«Կոմերիտական հարսանիքը» Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտին կից գործում էր հանրակացարանը (որտեղ 80-ականների վերջից Սումգայիթից, Կիրովաբադից, Բաքվից ու Ադրբեջանի այլ վայրերից գաղթած հայ ընտանիքներ էին ապրում և որի վրա պատերազմի ժամանակ ավիառումբ ընկավ, իսկ ուսանողներն արդեն ապրում էին 1989-ից շահագործման հանձնված նոր մասնաշենքում, որը գտնվում էր անմիջապես հարևանությամբ՝ ավելի ներքև՝ ավարտելով և՛ Տիմիրյազևի փողոցը, և՛ ինստիտուտի համալիրը), որտեղ հայ ուսանողների հետ ապրում էին նաև ադրբեջանցիներ՝ զգալիորեն ավելի քիչ քանակով և, կարելի է ասել, միմյանց հետ շփում գրեթե չկար։ Կոնֆլիկտներ՝ նույնպես։ Ու եթե հեռավոր կերպով շփում հիշեցնող ինչ-որ առնչություն լիներ, ապա միայն նրանց տղաներին հայհոյանքով տեղը դնելը կամ շաբաթօրյակներին միասին մասնակցելն էր լինում։ Բայց ասեմ, որ առաջինը խիստ հազվադեպ կարող էր պատահել։ Ի դեպ, այս լուսանկարը հենց այդպիսի մի շաբաթօրյակից է․ կողքիս ադրբեջանական լեզու-գրականություն ֆակուլտետի դասախոս Ինգլաբ մուալիմն է, ետևի շարքում՝ հետագայում ԱրՊՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սարգսյանը։

Առաջին հարկում փոքրիկ բուֆետն էր, որտեղ մթերքների ընտրությունը լայն չէր, երբեք պատրաստված կերակուրներ չէին լինում, Ֆենյա մորաքույրն ուսանողներին երշիկ, խաշած ձու, պեչենի, կակաո ու թեյ էր մատուցում, որոնք նրանք վայելում էին հենց դիմացի՝ հանրակացարանային սենյակներից մեկում, որ հատկացված էր որպես ճաշարան (աղջիկները գնումներ էին կատարում, բայց ճաշարանից երբեք չէին օգտվում) առավելագույնը՝ 20 քառակուսի մետր տարածքով։ Հինգ հարկանի հանրակացարանի այսպիսի սենյակներում տղաներն ու աղջիկներն ապրում էին չորս հոգով։ Չորս մետաղյա անկողին, չորս աթոռ, սեղան և մեկ ընդհանուր պահարան։
Ինստիտուտի տարածքում կար ճաշարան՝ քիչ թե շատ տանելի, բայց և շատ մատչելի ճաշացանկով, որից, նույնպես, աղջիկները երբեք չէին օգտվում, նրանք կերակուրները պատրաստում էին հանրակացարանի՝ էլեկտրական սալօջախներ ունեցող խոհանոցներում, որ կային երկրորդից-հինգերորդ հարկերում։ Գրադարան-ընթերցասրահը երրորդ հարկում էր՝ մոտ 40 քմ․ տարածքով։ Երկրորդ և չորրորդ հարկերում էլ հեռուստացույցի սենյակն էր, որտեղ ուսանողները կինոֆիլմեր էին դիտում ու լուրեր լսում՝ զարմանալիորեն համաձայնության գալով ալիքների ընտրության հարցում (չնայած և՝ դրանք սակավաթիվ էին)։ Ադրբեջանցի ուսանողները բացառիկ դեպքերում էին մտնում այդ սենյակներ, երբ կարճ ժամանակով մերոնք ազատ էին թողնում դրանք։
Հանրակացարանային սենյակները երկու կողմերից էլ պատշգամբներ ունեին։ Ետևի կողմում խաղադաշտն էր, որտեղ ուսանողները ֆուտբոլ և հանդբոլ էին խաղում։ Պատահել է, որ նրանց առաջարկել են իրենց հետ խաղալ մարզական հագուստով դաշտ եկած տղաներ, ու շատ շուտով խաղը դադարել է, երբ արդեն հաշիվն էր, ասենք, 0-6, ու տղաները հասկացել էին, որ նրանց մրցակիցներն այն տղաներն են, որոնց նրանք երկու շաբաթը մեկ տեսնում էին Ստեփանակերտի՝ Ստեփան Շահումյանի անվան ստադիոնում ու երկրպագում, միայն թե դեմքով չէին ճանաչում։
Այդպիսի մի դեպքի ականատես եղա 1987-ին։ Հանրակացարան՝ իրենց ընկերների մոտ էին եկել Ստեփանակերտի «Ղարաբաղ»-ի ֆուտբոլիստներ Վարուժան Բաբայանը, Գրիգորի Առաքելյանը, Մարտինը և էլի մեկը, ում հիմա չեմ մտաբերում։ Ինչ ասեմ՝ դա օպերա էր, ինչպես կասեր դասականը, ու տղաները սովորական հագուստներով ու կոշիկներով էին, Գրիգոր Առաքելյանը՝ կոստյումով՝ չորսով՝ հինգի դեմ։
Իհարկե, խաղը շուտ դադարեց, բայց և այդ կարճ ժամանակամիջոցում սկսել էինք հիացմունքից ծիծաղել․ կաշվե գնդակի վարպետները տեղաշարժվում էին ալարկոտ ու ծուլորեն՝ դա կոմպենսացնելով վիրտուոզ տեխնիկայով․ Վարուժանը, դա շատերն էին տեսել՝ ոտքերի արանքից գնդակը բարձրացնում էր վեր, իջեցնում վզին՝ ետևից, նորից տանում գլխի վրա, հետո փոխանցում խաղընկերոջը։ Գրիգորն էլ, ոչ այս, ոչ այն, միանգամից գոլ էր խփում ամենաանհարմար դիրքից։ Նրանց մրցակիցներն էլ էին անսահման հիացած․․․
(հայտնի ֆուտբոլիստ Գրիգոր Առաքելյանը՝ ձախից) Հանրակացարանի առաջին հարկում բուժկետն էր՝ հենց պահակակետի հարևանությամբ, որի արտաքին կողմից, պատին, կար ավտոմատ-հեռախոս, որից զանգահարելու համար 2 կոպեկանոց մետաղադրամ պիտի մտցնեիր։
Պահակակետում պարետ Սաշա ձյաձյան էր, ով նախկին միլիցիոներ էր, և օրվա մեծ մասը ստիպված էր անցկացնել հանրակացարան մտնել ցանկացող երիտասարդների թախանձագին խնդրանքները մերժելով։ Նրանցից ոմանց, ովքեր իրեն պարկեշտ տղաներ էին թվացել, նա թույլատրում էր բարձրանալ ընկերների մոտ։
Ու նա չէր սխալվում՝ պատահարներ, տհաճություններ, կռիվներ ու գողություններ այստեղ, սովորաբար, չէին լինում, և այցելողներն էլ, չնչին բացառություններով, պարզապես իրենց ընկերների մոտ էին գնում (շատ հազվագյուտ կարող էր պատահել, որ ետին մտքերով այստեղ գար որևէ դուրսպրծուկ, ինչպես եղավ Ստեփանակերտի հազվագյուտ ադրբեջանցի իրեն երևակայողներից Տախիրի դեպքում, ում քիթումռութը ջարդեցին հանրակացարանաբնակ սովորական արցախցի տղաները)։
1983 թվականի օրերից մեկի երեկոյան Սաշան զարմացած տեսնում է, որ վերևի հարկերից մի յոթ-ութ հոգի են իջնում ու հարգալից ասում․ «Պարի քիշեր»։

Խեղճ Սաշան «քաշկավ ա ինգյում»՝ խիստ տարակուսում է՝ ինքը սրանց բաց չի թողել, ո՞նց են հայտնվել հանրակացարանում։ Նույնը կրկնվում է նաև հետագա ամիսներին՝ էլի մի քանի անգամ։ Իսկ բանը նրանումն էր, որ ինստիտուտի աստղով, աշխույժ ու հնարամիտ տղաներից մեկը բանալու կրկնօրինակը պատրաստելու հնարավորություն էր ունեցել և պարզապես անհրաժեշտ պահին բացում էր հակառակ՝ խաղադաշտի կողմի վրա բացվող դուռը՝ հենց վերևի հարկեր տանող աստիճանների դիմաց․․․
Սովորաբար, արցախցի ուսանողները շաբաթ-կիրակի տուն էին գնում, իսկ Հայաստանի այլ վայրերից՝ Գորիսից, Կապանից, Սիսիանից, Երևանից, Աբովյանից, Կրովականից ու Իջևանից (այստեղից համեմատաբար ավելի շատ էին) ուսանելու եկած ուսանողները գնում էին բաղնիք (որ Ստեփանակերտում երկուսն էին՝ մեկը՝ արտգործնախարարության շենքի հարևանությամբ՝ հենց Ազատամարտիկների (այն ժամանակ՝ Կիրովի) փողոցի վրա, մյուսն այն շենքում, որտեղ տարիներ անց կտեղակայվի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանը), հետո՝ փոստ՝ տնեցիներին զանգելու։
Փոստերից մեկը գտնվում էր Ազատամարտիկների վրա՝ արտգործնախարարության դիմաց՝ մի քիչ ներքև՝ գաստրոնոմ խանութի հարևանությամբ, մյուսը՝ Վազգեն Սարգսյան (այն ժամանակ՝ Լենինի) փողոցի վերևում՝ «Սամուել» սուպերմարկետի տարածքի հարևանությամբ։ Հետո էլ, սովորաբար, գնում էին կինոթատրոն․ դրանք ևս երկուսն էին՝ մեկը «Ռոսսիա»-ն, որ գտնվում էր շուկայից մի քիչ վերև, մյուսը՝ «Օկտյաբր»-ը, որ տեղակայված էր «Քիրս» ճաշարանի դիմաց՝ կառավարության շենքից մի երկու հարյուր մետր վերև։ Այս կինոթատրոնի շենքն իննսունականների վերջին քանդվել է։
Հանրակացարանի առաջին հարկում ապրում էր պատմության ֆակուլտետի դասախոսներից մեկը։ Միայնակ էր ապրում, որքան գիտեմ, ընտանիք չուներ։ Հաղթանդամ տղամարդ էր՝ ծայր աստիճան ժլատ։ Ահագին աշխատավարձ էր ստանում, բայց միշտ ճաշում էր ուսանողական ճաշարանում, ապրում էր օրական մինչև մեկ ռուբլի ծախսելով, ընթրիքի համար էլ, հաճախ, ճաշարանից հետը վերցնում էր մի շիշ մածուն և մի տուփ պեչենի։ Մի խոսքով, անհավատալիորեն ժլատ էր, բայց և՝ միամիտ։
Ուրեմն, սա, արդեն տարիքն առած մի մարդ (հաստատ վաթսունն անց էր), մինչև ականջները սիրահարվում է 1981-85 թթ․ պատմական ֆակուլտետի՝ կիրովաբադցի մի աղջկա։ Այդ կուրսի չարաճճի տղաները որոշում են սրա գլխին խաղ խաղալ։ Աղջկանը, ով, բարեբախտաբար, հումորից զուրկ չէր ու աշխույժ խառնվածք ուներ, համոզում են «կոմերիտական հարսանիքի» մտքին։
«Փեսացուին» ասում են, որ անհոգ մնա՝ համոզել ենք, բայց, միայն թե, հարսանիքը պիտի «Ղարաբաղ» ռեստորանում լինի։ Բանկում անհաշիվ քանակությամբ փող ունեցող «փեսացուն» ուրախությամբ համաձայնում է, և 1985 թվականի մարտյան օրերից մեկում պատմության ֆակուլտետի ողջ այդ կուրսը հրավիրվում է «Ղարաբաղ» ռեստորան՝ հարսանիքի։
«Փեսացուն» առաջին անգամ հագնում է վաղուց գնված կոստյումն ու սպիտակ վերնաշապիկը, անգամ տաքսիներ պատվիրում համակուրսեցիների համար ու ժամանում հարսանիքի վայր։ Տղաները նախապատրաստել էին ռեստորանի տնօրինությանը։ «Բա ԶԱԳՍ-ի հարցերը ո՞նց ենք անելու»,- հարցրել է փեսացուն։ «Հետո, հետո, կարևորը հարսանիքն ա, հարսանիքն անենք՝ հետո հեշտ ա»,-ասել են տղաները։

Ու սկսվում է քեֆ-ուրախությունը, որ քիչ անց փոխակերպվում է անզուսպ խրախճանքի․ երգ ու կրակոտ պար, երկու ծաղիկների պատվին հնչող՝ մի կերպ զսպվող հռհռոցով ուղեկցվող կենացներ։ Քիչ անց տղաները սկսում են մատուցողների միջոցով կոնյակներ ու օղիներ ուղարկել հարևան սեղանների շուրջ բազմած ստեփանակերտցի հարգելի քյառթուներին։
Վերջը, «փեսացուն» վճարում է ամբողջ 500 ռուբլի, ինչն այն տարիների համար շատ մեծ գումար էր (լուսանկարում՝ «փեսացուն» պարում է այն նույն կուրսի ուսանողների հետ՝ խաղողաքաղում)։
Կարեն Միրզոյան
Շարունակելի
Ակնարկի 1-ին մասը՝ այստեղ: