«Երեկ գրառում եմ կատարել իմ ֆեյսբուքյան էջում, կարծում եմ՝ այնտեղ ամեն ինչ ամփոփված է։ Ես կարծում եմ, որ բոլորի մոտ այդ նույն միտքը եղել է, ոչ միայն ինձ մոտ։ Նախ՝ պաշտոնական դիրքորոշումը, որը հայտնում են Հայաստանի իշխանությունները, բայց սա, կարծես թե, ամեն անգամ ավելի հստակեցվում է, և այն բացառապես ի նպաստ Ադրբեջանի է։ Ստացվում է, որ նման բաներ միմիայն Հայաստանի իշխանությունը և Ադրբեջանն են քարոզում, որ Արցախի ցանկացած ինստիտուցիոնալ գործունեություն դեմ է իրենց կամ իրերնց տարածքային ու դիմացինի տարածքային սուվերենության խախտմանը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանի մեկնաբանությանը Ադրբեջանի հայտարարությունների վերաբերյալ, թե ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջանն է»:
Մետաքսե Հակոբյանի կարծիքով՝ ստացվում է, որ իշխանությունն, ի դեմս Ազգային ժողովի նախագահի, մի ուղղություն է որդեգրել, ըստ որի՝ Արցախի, ինքնակառավարման ցանկացած փորձ որպես սադրանք են դիտարկելու Հայաստանի իշխանությունների և Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ։
«Իրականում սրանք ընդամենը ինքնորոշման իրավունքի դրսևորումներ են, որ մենք չենք կարող չանել, և դա որևէ կերպ Հայաստանի իշխանությունների հետ, որևէ կետում չի էլ հատվում։ Ես ուզում եմ ուղղակի ասել, որ սրանք բացի այն, որ պրոաադրբեջանական հայտարարություններ են, միանշանակ հայկական որևէ բան չկա, որովհետև, նորից եմ կրկնում, մեր որևէ քայլը որևէ կապ չի կարող ունենալ այն պահանջների հետ, որոնք դրվում են ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ այս իշխանությունների առջև։ Դրանք տարբեր են։ Եվ Ալենն իր այս դիրքորոշմամբ, նաև ներքաղաքական խնդիր է փորձում լուծել։ Ինքը շարունակում է պառակտել։ Եվ ըստ էության, նորից ցանկացած այս տեսակ պառակտիչ պահվածք կամ խոսք, բնական է, որ ի վնաս ազգային շահերի է»,- ասաց նա։
Մետաքսե Սիմոնյանը նշեց նաև, որ ՀՀ ԱԺ պատգամավորի նման պահվվածքը նորություն չէր։
«Կարծում եմ, որ արդեն մի տեսակ անլուրջ է դարձել, քննարկելը, որ իրենք Արցախից ձեռքերը լվացել կամ Արցախը շարունակում են հանձնել։ Իրենք հանձնել, վերջացրել են։ Իրենք հանձնել են ակնհայտ 2020 նոյեմբերի 9-ին, որտեղ այն քայլին, ինչին, որ գնաց Հայաստանի Հանրապետության վարչապետը, այդ օրը ինքը հանձնեց Արցախը։ Մնացածը ժամանակի հարց էր։ Իրենք շատ լավ ուղիղ ասում են Արցախի մասին իրենց դիրքորոշումը, իրենց կարծիքը։ Ինչպես Արցախի, այնպես էլ արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը, զզվանքը չեն թաքցնում։ Ինչ վերաբերվում է «Արևմտյան Ադրբեջան» և «Զանգեզուրի միջանցք» եզրույթներին, իհարկե, այդ խոսույթը նախ ավելի ակտիվացավ, երբ Ադրբեջանի իշխանությունները հաղթեցին Հայաստանի իշխանություններին, որովհետև պատերազմում չպարտվեց ժողովուրդը, չպարտվեց զինվորը, և սա պաթոս չէ, սա իրականությունն է։ Գոնե դա մենք մեր աչքով տեսել ենք Արցախում»,- ընդգծեց նա։
Մետաքսե Սիմոնյանը նշեց նաև, որ արցախցի տարբեր, բազմաթիվ քաղաքական գործիչներ, պատմաբաններ, գիտնականներ, մտավորականներ, բազմիցս խոսել են, ապացուցել, բացատրել, որ չի կարող լինել, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան»։
«Ստացվում է, որ «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը այսօր շրջանառության մեջ են դրել Ադրբեջանը, Թուրքիան ու Հայաստանի իշխանությունները, որտեղ մնացած բոլոր առումներով որևէ կերպ այն չի դիտարկվում որպես «Արևմտյան Ադրբեջան» կամ ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Դուք տեսաք՝ այդ նույն Ալենն ինչ ոգևորությամբ էր խոսում Հայաստանում ադրբեջանցիների ապրելու, 1 րոպե կամ 5 րոպե հետո արդեն նրանց հետ առևտուր անելու մասին։ Եվ Դուք երևի թե հիշում եք, որ մեզ հենց այս իշխանություններն էին մեղադրում, որ մենք այնքան սերտ ու լավ հարաբերություններ ունենք ադրբեջանցիների հետ, որ խնդիր չունենք կողք-կողքի ապրելու։ Ցավոք սրտի՝ այն, ինչ որ տեղի ունեցավ 2023 սեպտեմբերին, ապացույց էր, որ մենք երբևէ չենք պատրաստվում ադրբեջանցիների հետ կողք-կողքի ապրել։ Բայց ստացվում է, որ Հայաստանի իշխանությունների վաղեմի երազանքն է ադրբեջանցիների հետ ապրելը, նույն կենցաղն ունենալը, իրար հետ առևտուր անելը»,- եզրափակեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորը։