Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:40 04-04-2025

Ոչ մի օր՝ առանց Արցախի․ Արցախի հազարամյա գյուղերը․ Դահրավ (9-րդ մաս)

Տեղանուններն ու ավանդությունները

«Քըշմրոր»



Դահրավից վերև, գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում «Քըշմրոր» կոչվող անտառը (ասում են, որ այսպես է ստուգաբանվում. քաջքերը-քաշկերը մոլորվում են, այնքան մութ է անտառում):

Այն այնքան խիտ է, որ նույնիսկ ամռան տապին այնտեղ մութ է և հով: Շատ են հաճարենիները, բոխիներն ու վայրի տանձենիները, որոնցից թափվող պտուղներից աշնանն օդում տարածվում է տանձի անուշաբույր հոտը: Շատ է նաև իր քաղցրությամբ հայտնի արջամոշը: Անտառի բացատում կան երկու մեծ ու հին տանձենիներ, որոնք դահրավցիների կողմից համարվում են սուրբ ծառեր, որոնց ճյուղերից միշտ կախված են լինում զոհաբերված գառների մորթիներ:

Այստեղ նաև պատմական մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել. անտառում արցախցի քաջերը դարանակալել են թշնամուն, ջարդել նրան:

«Ծակ քար»

Հանդամասը գտնվում է Քըշմրորի հարևանությամբ: Կան բազմաթիվ խնձորենիներ, տանձենիներ, շլորի և զկեռի ծառեր: Բուրումնավետ ու երփներանգ ծաղիկների բույրը տարածվում է շրջապատում:

Սովորաբար, այստեղ են այցելում մատաղի եկածները: Ըստ տեղաբնիկների մեջ վաղուց արմատավորված համոզմունքի, Ծակ քարի միջով երեք անգամ անցնողը բախտավոր ու երջանիկ է լինում: Վաղուց գործող ավանդույթի համաձայն, Ծակ քարի միջով անցնելուց հետո, պետք է մյուս կողմում մեկ քար դնել: Ջահելները նաև, սովորույթի համաձայն, որևէ իղձ են մտապահում:

Այստեղ գեթ մեկ անգամ լինող մարդն անմիջապես զգում է էներգետիկ դաշտի բարերար ազդեցությունը: Ըստ ավանդության, այստեղ այցելած հիվանդներից շատերը բժշկվել են:

Ժամանակակից աշխարհի նորահայտ գաղտնիքներին հաղորդակից յուրաքանչյուր ոք իսկույն կհասկանա, որ այս դեպքում մենք գործ ունենք դոլմենի հետ:

Մատաղը վայելած դահրավցիներն այստեղ հանգստանում են, խմում Ծակ քարի աղբյուրի անմահական ջրից:

«Մկրան»

Նշանակում է մկրտարան: Ժամանակի ընթացքում բառը հնչյունափոխության է ենթարկվել՝ ստանալով արտասանության համար ավելի կարճ ձևը:

Որպես սրբավայր, տարածքն առանձնահատուկ կարևորություն է ունեցել դահրավցիների համար, քանզի հենց այստեղ, դատելով և՛ տարածքի անվանումից, և՛ մերձակայքում առկա եկեղեցու մնացորդներց, նրանք և նրանց հարազատներն ընդունել են մկրտությունը՝ դառնալով քրիստոնյա: Իսկ ավելի վաղ՝ հեթանոսական ժամանակներում, այստեղի հեթանոսական տաճարում (կասկածից վեր է, որ այն եղել է) կատարվում էին հայոց դիցարանի աստվածներին նվիրված ծիսակատարություններ:

Բնականաբար, պաշտամունքային ծիսակատարություններ էին նվիրվում նաև հայոց անվանադիր նախնուն՝ Հայկ նահապետին:

«Ղարա կապ»



Դահրավում մի քաջ ու արիասիրտ մարդ էր ապրում՝ Ղարա անունով, ով ծառայության էր անցել խանի ձիանոցում:

Դեպի Լաչինի կողմերն ընկած՝ գյուղին սահմանակից տարածքում էր ապրում թուրք Քյարամը, ով մշտապես տարատեսակ վնասներ էր պատճառում խանին: Ի թիվս այլ քաջերի, խանն իր մոտ է կանչում նաև Ղարային՝ քննարկելով ավազակ Քյարամից ազատվելու ուղիները: Ղարան հանձն է առնում վնասազերծել Քյարամին: Խանն իր հերթին ասում է, որ եթե Ղարան իրեն բերի Քյարամի գլուխը, ինքը նրան կտա այդ գլխի քաշով մեկ ոսկի: Շուտով Ղարան սպանում է Քյարամին (հետագայում այդ վայրը կոչվում է Ղարա կապ):

Գալիս է խանի մոտ՝ պարկի միջից նրա ոտքերի առջև գլորելով ավազակի գլուխը: Խանն իր խոսքի տերն է մնում: Ղարան վերադառնում է գյուղ, ընդարձակ տուն կառուցում ու այգիներ հիմնում:

Նրանից սերած սերունդը կոչվում է Ղարայաններ։ Այս տոհմից Նիկոլայ Ղարայանը շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի վարորդն է եղել: Գյուղում տուն է կառուցել, թաղված է Դահրավում:

«Շինատեղ»



Ամենայն հավանականությամբ, այստեղ բնակավայր է եղել. տարածքում կա նաև գերեզմանոց, թերևս, վաղ քրիստոնեական դարաշրջանին է վերաբերվում՝ տապանաքարերին գրություններ չկան, միայն ծաղկավոր խաչեր են պատկերված։

«Պուլուր ծմակ» (շրջանաձև անտառ)

Տարածքում գերեզմանոց կա:

«Պերթ» (բերդ)

Իր բազմադարյա պատմության ընթացքում Դահրավը մեկ անգամ չէ, որ դարձել է պատերազմական իրադարձությունների թատերաբեմ, ուստի և, գյուղի շրջակայքում շատ են պաշտպանական կառույցներն ու ամրությունները: Դրանցից մեկն էլ Պերթն (կամ՝ Պորթ) է: Գտնվում է գյուղից դեպի արևմուտք: Անմատչելի քերծի վրա է, պատերի մնացորդները պահպանվում են: Ներսում եղած կառույցներից շատ քիչ բան է մնացել:

Թշնամական ներխուժումների ժամանակ, ռազմական նշանակությունից զատ, ծառայել է նաև որպես պատսպարան ժողովրդի համար: Ներքևում կա ավերված եկեղեցի, որի մոտ էլ ժամանակին եղել է բնակավայր:
Կաչաղակաբերդի հետ գրեթե նույն բարձրության վրա է, և վտանգի ժամանակ, ինչպես նմանատիպ այլ պաշտպանական կառույցներ, երկու ուղեկալ բերդերն իրար հետ կապ են պահպանել և տագնապի ազդանշաններ փոխանակել խարույկների և ջահերի միջոցով՝ նրանց արանքում տեղակայված այլ՝ փոքրիկ ուղեկալների կամ հետախույզների միջոցով, եթե տեսանելիությունը լավ չէր:

Պատմում են, որ բերդն ունեցել է գետնի տակով փորված գաղտնի ուղի:

«Շնաքար»



Գյուղին հովանի լինող քերծն է: Ավանդույթի համաձայն, ժամանակին այստեղ գտնվող քարայրի ներսում էին պատսպարվել հայ բարձրատոհմիկները, ովքեր չէին ենթարկվել Արցախ ներխուժած թշնամիներին և դիմադրություն էին կազմակերպել: Եվ ահա, երբ թվում էր, թե ոսոխի փնտրտուքներն ապարդյուն են, և վտանգն անցած է, քարայրի ներսում գտնվող շները սկսում են հաչել: Հաչում ու հաչում են՝ այդպիսով թշնամուն մատնելով հայերի տեղը:

Այդ օրվանից էլ տարածքը կոչվեց Շնաքար:

«Դերին տակ»

Անձեռակերտ մարդակերպ քարակոփ պատկեր է: Անունը ստացել է դերին (քահանայի) նման լինելու պատճառով:

«Փիլեկ»

Գտնվում է գյուղի հարավային կողմում: Ըստ մի տեսակետի՝ նշանակում է փլեկ՝ փուլ եկած, և տեղանքը, կարծես, հիշեցնում է հսկայական փլվածք:

Իրականում տարածքն այդպես է կոչվել այն պատճառով, որ այդտեղ առկա են հրաբուխի լավայի աստիճանական շերտեր: Այստեղից էլ՝ փիլեկ-փիլեք՝ փիլաքյան (Արցախի բարբառով՝ աստիճան) տերմինի կրճատ ձևն է հասել մեր օրերը: Փիլեկում 20-րդ դարի 60-ականների սկզբին Աբել Սամվելյանի նախաձեռնությամբ խնձորենիների ու տանձենիների հրաշալի այգի էր հիմնադրվել: Թե ինչպիսի ոգևորություն կար գյուղի երիտասարդության մեջ, կարելի դատել նրանից, որ տնկիները ջրելու համար դույլերով ջուր էին հասցնում մեկ կիլոմետր հեռավորությունից:

«Նավասարդ»

Նավասարդը դահրավցիների համար նվիրական վայր է և սրբավայր:
Անվանումը կապված է Բուն հայկական տոմարի առաջին ամսվա՝ Նավասարդի հետ։

«Սուրթաէնհորթ»

Այս վայրը գտնվում է գյուղի արևմտյան մասում: Անվանումը նշանակում է առաջին ճանապարհ, այն տանում է դեպի Լաչինի շրջան: Դահրավեցիներին սիրելի ու հոգեհարազատ են նաև «Քարեն Կլխեն Քրատակ» (քարայր), «Նիկուն քրատակ», «Թափանակճի», «Սինամանց տափ», «Լիլուն տափ», «Պռավեն խութ», «Հութխաչ», «Կուճի (փոքր) պորտ» ու այլ տեղանունները:

Հուշարձանները

«Սռե նհատակ»




Այս սրբավայրը, թերևս, դահրավցիների մեջ առավել ժողովրդականություն վայելողն էր։ Գյուղացիներն, ավանդաբար, այցելում էին այնտեղ՝ մատաղ անելու և աղոթելու, չնայած այն գտնվում է գյուղից համեմատաբար մեծ հեռավորության՝ մոտ յոթ կիլոմետրի վրա՝ վերին հանդամասում և շրջապատված է խիտ՝ նույնպես պատմական՝ արդեն հիշատակված Քըշմրոր կոչվող անտառով: Կառույցի կամարակապ շենքը կանգուն է, գտնվում է բարվոք վիճակում: Մուտքի հակառակ կողմում ունի պատուհան:

20-րդ դարի 30-ականների աստվածուրացության տարիներին խաչքարը ջարդել են, նրա երկու կտորներն էլ գտնվում են կառույցի ներսում: Ըստ դահրավցի ուսումնասիրողների, այս սրբավայրի հիմնումը կապված է 13-րդ դարում մոնղոլներին Արցախից դուրս քշելու պատմական իրադարձության հետ: Սրբատան մուտքը մասնակի վերանորոգվել է 1868 թվականին՝ Դահրավում հայտնի ուսումնատենչ Կիլիգանց-Խաչատրյանների կողմից:



Սրբատեղիի ծագման ու անվանման մասին կա հետևյալ տեսակետը. այս բարձր վայրում, սեռում՝ գագաթին է ընթացել վճռական ճակատամարտը, ուստի և վայրն էլ այդպես է կոչվել՝ «Սռումը նահատակվածների», «Սռե նհատակի» սրբավայր: Նրա շուրջը, խիտ անտառի մեջ կա գերեզմանատուն՝ բազմաթիվ խաչքարերով: Գրավոր հիշատակություններն ու թվագրությունները բացակայում են:

Ըստ ավանդության, դրանք այստեղ տեղի ունեցած ահեղ ճակատամարտում նահատակվածների գերեզմաններն են:

Աբել Սամվելյանի նախաձեռնությամբ 1994-ին կազմակերպվել է «Սռե նհատակի» պատերի վերանորոգումն ու տանիքի թիթեղապատումը:

«Փռշնեն սորփը»



Սրբատեղի է, որտեղ, ի պատիվ 13-րդ դարում մոնղոլ-թաթարների դեմ տարած փայլուն հաղթանակը կերտած հերոսների և նահատակների, մատուռ է կառուցվել: Ներկայումս նրանից միայն պատերն են մնացել: Նրա կողքին կան չորադիմացկուն՝ փռշնի տեսակի ծառեր, ինչի պատճառով էլ սրբատեղին կոչվել է Փռշնեն սորփ:

Բուն ծառն ինքը ևս սրբավայր է եղել: Այստեղ զոհաբերված կենդանիների ոտքերն ու գլուխը կապվել են սուրբ համարվող ծառի ճյուղից, որպեսզի այդ միջոցով զոհաբերություն կատարողի ցանկությունը, իղձն ու տենչերը հասնեն Բարձրյալին: Իսկ որոշ ժամանակ անց, երբ դրանք քայքայվել են, մարդիկ հավաքել են թափված ոսկորները և թաղել փռշնու տակ՝ բնից որոշակի հեռավորության վրա:

«Զույգ խաչ»



Փռշնուց ընդամենը մի 40-50 մետրի վրա է գտնվում «Զույգ խաչ» հուշակոթողը՝ նույնպես կառուցված նահատակված հերոսների պատվին: Ժայռի վրա է այն կառուցված՝ երկու մեծ խաչքարով ու կառուցման նպատակի մասին գրավոր հիշատակությամբ:

Կոթողի հարևանությամբ, նրանից մոտ մի հարյուր մետր հեռավորության վրա, Քարագլխի աղբյուր տանող ճանապարհին են գտնվում երկու կիսավեր կոթողներ, որոնց վրա գրություններ չկան կամ, որ ավելի հավանական է, չեն պահպանվել:

«Եղցե»

Տարածքի անվանումը կապվում է այդտեղ եղած՝ ավերված եկեղեցու հետ, որի շուրջ նաև խաչքարեր կան: Գտնվում է գյուղի հարթավայրային մասում։ Եկեղեցուց միայն պատերն ու խաչքարերն են մնացել: Գրավոր հիշատակությունները կառույցի վրա չեն պահպանվել, ուստի և հնարավոր չէ որոշել կառուցման թվականը, բայց առանձին հետազոտողներ նշում են, որ այն, առնվազն, հազար տարեկան է:

«Ախաչ»

Սրբավայր է եղել: Ավերվել է մոնղոլ-թաթարների արշավանքների ժամանակ, տարածքում եղել է մատուռ, որն ավերված է, նկատելի են շինության մնացորդները: Տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնցից շատերը ԽՍՀՄ տարիներին ջարդվել են.....

«Խաչ տափ»

Սրբավայր է: Գտնվում է «Սռե նահատակ» տանող ճանապարհի աջակողմյան բլրի վրա: Տարածքում պահպանվել են երբեմնի շինության մնացորդները:

Ըստ գոյություն ունեցող տեսակետի, դա եղել է հեթանոսական կառույց:

Տարածքում պահպանվել են խաչքարեր, որոնցից մեկի վրա պարզորոշ երևում են քարհատման հետքերը: Մնացյալ խաչքարերը մեծապես տուժել են միջնադարյան արշավանքների ժամանակ, երբ փորձ էր արվում արմատախի լանել Քրիստոնեական հավատքը: Մի քանի խաչքար էլ գլորել են ձորը:

«Րաֆֆու աղբյուր»

Երբ հայ մեծ գրող Րաֆֆին անցել է այս տեղերով, եղել է նաևԴահրավում, հյուրընկալվել տեր Վանեսի օջախում: Հետո Վանեսի ընկեր Սամին է հյուրընկալում մեծ գրողին: Մյուս օրը գյուղում հուղարկավորություն կար, և տանտերը հարցնում է Րաֆֆուն՝ կուզենա՞ր մասնակցել դրան: Գրողը դրական պատասխան է տալիս:

Գերեզմանում էր գտնվում «Ակնաղբյուրը», որից ծարավ Րաֆֆուն ջուր են բերում: Այն շատ սառն էր, և գրողը մի կերպ է խմում: Քիչ հետո դասականը նորից է ջուր խնդրում: Բերում են մոտակայքի մի այլ աղբյուրից, որի ջուրը գրողը շատ է հավանում, ինչի արդյունքում էլ աղբյուրը կոչվում է Րաֆֆու աղբյուր:


Դահրավի տոհմերն են՝ Աբրահամանք, Աբունք, Աղաբաբանք, Առուշանանք, Ասրունք, Բբայունք, Բլանք, Բլվանք, Բըղդըսարանք, Բղերանք, Գյուլունք, Գրիգորանք (Կրյուքորանք), Դալլաքանք, Դերունք, Եթիմանք, Ենգիբարանք, Ըթանք, Թրիփանք, Խաչունք, Կիրակոսանք, Կիլիգանք, Կոստանդանք, Կրպետանք, Հայրունք, Ղազարանք, Ղրանք, Ղուլունք, Մակունք, Մելքումանք, Մանգունք, Մինասանք, Մռանանք, Մուքունք, Նանանք, Նեսունք, Չուգյանք, Պրսեղանք, Ջավունք, Ջումունք, Սալբունք, Սայունք, Սարգիսջանանք, Սհինանք, Սոնունք, Սևունք, Վառունք, Փականք, Օհանջանանք։

Կարեն Միրզոյան

Ակնարկի նախորդ մասը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից