Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:20 04-04-2025

Ֆինանսների նախարարը դատվում է, ինչպե՞ս կարձագանքի Փաշինյանը    

Կոռուպցիոն ռիսկերը, կասկածները քննելիս, առանձնակի ուշադրություն է դարձվում այն հանագամանքին, թե դրա արդյունքում ինչքա՞ն վնաս է պատճառվել պետությանը։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ընդգծել, որ խիստ ու անողոք են լինելու այն դեպքերին, երբ պետությանը վնաս է պատճառվել, հարկատուների միջոցները գողացվել, մսխվել, կամ ինչպես պոպուլիստներն են ասում՝ ժողովրդին թալանել են։ Հարկատուների միջոցները հաշվելու, բաշխելու որոշումներում առանցքային դեր ունի Ֆինասնների նախարարությունը։ Պատկերացրեք՝ ի՞նչ կլինի, եթե կոռուպցիոն ռիսկերն առնչվեն Ֆինանսների նախարարին, նրան կասկածեն կոռուպցիայի, պաշտոնի չարաշահման, նման օրինազանցությունների մեջ։

Մի խումբ փաստաբաններ 2024-ի դեկտեմբերի 4-ին հաղորդել էին ՀՀ գլխավոր դատախազությանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: 2025-ի ապրիլի 3-ին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի փետրվարի 27-ի որոշումը։ Այսինքն՝ ՔՊ-ական կառավարության Ֆինանսների նախարարի նկատմամբ քրեական վարույթ կնախաձեռնվի։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է փաստաբան Արա Զոհրաբյանը, մեջբերելով դատարանի որոշումից հատվածներ, ցույց տալով, որ վերաքննիչ դատարանն ուշադրություն է դարձրել նախարարի կողմից կոռուպցիոն ռիսկերի մասին կասկածներին։

Այս վարույթն ուշագրավ է, քանի որ դրանում ներգրավված է Ֆինանսների նախարարը։ Դրվագներից մեկով նախարարին առնչվող ընկերությունը 1,5 միլիարդ դրամ արժողությամբ ապրանքների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել կառավարության որոշմամբ։ Սա համակարգային կոռուպցիա չէ՞։

Կառավարության անդամները կարող էին, նույնիսկ պարտավոր էին իմանալ, որ իրենց գործընկերն առնչություն ունի այն ընկերությանը, որին արտոնություն տալու հարցին միաձայն կողմ են քվեարկում։ Բայց ոչ ոք կասկած, մտավախություն չի հայտնել կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Ինչո՞ւ։ Արդյո՞ք նրանք ևս քողարկված բիզնեսներ ունեն և նույնպես ակնկալում են արտոնություններ ստանալ դրանց համար։ Եթե այդպես է, ապա կողմնակալ դիտորդը կարող է ասել, որ կոռուպցիան համատարած բնույթ է կրում։

Հայտնի է նաև, որ ՀՀ անվտանգային գործընկերները՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն մեծ ուշադրություն են դարձնում կոռուպցիայի դեմ անողոք պայքարին։ Հետևաբար Ֆինանսների նախարարին առչվող վարույթը բացասական ազդեցություն կարող է ունենալ՝ գործընկերները կարող են վերանայել իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Այսինքն՝ նախարարին առնչվող կոռուպցիոն ռիսկերի կասկածները մի քանի միլիոն դրամի թեմա լինելուց զատ, պարունակում են նաև անվտանգային ռիսկեր, որոնցից տուժելու են պետությունն ու ժողովուրդը։

Հիշեցնենք, որ 2024-ին Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին առնչվող կոռուպցիոն կասկածներ կային։ Այս դեպքում նախարարը հրաժարական տվեց, որ համակարգային կոռուպցիայի վերաբերյալ կասկածները ցրվեն, արևմտյան գործընկերները երես չթեքեն, ՔՊ վարկանիշը չըկնի։

Կարճ ասած՝ ՔՊ-ական իշխանությունը փորձության առաջ է: Եթե Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին առնչվող վարույթի պարագայում սկզբունքայնություն չդրսևորեն, ինչպես Վահան Քերոբյանի դեպքում, ապա ՔՊ-ական կառավարությունը կնմանվի նախկիններին, որոնց նկատմամբ բազմաթիվ կոռուպցիոն գործեր են քննվում այսօր։ Այս ռիսկը հաշվի առնելով, Փաշինյանը, ենթադրաբար՝ սկզբունքայնություն կդրսևորի, երբ դատարանը սկսի քննել Վահե Հովհաննիսյանին առնչվող կոռուպցիոն կասկածները։ Այսինքն՝ եթե Նիկոլ Փաշինյանը նույն կերպ արձագանքի այս թեմային, ապա Վահե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա ու չի զբաղեցնի բարձր պաշտոն մինչև քննության ավարտը, որ հերքվեն համատարած կոռուպցիայի մասին կասկածներն ու չստեղծվեն անվտանգային ռիսկեր։ Իսկ եթե Փաշինյանն անտարբեր մնա կամ, ավելին՝ ճնշում գործադրի, որ Ֆինանսների նախարարին առնչվող վարույթը չքննվի, ապա չի բացառվում, որ հաջորդ իշխանությունները կարող են ՔՊ-ական բարձր պաշտոնյաների դեմ այսպիսի կոռուպիցոն կասկածներով վարույթներ հարուցել, թացը չորի հետ խառնել, բոլորին համարել թալանչի ու վարվել այնպես, ինչպես ՔՊ-ական իշխանություններն են ներկայում վարվում նախկին պաշտոնյաների հետ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել