Ժողովրդին կարելի է խաբել անվերջ։ Երբեմն քաղաքական ղեկավարներին են խաբում, վերջիններս էլ ժողովրդին են խաբում։ Երբեմն ղեկավարներն իրենք իրենց են խաբում, լցվում սին հույսերով, հետո հուսադրում ժողովրդին մի բանում, որը չի լինելու։ Այսինքն՝ խաբում են։
«Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել խորհրդակցություններ, այնպես էլ հիմա ենք պատրաստ: Ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն»,-
«Ազատության» հարցին ի պատասխան՝ մայիսի 9-ին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ակնարկելով, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցով լավ նորությունների են սպասում։
Ի՞նչ հիմքով է լավ նորությունների սպասում ԱԳ նախարարը։
Վաշինգտոնի, Բրյուսելի միջնորդությամբ ստորագրելու հույս չկա։ Ադրբեջանը մերժում է արևմտյան միջնորդությունը, Հայաստանը հրաժարվել է Արևմուտքի միջորդությունից։ Վերջին շրջանում Փաշինյանը լուռ հեռանում է Թրամփի ԱՄՆ-ից, առավել խորացնում Մոսկվայի հետ գործակցությունը։ Չկա այն խիստ հռետորաբանությունը, որը կիրառվում էր 2023-ի վերջում։ Տեսակետ կա, թե համաձայնագիրը կստորագրվի Մոսկվայի միջնոդությամբ, ինչը ձեռնտու է ռուս-թուրք-ադրբեջանցի չբարեկամներին։ Այսպիսով՝ Մոսկվան ու Անկարան կպահպանեն իրենց ազդեցությունը այս տարածաշրջանում։
Տևական ժամանակ ռուսամետ շրջանակներում ասեկոսեներ էին շրջանառվում, թե Մոսկվայում մայիսի 9-ին ստորագրվելու էր Խաղաղության համաձայնագիրը։ Իբր՝ Պուտինը ստիպելու էր Ալիևին, որ վերջինս հրաժարվի նախապայմաններից ու ստորագրի։ Նիկոլ Փաշինյանը կուլ տալով խայծը, համաձայնվեց մեկնել Մոսկվա մայիսի 9-ին, աշխարհի կողմից մերժված երկրի ղեկավարի հետ ժպտալ հայ ժողովրդի ողբերգության վրա, նստել Արցախի զավթման հարցում Բաքվին աջակցած Լուկաշենկոյի կողքին։ Նա սին հույս ուներ, որ Ալիևը կգար, կստորագրեր։ Մեղմ ասած՝ սա մեծ բլեֆ էր։ Փաշինյանին, ինչպես ասում են՝ արարողակարգով խաբեցին։
Լավ նորությունների սպասող ԱԳ նախարարը, հավանաբար, հույս ունի, որ իրենք լրիվ չեն խաբվել։ Մոսկվան դեռ կարող է ստիպել Ալիևին։ Մի առիթ էլ կարող է լինել Նոյեմբերի 9-ին։ Փաշինյանին կարող են հրավիրել Բաքու, մասնակցելու Արցախը զավթելու տարեդարձի առթիվ կազմակերպված տոնակատարություններին։ Եթե նա մայիսի 9-ին մեկնեց ՀՀ-ին դեմ հիբրիդային պատերազմի պատրաստվող Մոսկվա, նստեց Լուկաշեկոյի կողքին, դիտեց, թե ինչպես են հրապարակով անցնում ռուս ու ադրբեջանցի զինվորները, ապա նույն խիզախությամբ էլ կարող է Պուտինի ու Լուկաշենկոյի հետ ժպտալով, նոյեմբերի 9-ին մեկնել Բաքու, հույս ունենալով, որ Ալիևը համաձայնագիրը կստորագրվի։ Եթե այս անգամ էլ կխաբեն, ապա ԱԳ նախարարը կրկին կսպասի լավ նորությունների, կհուսադրվի, որ գուցե դեկտեմբերի վերջին Պուտինի կազմակերպած ամանորյա կորպորատիվի շրջանակում կստորագրվի։ Դրանից հետո ռուս-թուրք չբարեկամները մեկ անգամ էլ Փաշինյանին կկանչեն մարտի 16-ին տոնելու ռուս-թուրքական եղբայրության 104-րդ տարեդարձը։ Եթե այստեղ էլ չկպնի, ռուսները միջնորդավճար կպահանջեն, որը կվճարեն ՔՊ-ական իշխանությունները, սակայն դիմացը ոչինչ չեն ստանա՝ լավ նորությունների սպասելուց բացի։
Այս բոլոր դեպքերում ԱԳ նախարարը կարող է ժողովրդին հուսադրել, թե առաջիկայում լավ նորությունների են սպասում։ Ասեկոսեներով կեղծ պատմություններ կտարածեն, իբր՝ իրական հույս կար, բայց վերջին պահին ինչ-որ բան խանգարեց ու Ալիևը չստորագրեց։
Կարճ ասած՝ լավ նորությունների սպասելու իրական հիմք չկա։ ՔՊ-ական իշխանությունը շարունակելու է սին հուսադրել ժողովրդին։ Չստորագրելու պատճառը Ալիևի առաջ քաշած նախապայմանները կամ քմահաճությունը չէ։ Քանի դեռ ՀՀ-ն բալանսավորման ու տարածաշրջայնացման խաղերի մեջ է, լրջորեն չի վերանայել արտաքին, անվտանգային քաղաքականությունը, Մոսկվան է որոշելու խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղն ու ժամանակը։ Իսկ նրանք չեն շտապում, սպասում են 2026-ին։ Հետևաբար՝ առաջիկայում ստորագրման մասին լավ նորություններ չեն լինելու։
Թաթուլ Մկրտչյան