Ոչ մի օր՝ առանց Արցախի. Վլադիկ Հակոբյան․ ամեն ինչի մեջ պետք է տեսնենք ոգի՝ ազգային ոգի
copy image url

Ոչ մի օր՝ առանց Արցախի. Վլադիկ Հակոբյան․ ամեն ինչի մեջ պետք է տեսնենք ոգի՝ ազգային ոգի

Ներքին 2 ժամ առաջ - 23:00 29-04-2025
Ծանրակշիռ վաստակի տեր մարդիկ կան, ու դա գաղտնիք չէ, որոնց ոչ միայն կենդանության օրոք, այլև, անգամ, մահվանից հետո հավուր պատշաճի արժանին չի մատուցվել։ Նրանցից մեկն էլ ԼՂՀ երևելի պետական գործիչ Վլադիկ Հակոբյանն է, ով զոհվեց 1999 թվականի ապրիլի 29-ին՝ ավտովթարից։

Ծնվել է 1949 թվականի հունիսի 18-ին՝ Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում։

1973 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարահագրական ֆակուլտետի պատմության բաժինը, որից հետո աշխատանքի է անցել նույն ինստիտուտում, որպես գիտաշխատող՝ զուգահեռաբար կատարելով «Գիտելիք» ընկերության նախագահի պարտականությունները։

1982 թվականին դարձել է գիտությունների թեկնածու, ինչից հետո սկսել է դասախոսել Երևանի պետական համալսարանում, Երևանի պետական գյուղատնտեսական և ուսուցիչների կատարելագործման ինստիտուտներում։
Բնականաբար, նման կարգի մտավորականը չէր կարող ամբողջովին չտրվել Արցախի հարցի լուծման համար սկսված պայքարին (Վլադիկ Հակոբյանը՝ աջից առաջինը․ 20․02․1988)։



Ինչպես նշել է ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ Շարժման սկզբից Վլադիկ Հակոբյանը նրա կիզակետում էր․ 1988-89 թթ եղել է Հայկական ԽՍՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահը։ «Վլադիկ Հակոբյանն Արցախի ճիշտ նկարագիրն էր և այդպիսին մնալու է իմ հիշողության մեջ»,- ասել է ակադեմիկոսը։

Շուտով Վ․ Հակոբյանն ընտանիքով տեղափոխվում է Արցախ։ Սկսում է դասախոսել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։ Իսկ 1992-ի ծանրագույն ժամանակներում Արցախի պետական համալսարան ընդունված որդուն՝ Տարոնին (ներկայումս՝ պատմական գիտությունների թեկնածու, ով հիմա աշխատում է դոկտորական ատենախոսության վրա), ասում է․ «Գնա՝ մեր ձորակը պաշտպանիր»։ Ու տասնվեց տարեկան Տարոնը զինվորագրվում է հայրենիքի պաշտպանությանը՝ ծառայելով Մարտունու ՊՇ 28-րդ գումարտակում, որի հրամանատարը հետագայում Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն էր։

1992-ին ընտրվում է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Երեք տարի՝ մինչև 1995-ի հունվարը, եղել է Արցախի խորհրդարանի քարտուղարը՝ կատարելով հսկայական աշխատանք։



1995-ից հանդիսացել է Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչը։
Մի շարք գրքերի ու բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

Վլադիկ Հակոբյանի՝ հայրենանվեր մտավորականի կերպարն ամբողջացնելու համար շատ կարևոր է, թե ինչ են ասել նրա մասին իր ժամանակակիցները, մարդիկ, ովքեր ծանրակշիռ ավանդ են ունեցել Արցախի համար ամենադժվարին, ճակատագրական օրերին:

ԼՂՀ առաջին գումարման ԳԽ լրատվական ծառայության ղեկավար, ԳԽ նախագահի մամուլի քարտուղար, 2005-2010 թթ ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Դեմո» թերթի և «Անալիտիկոն» ամսագրի հիմնադիր գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանն ասել է․
«Պատմաբան, զտարյուն մտավորական Վլադիկ Հակոբյանի կերպարը ճիշտ կլիներ դիտարկել իր կյանքի ու գործունեության ամենակարևոր ժամանակաշրջանի խորապատկերում՝ հայկական երկրորդ պետականության ձևավորման, նրա առաջին և ամենալուրջ ու ծանր փորձության ժամանակահատվածում՝ 1992-94 թվականներին, երբ մենք համագործակցել ենք, աշխատել միասին։ Ասել, որ դժվար ժամանակներ էին, կնշանակի ոչինչ չասել․ առանց հրետակոծության յուրաքանչյուր օրն Աստծո պարգև էր․ օր կար, որ մենք ուղղակի հենց ԳԽ նիստի ժամանակ ստիպված էինք պատսպարվել սեղանի տակ՝ պաշտպանվելու համար կամ իջել ենք նկուղ, հետո բարձրացել դահլիճ ու շարունակել նիստը։ Իսկ այդ ընթացքում Վլադիկ Հակոբյանը շարունակում էր գրել՝ արձանագրություններ, որոշման նախագծեր, տեղեկանքներ, ելույթներ, այլ փաստաթղթեր․ ու ամենակարևորը՝ գրում էր ընտիր հայերենով։ Գիտելիքների այն պաշարը, որ ուներ նա, ուղղակի ֆանտաստիկ էր։ Ասեմ առանց դույզն ինչ չափազանցելու․ Վլադիկ Հակոբյանն ուղղակի գտածո էր մեզ համար․ ու նույնիսկ չեմ պատկերացնում՝ եթե չլիներ նա այն ժամանակ, ո՞վ կփոխարիներ նրան։

Գրագիտությունից, պատրաստականությունից ոչ պակաս կարևոր էին նրա մարդկային որակները։ Այն ծանր ժամանակներում փաստացի երկիշխանություն էր․ մի կողմից օրինական, ընտրված իշխանությունն էր, որի ներկայացուցիչն էր ինքը, մյուս կողմից փաստացի լծակների տիրապետող կողմն էր։ Ու շատերը երկընտրանքի մեջ էին՝ որ կողմը թեքվել, երկրորդ՝ ուժային կողմի հետ համագործակցելու գայթակղությունը մեծ էր։ Ու շատերը գայթակղվեցին։ Վլադիկ Հակոբյանը մինչև վերջ տեր կանգնեց իր սկզբունքներին։ Չգնաց գործարքի իր խղճի հետ, մինչև վերջ մարդ մնաց, մինչև վերջ տղամարդ մնաց, մնաց մտավորական, ինչի արդյունքում մեծապես տուժեց․ ձերբակալվեց, հայտնվեց բանտում։ Ու շատ ափսոս, որ ինքը չտեսավ արարելու, ստեղծագործելու համար այն բարենպաստ պայմանները, որ հետո պիտի գային, և որոնց մասին նա երազում էր ու որոնց համար իր նպաստն էր բերել․․․»։

Գեորգի Պետրոսյան, 1992-93 թթ․ Արցախի Գերագույն Խորհրդի նախագահի պաշտոնակատար․
«Պայքարի թոհուբոհում գաղափարների բախում կար, կար մեծ իմաստ ու կրակ։ Վլադիկի հոգում եղածն ավելին էր, քան կրակը։ Նրա համար ազատությունը միայն խոսք չէր, այլ նվիրական նպատակ։ Էությամբ նա բանաստեղծ էր, բայց և իր ու իր ժողովրդի նպատակն ու անելիքը խորապես գիտակցող քաղաքական և պետական լուրջ գործիչ։ Ու իր տեսակը, նրա էությունը միշտ ուղեկից են ինձ, այնպես, որ երբ պետք է մի որոշում կայացնեմ, մտքումս ասում եմ ինձ՝ իսկ ինչպե՞ս կվարվեր նա»։



Դավիթ Իշխանյան, ԱՀ ԱԺ վերջին նախագահ․
«Իմ կայնքում տեսած ամենաազնիվ մարդն էր նա։ Իր մեջ մարմնավորում էր մարդու, մտավորականի, մանկավարժի ու պետական գործչի համար անհրաժեշտ բոլոր լավագույն հատկանիշները։ Մեր համալսարանում նա բոլորի սիրելին էր։ Ինքը նվիրյալ էր, և իր օրինակով, իր կենսակերպով դա սերմանում էր երիտասարդների հոգում»։

Վահրամ Բալայան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2015-20 թթ․ Արցախի ԱԺ փոխնախագահ․
«Նա իսկական ու բարեխիղճ գիտնական էր։ Նրա ներդրումն առայսօր տեսանելի է։ Հայագիտությունը, ի դեմս Վլադիկ Հակոբյանի՝ ուներ մի նվիրյալ մշակ, որ շատ օգտակար ու անհրաժեշտ աղբյուրագիտական ու հավաքչական աշխատանք է կատարել։ Նա այն առաջամարտիկներից էր, ովքեր կանգնած էին մեր պետականության ստեղծման հիմքերում։ Միշտ ձգտում էր, որ ամեն ինչ ճիշտ լինի՝ արդարության և օրինականության հիմքերով, անաղարտության էր ձգտում»։

Կյանքի վերջին շրջանում տված մի հարցազրույցում Վլադիկ Հակոբյանն ասել է․
«Մեր պատմության այս վերջին շրջանում հայությունն առաջին անգամ Արցախի միջոցով համախմբվել է։ Արցախյան գոյամարտը եղել է հայության համախմբման գլխավոր գրավականը, ու ես կցանկանայի, որ մենք՝ արցախցիներս, մեր բարեպաշտ կեցվածքով շարունակենք համախմբել Հայաստանը (մենք այսօր նրա մի փոքրիկ մասնիկն ենք) և Սփյուռքը։ Մեր թիվ մեկ խնդիրն Արցախն ազատ պահելն է, դրանով հանդերձ՝ մեր ազգային մյուս հարցերի համար կանաչ ճանապարհ հարթելը»։


Ու ինքն իր էությամբ նվիրում էր, հաճախ էր ասում՝ ամեն ինչի մեջ պետք է տեսնենք ոգի՝ ազգային ոգի։

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Նախորդ ակնարկը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

17:20 Աննա Հակոբյանի օգնականը թիրախավորել է Oragir.News-ի լրագրողին. ահազանգ
14:27 Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած 9-ամյա աղջկան Գյումրիից տեղափոխեցին Երևան. նոր մանրամասներ
12:04 Վիրավորներից 1-ը գիտակցության չգալով՝ մահացել է․ մանրամասներ՝ Գյումրիի խոշոր ու ողբերգական ավտովթարից
10:57 Նադայել արիք, լավ եմ անում՝ խփում եմ․ ավտոբուսի վարորդը հարվածել է թանկացման դեմ բոյկոտող երիտասարդ աղջկան
12:34 Վթարից վնասվածքներ ստացածներից 1-ն անչափահաս է, 1 հոգի էլ մահացել է. նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վթարից
09:08 Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
11:18 49 համարի երթուղայինի վարորդն ազատվել է աշխատանքից
12:40 Դիլիջանի համայնքապետը նորածինների մայրերին ջոկի-ջոկի է արել
11:28 Լա՞վ չէր` քեզ ասեին դավաճան, բայց այս վիճակում չլինեինք, մեկ ա քեզ էլի ասում են դավաճան. Քոչարյանը Փաշինյանին
12:55 Էժան է, բայց չկա. քաղաքացիները Լոպեսի համերգի տոմս չեն կարողանում գնել