Չնայած Նիկոլ Փաշինյանն ակտիվ քարոզարշավ է սկսել, ամեն շաբաթվա վերջում այցելում է մարզեր, սակայն օրեցօր ավելի է հեռանում ժողովրդից, քանի որ նրա համար հակաքաղաքակրթական բացառություններ են արվում։
Ուրբաթ` մայիսի 2-ին,
Oragir.News-ը բազմաթիվ ահազանգեր էր ստանում քաղաքացիներից, որ Փաշինյանի՝ Լոռու մարզ այցի պատճառով երթևեկությունը կաթավածահար է եղել։
Oragir.News-ի տեսախցիկը
ֆիքսել է, թե ինչպես է Փաշինյանի ավտոշարասյունը, բազմաթիվ ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ, անցնում Ալավերդի-Վանաձոր դատարկված ավտոճանապարհով: Գուցե այդ ժամանակ հարկատուներից մեկը գնում էր դասի և չկարողացավ հասնել։ Մեկ ուրիշը աշխատանքի էր գնում կամ բժշկի, չհասավ ու տուժեց։ Քանի՞ մարդու առողջությունը վնասվեց վրդովվելու հետևանքով։ Եվ քանի՞ քվե կորցրեց Փաշինյանը։
Օրեր առաջ, Կառավարության նիստում Փաշինյանը հեգնում էր, անթաքույց ծաղրում այն մարդկանց, որոնք ձգտում են օրենքից վեր լինել կամ այն շրջանցել, ինչպես նաև այն մարդկանց, որոնք այդ բացառությունները դրական են գնահատում, հարգանքի արժանի։ Նրա ավտոշարասյունը ցույց է տալիս, որ ինքն իրավացի է։ Այո, կան բացառություններ։ Մարդիկ էլ տեսնելով այդ բացառությունները, կարծելու են, թե օրենքի առաջ ոչ բոլորն են հավասար, ու իրենք էլ ուզելու են բացառություն լինել, վերևից նայել օրենքին ու մարդկանց, իրենց երևակայել բացառիկ տեսակ, այդպիսով՝ այլասերվել ու այլսերել հասարակությունը։
Մարզային այցերը Փաշինյանի բացառիկությունն ընդգծելուց զատ ուղեկցվում են կատարված շինարարական աշխատանքների մասին գրառումներով։ Սակայն հանրության շրջանում մտավախություն կա, որ այս աշխատանքներն անորակ են։ Կասկածները հինազուրկ չեն։ Շատերն են հիշում, որ մարզային նման մի դպրոցի շինարարական աշխատանքներն ընդունելու ժամանակ Փաշինյանը մի շարք թերություններ նկատեց, դիտողություններ արեց նախարարին։ Օրեր առաջ էլ բլոգեր Արթուր Չախոյանը Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի հետ միասին ցույց էին տալիս Նոր Նորքի մի մանկապարտեզում կատարված շինարարարական աշխատանքների թերությունները։ Ուստի՝ ողջամիտ կասկած կա, որ նույն իշխանությունների պարագայում կառուցված կամ նորոգված այլ դպրոցներն ու մանկապարտեզները ևս կարող են նույնպիսի թերություններ ունենալ։ Ու քանի որ դրանց կառուցման, նորոգման նկարների ու տեղեկատվության կողքին բացակայում են որակի վերհսկողության անկախ մարմնի հրապարակային զեկույցները դրանց մասին, ապա ենթադրյալ թերությունների, յուրացումների, մսխումների վերաբերյալ հանրային կասկածներն ավելի են խորանում։
Սա էլ ամենը չէ։ Հայաստանի կառավարությունը շարունակում է փակ պահել Նիկոլ Փաշինյանի, Վահագն Խաչատուրյանի, Ալեն Սիմոնյանի արարողակարգային, տրանսպորտային, կեցության ծախսերը՝ չնայած GRECO-ն՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը, պահանջում է թափանցիկ դարձնել այդ ծախսերը։ Այս մասին տեղեկացնում է
«Ազատությունը»։
Հայաստանում նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի արարողակարգային բնույթի ծախսերը դարձան գաղտնի 2016-ի դեկտեմբերին։ ՔՊ-ական իշխանությունները մինչ այժմ էլ շարունակում են թաքնվել Սերժ Սարգսյանի օրոք ընդունված օրենքի հետևում, առաջացնելով ողջամիտ կասկածներ։ Ինչո՞ւ ՀՀ պաշտոնյաների ծախսերը թափանցիկ են, իսկ այս երեքինը՝ ոչ։ Ինչո՞ւ են բացառություն անում։ Օրինակ՝ հարկատուների միջոցներից ինչքա՞ն ծախսվեց Փաշինյանի՝ Լոռու մարզ կատարած այցի ժամանակ։ Այդ ծախսերն արդարացվա՞ծ են։ Ի՞նչ շահեցին քաղաքացին ու Փաշինյանն այս այցի արդյունքում։ Պարտադի՞ր էր երկար ավտոշարասյամբ շարժվել Լոռի ու ժամանակավորապես փակել ճանապարհը։ Չէր կարելի՞ նույն այցը կազմակերպել 2-3 ավտոմեքենայով։
Կարճ ասած Հայաստանում մի քանի հոգի իրենց վերին արտի ցորեն են երևակայում։ Հակաքաղաքակրթական այսպիսի բացառությունները խորացնում են ՔՊ-ական իշխանությունների հանդեպ անվստահությունը և՛ դրսում, և՛ ներսում։ Եվ անհավատալի է, որ այս երեքն առաջիկա ամիսներին դարձի կգան ու կապրեն՝ ինչպես բոլորը, իրենց բացառություն չեն համարի, օրենքից վեր չեն դասի, գաղտնի ու կասկածելի ծախսերով չեն վրդովվեցնի ժողովորդին։
Թաթուլ Մկրտչյան