Արտաքին 1 տարի առաջ - 19:38 17-04-2025

Եվրոպան չի կարող լուռ մնալ Ադրբեջանում հայ պատանդների նկատմամբ իրականացվող դատական սկանդալի հանդեպ

Ֆրանսիական FIGARO պարբերականը հրապարակել է ֆրանսիացի հայտնի փաստաբանների, փաստաբանական պալատների նախագահների, իրավապաշտպանների բավականին կոշտ հայտարարությունը, որում կոչ է արվում անպատիժ չթողնել Ադրբեջանին՝ մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների համար: Այն նախաձեռնել է Մոնպելիեի փաստաբանների պալատը:

Ստորև թարգմանաբար ներկայացվում է կոչ-նամակի բովանդակությունը որոշ կրճատումներով.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի ստորագրումից 75 տարի անց, Եվրոպան առերեսվում է անընդունելի խախտումների հետ, որոնք չեն կարող անպատասխան մնալ: Ադրբեջանում հայ պատանդների դատավարությունը պետական անարդարության ամենաբացահայտ դրսևորումներից մեկն է:

Այս դատավարությունը, որը միջազգային լրատվամիջոցներն ու Եվրախորհրդարանը՝ 2025 թ. մարտի 13-ի բանաձևով որակել է որպես ձևական, ոտնահարում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները և ցույց է տալիս ադրբեջանական ռեժիմի կողմից հայերի նկատմամբ կիրառվող համակարգված ճնշումը: Ադրբեջանը, որը 2002 թվականից Կոնվենցիայի կողմ է, բացահայտորեն ծաղրում է իր պարտավորությունները, պարբերաբար մերժում է Եվրոպական դատարանի որոշումները՝ հրաժարվելով կատարել որոշումներ, որոնք դատապարտում են հայերի նկատմամբ խտրականության և խոշտանգումների գործողությունները: Այս ինստիտուցիոնալացված բռնապետությունը հասնում է իր գագաթնակետին 23 հայ պատանդների անարդար դատավարությամբ, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ և կամայականորեն ձերբակալված քաղաքացիական անձինք:

Այս մարդիկ, որոնք գերեվարվել են էթնիկ զտման համատեքստում, ենթարկվում են անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի: Բազմաթիվ փաստեր կան, որոնք վկայում են այն տառապանքների մասին, որ նրանք կրում են, հատկապես Ռուբեն Վարդանյանը, որի լուսանկարներում ակնհայտ բռնության հետքեր են նկատվում: Նրան շուրջ 45 կեղծ մեղադրանք է առաջադրված: Նա կարողացել էր ընտանքի միջոցով ուղերձ փոխանցել՝ նշելով, որ «ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին: Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է»:

Այս խոսքերը հնչում են որպես տագնապի ազդանշան դատական համակարգի դեմ, որը վերածվել է հայերի ճնշման և համակարգված նվաստացման գործիքի: Այս դատավարությունը բացահայտորեն խախտում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որը երաշխավորում է արդար և հրապարակային դատաքննության իրավունքը՝ անկախ և անաչառ դատարանի առջև:

Այս խախտումների դեմ կոշտ արձագանքի բացակայությունը սպառնում է մարդու իրավունքների Եվրոպայի հիմքերին: Սրանով վտանգավոր նախադեպ է ստեղծվում: Չի կարելի հանդուրժել, որ Խորհրդի անդամ պետությունը գործի ապօրինի, առանց պատժի կամ հետևանքի:

Ֆրանսիական և եվրոպական փաստաբանական պալատները պետք է պահանջեն դիտորդների ներկայություն այս պատանդների դատավարության ժամանակ: Եթե եվրոպական փաստաբանները խիզախություն ունեն ներկա գտնվելու լրագրողների և այլախոհների դատավարություններին Թուրքիայում, Թունիսում կամ այլուր, ինչո՞ւ Ադրբեջանը պետք է խուսափի դրանից: Արդյո՞ք այն այնպիսի գերագույն բռնապետություն է, որի առջև մարդու իրավունքների պաշտպանները նահանջում են: Եվրոպան չի կարող լուռ մնալ այս դատական սկանդալի նկատմամբ: Եվրոպական կառույցները, անդամ պետությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը պետք է մոբիլիզացվեն՝ այս արդարադատության ծաղրին վերջ տալու համար: Եվրոպայի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի վստահելիությունը այսօր փորձության է ենթարկվում:

Ժամանակն է գործել, որպեսզի անպատժելիությունը երբեք չդառնա նորմ»:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի