Երևան +10°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:22 27-11-2021

Արժանապատիվ միասնականություն՝ համախմբման ոգի ձեռք բերելու համար.օր վեցերորդ. շարունակվում են «Ազատագրում» շարժման ցույցերը

«Զարթոնք» և «5165» կուսակցությունների նախաձեռնած «Ազատագրում» շարժումը արդեն վեցերորդ օրն է շարունակում պայքարը։ Հանրահավաքին ղեկավար կազմը տեղեկացրեց, որ շարունակում են պայքարը դեմարկացիայի ու դելիմիտացիայի հակահայկական ծրագրի դեմ։ Շարժման մասնակիցները օրեր շարունակ պահանջում են հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: Ըստ կազմակերպիչների՝ այս պայքարը հայկական պետականության պահպանման համար է։

«Միանում ենք քաղաքական ուժերին ու բոլորով գանք այստեղ․ հոգևոր առաջնորդները ևս մեզ պետք է միանան»,- այսպես սկսեց իր բացման խոսքը Կարին Տոնոյանը։ «Այսօր մենք պարտականություն ունենք զոհվածների երեխաների առջև, ասելու, որ Արցախը կա,իսկ դու, Նիկո՛լ, դու մեզ համարձակություն չես թողել նայելու մեր թոռների աչքերում, պատասխա՛ն ես տալու»։

Հանրահավաքին անդրադարձ կատարվեց նաև երեկվա եռակողմ հանդիպմանը։ «Ցանկացած մանկավարժ գիտի իր ժեստերից, որ կարծես դասը չսովորած երեխա լիներ, մենք սա ո՞նց ենք թույլ տվել, ժողովո՛ւրդ. փաստորեն մեզ համար բացեցին վարագույր ու ցույց տվեցին փափուկ բարձ՝ թաքցնելով բոլոր ռումբերը։ Նա առանց ձայնի զիջել է Արցախը, ժողովու՛րդ։ Արցախը իմ որդուն է պատկանում։ Մտքովդ չանցնի՛, որ Արցախը հանձնելու ես։ Նրան վռնդելու միակ ճանապարհը համախմբումն է, այդ իսկ պատճառով մենք տարբեր քաղաքական ուժերի հետ սկսում ենք բանակցությունների շարք»,-եզրափակեց Կարին Տոնոյանը։

Հաջորդ ելույթ ունեցողը նույնպես անդրադարձավ միավորվելու խնդրին։ «Կփորձենք համախմբման ոգի ձեռք բերել»,- ասաց Արա Զոհրաբյանը, ով նշեց, որ եթե մենք խուսափում ենք պատերազմից նվաստացման գնով, ապա ստանալու ենք և՛ նվաստացում, և՛ պատերազմ, այդ իսկ պատճառով պետք է ընտրենք արժանապատիվ պայքարի ձևը։ «Մենք ասում ենք, որ թուրքին տալու հող չունենք, բայց սա հայրենիք է, սա սեփականություն չէ, դա զգացմունքային կապ է, որին պարտավոր ես աստվածային պատգամով պաշտպանել։ Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականը։ Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին համախմբվել, միայն համախմբմամբ կկարողանանք այս մարդկանց հարցը լուծել»,- եզրափակեց նա։

Սոչիում ստորագրված փաստաթղթի մասին խոսեց շարժման կազմակերպիչներից Մենուա Սողոմոնյանը, ով ներկայացրեց սահմանագծման աշխատանքները համակարգող հանձնաժողովի խնդիրը՝ մասնավորապես նշելով, որ չի ուզում նորից այդ փաստաթղթերին անդրադառնալ, քանի որ իբրև թե Նիկոլ Փաշինյանի համակիրները դեռ շարունակում են պնդել, որ միջանցքի մասին բացարձակ խոսք չկա։ «Ձևավորվում է երկկողմ հանձնաժողով՝ ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնությամբ , իսկ ՌԴ-ն, փաստորեն, որպես խորհրդակցող կողմ է հանդիսանում։ Պուտինն ասաց, որ մինչև տարեվերջ կստեղծվեն սահմանագծման և սահմանազատման մեխանիզմերը, իսկ սկզբունքների մասին դեռ լռում են։ Մենք դրա բացահայտումն ենք պահանջում, որը շարունակում է գաղտնի մնալ»,- եզրափակեց նա։

Վազգեն Պետրոսյանն ասաց, որ ցանկություն չունի ֆիդայի լինելու, որովհետև ֆիդային կռիվ է տալիս այն ժամանակ, երբ հուսահատված է, իսկ ինքը հուսահատված չէ։ «Մեր ազգը ծերացել է, բայց իր հույսը չի կորել, ողնաշարը վերականգնվելու է երիտասարդների բազուկներով ու մտավորականների մտքերով։ Ցանկացած փաստաթուղթ պետք է վերանայենք, ու ՀՀ-ից մինչև սփյուռք միավորվենք, մենք հասկանում ենք, որ գալու է փոխվստահության ժամանակը, և ձեռք ձեռքի տալով դառնալու ենք ամուր պատնեշ թշնամու դեմ»։

Հրայր Ուլուբաբյանը, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, մեզ հետ զրույցում ասաց, որ որևէ դաշինք, որևէ կուսակցություն չի պատկերացնում, որ կարող է փրկել ստեղծված իրավիճակից. «Պետք է համախմբվենք, ամեն ինչ աչքիս առաջ է, մեր վիճակը կշարունակվի մնալ քաոսային այնքան ժամանակ, քանի դեռ չենք համախմբվել»-եզրափակեց նա։

Հանրահավաքից հետո իրականացվեց քայլերթ։

Իսկ վաղը լինելու է խորհրդանշական օր․ ըստ հանրահավաքի կազմակերպիչների մեկի՝ Նաիրի Հոխիկյանի՝ պայքարը թևակոխում է երկրորդ փուլ, քանի որ վաղը՝ ժամը 12:00-ից, հավաքվելու են Հանրապետության հրապարակում՝ սկսելու ուխտագնացություն դեպի Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մայր տաճար։

Քնարիկ Պետրոսյան