Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:58 17-04-2025

Այսօր Հայաստանում հեղափոխություն է սկսվել, որը նույնքան կարևոր է, որքան 2018-ին. Փաշինյան

Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, և այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով: Այդ մասին ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ-հոգեբանական հեղափոխություն: Այդ հեղափոխության արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչված մեր պետությունը և մեր հայրենիքը նույնական են, մեր հայրենիքը Հայաստանն է: Պետությունը, որում ապրում ենք, նույնպես Հայաստանն է:

Ընդդիմությունն այդպես էլ չի ընդունում սա, չի հասկանում, թե ինչ է նշանակում «հայրենիքը պետությունն է» կարգախոսը, և ինչ բացատրություն ունի, իսկ բացատրությունն այն է, որ վերջին առնվազն 6 դարում մենք ապրել ենք մի իրավիճակում, երբ մեր հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը՝ Պարսկաստանը, հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը՝ Օսմանյան կայսրությունը, հայրենիքը՝ Հայաստանը, իսկ պետությունը՝ Ռուսական կայսրությունը, հայրենիքը՝ Հայաստանը, իսկ պետությունը՝ Խորհրդային Միությունը: Եվ ինչպես պարզ թվարկումը ցույց է տալիս, պետությունը հիմնականում ատելի է եղել մեզ համար, իսկ հայրենիքը՝ խեղճ ու կրակ, ու այս սոցիալ-հոգեբանությունը մեզ համար դարձել է ձեռբերովի ռեֆլեքս, ատելություն պետության և նրա ատրիբուտների ու կառուցակարգերի նկատմամբ, հուսահատ և անկանոն սեր՝ հայրենիքի նկատմամբ: Սա է պատճառը, որ ընդդիմությունը հուսահատ աղաղակում է՝ ժողովո՛ւրդ, հասե՛ք, սրանք բյուջե են լցնում, որովհետև բյուջեն և հարկը պետության ատրիբուտ են, և հետևաբար, ենթագիտակցորեն կամ ձեռբերովի ռեֆլեքսի համաձայն՝ ատելի։

Նրանք չեն ուզում, որ այստեղ պետություն լինի: Նրանք ուզում են, որ այստեղ լինի հայրենիք, որովհետև հայրենիքը պետական սահման չունի, իսկ պետությունը ունի: Հայրենիքը քրեական և քաղաքացիական օրենսգիրք չունի, իսկ պետությունը ունի: Հայրենիքն, ի վերջո, հարկային օրենսգիրք չունի, իսկ պետությունը ունի։ Հայրենիքը քաղաքացիություն ու քաղաքացիական պատասխանատվություն չունի, իսկ պետությունը ունի։

Եվ այսօր ոչ թե մեր կառավարության, այլ պետության նկատմամբ ռելիկտային ատելությունն է դրսևորվում ընդդիմության խոսույթում, որովհետև իրական Հայաստանի հեղափոխությունն ասում է՝ սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունը։ Ոմանց համար սա ատելի կարգախոս է, որովհետև կենացային հայրենասիրությունը գործնական և ամենօրյա հայրենասիրության փոխարինելու հրամայականի առաջ եք կանգնեցնում բոլորիս, որովհետև մեզ դուրս է դնում Սան Ստեֆանոների և Բեռլինների կոնֆերանսներում թղթե շերեփով դռների տակ կուչ եկած ուրիշների կողմից մեր ճակատագրի որոշմանը սպասողի կարգավիճակից, ու մեզ պարտադրում է սեփական կարգավիճակը որոշողի բարդ, դժվար, երբեմն աներևակայելի, բայց հայրենիք պետությունը, նրա հարատևությունը, նրա քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը որպես նպատակակետ ունեցող որոշումներ»,- հայտարարեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ 2018 թվականից մեր բոլոր ռազմավարական որոշումները եղել են այդպիսին, և այո, դրա շնորհիվ այսօր մենք պետություն ունենալու այնպիսի շանս ունենք, որ չենք ունեցել երբեք, չենք ունեցել երբեք. « Ի՞նչ է պետք անել անել, ուրեմն, այդ շանսը օգտագործելու համար։ Նախ պետք է հաղթահարել պետության նկատմամբ այդ ռելիկտային, մնացորդային ատելությունը, որ ձեռքբերովի ռեֆլեքսի նման ուղեկցում և առաջնորդում է մեզ։ Եվ սրան զուգահեռ պետք է ամեն ինչին նայել պետական շահի տեսակետից, ընդունելով և ճանաչելով այդ շահի գերակայությունը։

Իսկ պետական շահը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, տնտեսական զարգացումն է, որովհետև միայն տնտեսական զարգացմամբ է հնարավոր իրագործել այն հայեցակարգը, որ պետությունը քաղաքացու բարեկեցության գործիք է, այն ըմբռնմամբ, որ բարեկեցության մեջ մտնում են կենցաղային ապահովությունը, առողջությունը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը։

Միայն տնտեսական զարգացման միջոցով է հնարավոր ապահովել կենցաղային ապահովություն, առողջություն, ազատություն, արդարություն, անվտանգություն, իսկ տնտեսական զարգացման համար հարկավոր է խաղաղություն և օրինականություն, իսկ այս ամենը ապահովելու համար հարկավոր է կրթություն և աշխատանք, աշխատանք և կրթություն։ Սա է ողջ բանաձևը»,- ընդգծեց նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան