Երևան +12°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 19:36 22-06-2021

Նրանք, ովքեր մեղադրում էին իրար, հիմա ստիպված են համատեղ աշխատել հանուն պետության, քանի որ պատգամավորական մանդատը դա է ենթադրում. քաղաքագետ

Հայաստանի ներքաղաքական կյանքում աննախադեպ իրավիճակները շարունակվում են: Արդյունքում եկել հասել ենք մի կետի, երբ երկրի խորհրդարանը ձևավորում են արմատապես իրար հակասող քաղաքական ուժեր: Այլ կերպ ասած՝ նախկին և ներկա մեղավորները միմյանց հայհոյելուց ու զրպարտելուց հետո պետք է միասին աշխատեն ու որոշեն մեր ապագան: Թեմայի շուրջ Օրագիր.news-ը զրուցել է քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ:

-Ի՞նչ ակնկալիքներ կան նոր ձևավորվող խորհրդարանից:

-Նրանք, ովքեր մեղադրում էին իրար, հիմա ստիպված են համատեղ աշխատել: Չգիտե՞մ ինչպես են աշխատելու, քանի որ միմյանց անձնական վիրավորանք հնչեցնելուց մինչև պետական դավաճանության մեջ են միմյանց մեղադրել, իսկ հիմա ստիպված են աշխատել հանուն պետության, քանի որ պատգամավորական մանդատը դա է ենթադրում: Նրանց համատեղ աշխատանքի արդյունավետությունը կախված է նրանից, թե մենք ի՞նչ ենք նրանցից ակնկալում: Արտահերթ ընտրությունները շատ վճռորոշ պահին է եղել, ուստի ենթադրում եմ՝ պետական քաղաքականության հետ կապված ահագին լուրջ խնդիրներ կարող են ծագել, քանի որ միասին պետք է կառավարության նոր ծրագիր կազմեն, հետո հաստատեն, օրենսդրական նախաձեռնություններ անեն՝ պայմանավորված քաղաքական և տնտեսական ճգնաժամով: Թե ինչպե՞ս նրանք դա կհաջողացնեն, դժվար է պատկերացնել: Կարծում եմ՝ խորհրդարանի աշխատանքը շատ բարդ է լինելու, քանի որ այնտեղ հավաքվել են արմատապես իրար հակադիր ճամբարներ ներկայացող մարդիկ, և դա էականորեն խոչընդոտելու է նրանց համատեղ աշխատանքը: Քաղաքացիների համար կարևորն արդյունքն է, որպեսզի խելամիտ որոշումներ ընդունվեն, բայց նրանց համար առավելապես խնդիր է լինելու հակառակորդ թիմի հաշվին դիվիդենտներ հավաքելը: Հաշվի առնելով, որ ԱԺ-ում խորհրդարանային մեծամասնությունը միակուսակցական է՝ ՔՊ-ն է, արտաքին քաղաքականության հարցում ընդդիմության ազդեցությունն արդեն իսկ կայացրած որոշումների վրա շատ արմատական չի լինելու, այդ հարցում ԱԺ-ն այդքան էլ դեր չի խաղալու: Չմոռանանք նաև, որ դեռ շարունակում ենք մնալ սուպերվարչապետական համակարգում, և գործադիր իշխանությունից ու նրա ղեկավարից արտաքին քաղաքականության ոլորտում շատ բան է կախված: Իրավիճակն իսկապես բացառիկ է, մեր պատմության մեջ նմանօրինակ վիճակ դեռ չի եղել, ուստի դեռ ամեն ինչ նոր է սկսվում: Մի քիչ կասկածներ ունեմ, որ հնարավոր է հետընտրական շրջանում զարգացումներ լինեն՝ կապված դեռ անհայտ փոփոխությունների հետ, իսկ թե ինչպես դրանք կանդրադառնան խորհրդարանային գործընթացների վրա, դժվար է ասել:

-ՀՀ նախագահը հայտարարել է, որ պետք է անցում կատարել դեպի նախագահական համակարգ: Արդյո՞ք դա լուծում կլինի:

-Մենք անցել ենք կառավարման բոլոր ձևերով՝ կիսանախագահական, նախագահական, խորհրդարանական, ինչո՞ւ որևէ մեկը մեզ հարմար չի եղել ու անընդհատ փոխել ենք: Իրականում խնդիրն այնքան էլ կառավարման համակարգը չէ, որքան մեր քաղաքական մշակույթը: Մեր քաղաքական մշակույթն այնպիսի ինստիտուտներ, սովորույթներ ու նորմեր չի ձևավորել, որ կառավարման որևէ համակարգ մաքսիմալ արդյունավետ աշխատի: Ոչ մի համակարգում էլ լիարժեք արդյունավետություն չի եղել: Համակարգը պետք է լինի մշակույթի արդյունք, այլ ոչ թե հակառակը: Այս հարցը միանշանակ պատասխան չունի: Մենք ավելի շատ խնդիր ունենք իրավագիտակցության, քան կառավարման ձևի մակարդակում: Ցավոք, մեզ մոտ քաղաքականությունը խիստ անձնավորված է: Իհարկե, բոլոր երկրներում էլ կա լիդերի գործոն, բայց մեզ մոտ խաղի կանոնների շուրջ անգամ սոցիալ-քաղաքական նորմերը լիարժեք ձևավորված չեն: Ժողովրդի իրավաքաղաքական գիտակցությունը նույնպես բավականին ցածր մակարդակի վրա է, որն էլ էականորեն ազդում է համակարգի գործունեության վրա: Ցանկացած մեկը կարող է օգտագործել այդ բացը և տարբեր ուղղություններով տանել երկրի զարգացումը: Համակարգի վրա շատ մեղք բարդել պետք չի, պետք է հասկանալ՝ մարդիկ, ովքեր աշխատում են այդ համակարգում ինչքանո՞վ են քաղաքական անհրաժեշտ նորմերի կրողներ: Սա է խնդիրը:

-Պարո՛ն Գալստյան, կլինե՞ն նոր բացահայտումներ: Ի վերջո, ժողովուրդը կհասկանա՞, թե ովքեր են մեղավորները:

-Մեծ հույսեր ունեմ, որ նոր բացահայտումներ կլինեն, ի վերջո, շատ հարցերի պատասխաններ պետք է հնչեն, բայց ակնկալիքներ իրականում չկան: Շատ կուզեի, որ մեզ մոտ էլ, ինչպես ժամանակին Իսրայելում եղավ, հանձնաժողով լիներ ու քններ պատերազմի ընթացքում կատարված միջադեպերն ու արդյունքները: Չնայած իրենք հաղթել էին, բայց զոհերի թիվն անթույլատրելի շատ էր, և պետք էր պարզել՝ ինչու է այդպես ստացվել: Սակայն, կարծում եմ, լիարժեք հետաքննություն չի լինի, ինչպես մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի կամ Ապրիլյան պատերազմի դեպքում: Ստեղծվեցին գործերը քննող հանձնաժողովներ, բայց լիարժեք պատասխաններ այդպես էլ չստացանք: Կասկածներն ավելի շատ են, քան պատասխանները: Շատ բան կպարզվեր, որոնք սարսափելի մեծ հետևանքներ կարող են ունենալ, բայց, ցավոք, իրողությունների վրա ձևավորվող ակնկալիքներ չկան:

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ