական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև սեպտեմբերից Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երրորդ շրջափուլը մեկնարկող ուսանողներ:
Միջոցառման ընթացքում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն ու ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Ողջունելով շրջանավարտներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կարևոր ծրագրի հերթական շրջափուլի ավարտի կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարը կարևորել է ծրագրի կարգավորման հնարավորությունը հենց համակարգային առումով։
«Օրերս Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որն առաջին հերթին համագործակցության մասին է։ Այսօր ականատես ենք լինում, թե ինչպես հիմնադրամը և համալսարանը միասին համագործակցաբար շարունակելու են երեք տարի առաջ մեկնարկած կարևոր աշխատանքը։ Համագործակցությունն է, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում նաև որակական փոփոխություններ է բերելու», - ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը նշել է՝ առանցքային կարևորություն ունի գիտնականների ու գիտաշխատողների առավել ակտիվ ներգրավվածության ապահովումը բարձրագույն կրթության համակարգում:
«Վստահ եմ, որ այդ համագործակցությունը երկկողմանի շահավետ է լինելու: Մի կողմից այսօրվա շրջանավարտներն են, որոնք, հուսով եմ, մեր ապագա գիտնականներն ու դասախոսներն են, մյուս կողմից՝ այսօրվա գիտնականներն են, որոնք հնարավորություն են ստանում իրենց փորձը և գիտելիքը կիսելու երիտասարդների հետ: Սա ինստիտուցիոնալ համագործակցության և նաև սերնդափոխության հիմքն է, ինչը շատ կարևոր է հատկապես ԲՏՃՄ ուղղություններով, որտեղ տարիներ շարունակ, ցավոք, ծերացման միտումներ ենք ունեցել»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել՝ պետական քաղաքականությունը երիտասարդներին պետք է ուղղորդի դեպի գիտություն ու բարձրագույն կրթություն՝ որպես դասախոսներ և գիտաշխատողներ:
«Հուսով եմ՝ շարունակական հաջողությունները նաև ոգևորելու են մյուս սերունդներին՝ առաջ գնալու, դժվարություններից չընկրկելու և իրենց հաջողություններով ապացուցելու, որ ամեն ինչ հնարավոր է, եթե ջանք ես ներդնում և ունես ցանկություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել ծրագրի իրականացման համար:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ևս ողջունել է շրջանավարտներին և շնորհավորել շրջափուլի ավարտի առթիվ: Աննա Հակոբյանը ծրագիրը կարևորել է նաև համագործակցության տեսանկյունից. «Հուսով եմ՝ ծրագրի շնորհիվ կկարողանանք վերացնել սահմանները համայնքների միջև՝ ստեղծելով համագործակցության և փոխհարաբերման նոր մշակույթ»:
Աննա Հակոբյանի խոսքով՝ «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանի կողմից ստանալով ծրագիրը մեկնարկելու առաջարկը՝ համաձայնել է առանց երկմտելու:
«Որքան էլ ջանքեր գործադրեր հիմնադրամը և փորձեր այս ծրագիրը միայնակ իրականացնել, այն չէր հասնի այս արդյունքներին՝ առանց գիտական համայնքի աջակցության։ Երբ մեր ջանքերը միավորում ենք, ավելի ենք ուժեղանում, քան այն ժամանակ, երբ յուրաքանչյուրս մեր ճանապարհով ենք շարժվում»,- եզրափակել է նա:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը դիպլոմներ են շնորհել մագիստրոսական ծրագրի 11 շրջանավարտի: Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաև ծրագրի հայաստանաբնակ և հրավիրյալ դասախոսները:
«Իմ քայլը» հիմնադրամը «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրն իրականացնում է 2022 թվականից: Ակնկալիքը քվանտային ֆիզիկայի բնագավառում առաջատար մասնագետների պատրաստումն է, որոնք կինտեգրվեն միջազգային գիտական համայնքում՝ նպաստելով Հայաստանի՝ տարածաշրջանային գիտակրթական կենտրոնի վերածմանը: