Ապրիլի 17-ին Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Վարչապետ Դեյվիդ Իբիի և Էներգիայի նախարար, հայ համայնքի վաղեմի բարեկամ Ադրիան Դիքսի նախաձեռնությամբ նահանգային Պառլամենտում կազմակեպվել էր ընդունելություն`ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ցեղասպանութան 110-րդ տարելիցի միջոցառումը բացեց Նախարար Դիքսը. քաջատեղյակ լինելով Հայոց Ցեղասպանության մանրամասներին, Համիդյան ջարդերից մինչև Պոլսում հայ մտավորականների ձերբակալություններ և սպանություններ, նախարար Դիքսը խոսեց Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման կարևորության մասին: Նա հիշեցրեց, որ 2006թ. Բրիտանական Կոլումբիայի նահանգը պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ հանցագործություն, իսկ Կառավարությունը Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի օր: Դիքսը նշեց, որ ցեղասպանությունը հանցագործություն է, բայց ոչ պակաս հանցագործություն է այն ժխտելը:
Վարչապետ Իբին նույնպես խոսեց ժխտողականության վտանգների մասին, նշելով, որ հայ ժողովրդի տառապանքների և պայքարի ուղին շատ ուսանելի է Կանդայի և այլ երկրների համար:
Ընդիմադիր պահպանողական խմբակցության անունից խոսեց Ստիվ Կունին, նա Թուրքիայի կառավարությանը մեղադրեց հայերի համակարգված բնաջնջման ոճիրի մեջ, և կոչ արեց երբեք չմոռանալ այս իրողությունը, կանգնել հայ ժողովրդի կողքին: Պատգամավոր Ջերեմի Վալերիոտը, Կանաչների կուսակցության ղեկավարը, կիսվեց հայ ժողովրդի անկոտրում կամքի և վերածննդի մասին իր տպավորություններով, և «այլևս երբեք» կարգախոսի շուրջ համերաշխության կոչ արեց:
Համայնքի երիտասարդական կազմակերպությունների և Կանադայի Հայ Դատի Հանձնախմբի անունից խոսեց Վանեսա Հակոբյանը, ով հնչեցրեց կոչեր՝ ուղղված Կանադայի կառավարությանը հայ գերիների անհապաղ վերադարձի և արցախահայերի իրավունքների պաշտպանության համար, անթույլատրելի համարելով ցեղասպանություն իրականացնող և ժխտող վարչախմբերի հետ որևէ գործակցություն:
Ելույթի խոսքով հանդես եկավ նաև Սայմոն Ֆրեյզեր Համալսարանի դասախոս, բժիշկ Դր. Քեյթ Թաիրյանը, ով ընգծեց Թուրքիայի ժխտողականության և անպատժելիության հետևանքները, հատկապես շեշտադրելով Ադրբեջանի ցեղասպան ռեժիմին Թուրքիայի ցուցաբերած լիակատար աջակցությունը` Արցախի հայության դեմ իր գործած ոճիրներում, այն անվանելով միջազգային հանրության աչքի առաջ մեր օրերում շարունակվող ցեղասպանություն: Բանախոսը նշեց, որ անկախ այն փաստից, թե Թուրքիայի և Ադրբեջանի թելադրանքով ինչպիսի միակողմանի զիջումներ են պարտադրվում Հայաստանի այսօրվա կառավարությանը, Կանադան պարտավոր է առաջ մղել և պաշտպանել արդարության վերականգնման և Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի իրավունքի օրակարգը, ինչպես նաև բարձրաձայնել Բաքվի շինծու դատավարության և գերիների անհապաղ վերադարձի մասին:
Վանկուվերի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու վանահայր Հայր Վարդան Թաշչյանը կատարեց Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից` տաղանդաշատ Լորիկ Կուլահյանի նվագակցությամբ, իսկ մշակութային մասն ավարտվեց Կոմիտասի Կռունկ-ով`Հայաստանից ժամանած Մանուշ Հարությունյանի հոգեթով կատարմամբ:
Ներկա գտնվեցին 20-ից ավելի պառլամենտականներ, նախարարներ և լրատվամիջոցներ:
Իրենց ելույթներում բոլոր պառլամենտականները երախտագիտություն հայտնեցին հայ համայնքին, ովքեր լինելով ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ, ցուցաբերել են տոկունություն, վառ պահել իրենց նախնիների հիշատակը, և անգնահատելի ներդրում ունեն Կանադայի բիզնես, ակադեմիական, մշակութային և հանրային ոլորտներում:
Նահանգային Պառլամենտի դիմաց Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո վեր բարձրացվեց հայկական եռագույնը, իսկ երիտասարդները պարզեցին Արցախի դրոշներ և Բաքվում անօրինաբար պահվող հայ պատանդներ լուսանկարներ:
Այս ամենը հնարավոր դարձավ Կանադայի Հայ Դատի Արևմտյան գրասենյակի և հայ համայնքի ակտիվ գործիչների ջանքերի շնորհիվ, ովքեր անսասան կանգնած են եղել Հայաստանի և Արցախի կողքին և պատրաստակամ են այսուհետ ևս ջանք չխնայել հայ ժողովրդի հավաքական ազգային նպատակների իրագործման համար:
Ֆոտոշարք