Վերջին զանգ, ողբերգական վթարներ, «մեր Սարիկ»-ն արդարացնում է Աննա Հակոբյանին. Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:43 23-05-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 23-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր՝ մայիսի 23-ին, հանրակրթական դպրոցներն ավարտում են ուսումնական տարին։ Ավարտական դասարաններում կազմակերպված են «Վերջին դաս» միջոցառումները, որից հետո շրջանավարտները հրաժեշտ կտան իրենց հարազատ կրթօջախներին ու մուտք կգործեն կյանքի մի նոր փուլ: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2024-2025 ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտելու է 39․819 աշակերտ, իսկ 12-րդ դասարանը՝ 21․482 աշակերտ: Շրջանավարտներին այս կապակցությամբ շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Այո՛, դպրոցական կյանքը չի կրկնվում, բայց ձեզ սպասվում է մի ամբողջ կյանք, որը կարող է լինել այնպիսին, ինչպիսին կընտրեք՝ ձեր մասնագիտությամբ և զբաղմունքով, ձեր ընկերներով ու սիրելիներով, դուրեկան ժամանցով ու սիրած աշխատանքով։ Չկա մի բան, որ չեք կարող անել, եթե շատ եք ուզում ու շատ ջանք եք դնում դրա համար։ Համարձակ գնացեք առաջ ձեր երազանքների ու նպատակների հետևից՝ սխալներից սովորելով, երբեք չընկճվելով և աճող կենսունակությամբ։ Դպրոցը նաև դրա մասին է՝ ձեզ կյանքին պատրաստելու ոչ միայն գիտելիքներով, այլև էմոցիոնալ և հոգևոր հասունությամբ։ Լավ սովորեք, որ լավ ապրեք»,- նշել է նա և շրջանավարտներին բարի երթ մաղթել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մայիսի 15-ին վարույթ է հարուցել Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Վարույթը կապված է մայիսի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի հետ. իրավիճակը նիստերի դահլիճում լարվել էր, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ հարցրեցին՝ ինչո՞ւ են անհետևանք մնում իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող և կոռուպցիոն կասկած պարունակող մամուլի հրապարակումները: Սրան ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց՝ մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա «սաղին պտի տանեի ու լցնի ԱԱԾ-ի պադվալը»։ Կառավարության ղեկավարն ընդդիմադիրներին հորդորեց «վեր ընկնել տեղն» ու «չուտել իր ներվերը», Փաշինյանը նաև նրանց «համբալ»-ով դիմեց։ Ընդդիմությունից Փաշինյանի պահվածքն ու խորհրդարանի նիստերի դահլիճում հնչեցրած հայտարարությունները սպառնալիք համարեցին՝ չբացառելով, որ կդիմեն իրավապահներին: Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր տեղեկացրել է, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել, մասնավորապես, «համբալ», «վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունները, «ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը: Պատգամավորը հանձնաժողովից հանրային բաց ու թափանցիկ քննություն է պահանջել։

Մայիսի 21-ին Արցախի Հանրապետթյան Ազգային ժողովը արտահերթ նիստ է անցկացրել, որի արդյունքում ԱԺ նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը: Այս մասին հայտնել է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նշելով, որ մայիսի 21-ին լրացել էր Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը և ըստ Սահմանադրության, մինչև նոր նախագահի ընտրությունները, նրա լիազորությունների կատարումն անցնում է ԱԺ նախագահին: «Մեր գործընկեր Դավիթ Իշխանյանն այս պահին Բաքվի բանտում է: Ելնելով այս ծանր հանգամանքից, հասկանալի է, որ անելանելի իրավիճակ էր ստեղծվել, և հնարավոր չէր այդ գործառույթն իրականացնել: Հետևաբար, խիստ անհրաժեշտություն կար ԱԺ նոր նախագահ ընտրելու: Այս գործընթացը բավականին երկար ժամանակ փորձում էինք կազմակերպել։ Երկար ժամանակ Արցախի ԱԺ-ն, որպես այդպիսին, ելնելով նաև ներքին խնդիրներից, բավականաչափ կենսունակ չէր: Երեկ պատգամավորների նախաձեռնությամբ տեղի ունեցած արտահեթ նիստի ժամանակ ԱԺ նախագահ ընտրվեց Աշոտ Դանիելյանը: 33 պատգամավորներից 28 պատգամավորները ներկա էին բոլոր խմբակցություններից, 4-ը պատգամավոր հարգելի պատճառներով ներկա չէին։ 28 կողմ ձայնով խորհրդարանն ունեցավ նոր նախագահ ի դեմս Աշոտ Դանիելյանի»,- նշել է Մետաքսե Հակոբյանը: Նա նաև տեղեկացրել է, որ Արցախի նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրումներ դեռ չկան։

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի վիրավորական արտահայտություններով գրառումներին և համոզմունք հայտնել, որ Հակոբյանը համարժեք պատասխան է տվել։ «Երբ տղամարդը սկսում է կնոջից խոսել, բամբասել, կնոջ մասին վիրավորական խոսքեր ասել, այստեղ, այո՛, յուրաքանչյուր կին էլ հնարավոր է սկսի նույն կերպ պատասախան տալ։ Պետք է հասկանան, որ կա արժանապատվություն, ինքնասիրություն, կան կարմիր գծեր, որոնք չպետք է անցնեն, և այդ տղամարդկանց էլ հորդորում եմ որևէ պարագայում հայ կնոջը չթիրախավորեն։ Դա հայ տղամարդուն սազական չէ։ Ես որպես ՀՀ քաղաքացի, սիրում և հարգում եմ ցանկացած ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, յուրաքանչյուրս պարտավոր ենք հարգել։ Այդ ամեն ինչը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան»,- նշել է Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը