Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 04-04-2025

Ամեն վատ բանի համար մեղավոր է մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես 

Բրիտանական բռնազավթման տարիներին Հնդկաստանում տեղաբնիկների նկատմամբ խտրական մոտեցում էր կիրառվում։ Անգլիացիները քայլում էին մայթերով, իսկ հնդիկներին ստիպում էին քայլել փողոցով, որ անգլիացիներին չխանգարեն։

Կառավարության ապրիլի 3-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով վթարների և զոհերի մեծ թվի մասին, առաջարկել է վարորդների ատեստավորում անել. «Շատ լավ արդյունքներ կունենանք, կսկսենք ոտքով քայլել, առողջ ապրելակերպի կանցնենք։ Համաձա՞յն եք»։ Նա հայտարարել է նաև, թե ՀՀ-ում «վարորդական իրավունքները համատարած կեղծ են»։

Ինչո՞ւ հիմա որոշեցին այսպիսի հակաժողովրդական բան անել, վարորդներին նվաստացնելու արշավ սկսել։ Եվ ի՞նչ արդյունքի կարող են հասնել։

Հայաստանից մեծ քաղաքներ կան, որտեղ վթարներ ու զոհեր համեմատաբար քիչ են լինում հաստատված կանոնների, նորմերի շնորհիվ։ Այսինքն՝ նախքան վարորդներին ատեստավորելը, ՔՊ-ական կառավարությունը շատ անելիք ունի։ Բայց նա իր անելիքը մոռացած, պատասխանատվությունը գցում է վարորդների վրա։ Նրանց մեղադրում վթարների և զոհերի շատ լինելու համար։

Փորձագետների դիտարկմամբ՝ Փաշինյանը կրկին մանիպուլյացիա է անում, հետևանքը ներկայացնելով որպես պատճառ։ Ճանապարհային պատահարների պատճառների շարքում ճանապարհային ենթակառուցվածքների անմխիթար վիճակն է, դրանց զրոյական զարգացումը, գծանշումների բացակայությունը, անկատար տուգանային համակարգը և այլն։ Այս ամենի հետևանքով են վարորդները խախտումներ անում, երբեմն՝ ողբերգական ելքով։ Այսինքն՝ վարորդների վատ վարելն ու խախտումենր անելը կառավարության սխալների կամ անգործության ակնառու հետևանքն է։ Փաշինյանը պատճառի վրա սևեռվելու փոխարեն, մեղադրանքի սլաքն ուղղում է վարորդների վրա, առաջին հերթին մեղադրում քաղաքացիներին։ Սա ՔՊ առաջնորդին բնորոշ գործելաոճ է։ Միանգամից մեղավորներ են փնտրում կառավարությունից դուրս։ Կառավարության անելիքն էլ պատկերացնում են մարդկանց պատժելով, տուգանելով, ժողովրդի կյանքը բարդացնելով, մարդկանց նվաստացնելով։

Ենթադրելի է, որ վարորդների նկատմամբ ատելության պոռթկումը պայմանավորված է օրեր առաջ տեղի ունեցած ինքնաբուխ ավտոցույցով, երբ փակված փողոցում լռված վարորդներն ազդանշաններով ու հայհոյանքով էին ուղեկցել կառավարական ավտոշարասյունը։ Այդ հայհոյանքներից հետո Փաշինյանը, հավանաբար, որոշել է պատժել ժողովրդին, նրա հետ վարվել այնպես, ինչպես գաղութարար անգլիացիները հնդիկների նկատմամբ մի քանի հարյուր տարի առաջ։

Կառավարության նշված նիստում Փաշինյանն ակնարկել է, որ վարորդների 95 տոկոսին մտադիր են զրկել վարորդական իրավունքից։ Այսինքն՝ մեքենա վարելու իրավունք կունենան միայն ՔՊ-ական կառավարության անդամների մի մասը, Փաշինյանի թիկնապահներն ու վերջ։ Մյուսներին զրկելու են իրավունքից, ստիպելու են ոտքով քայլել, չխանգարել մեքենա վարող Փաշինյանին ու նրա թիկնապահներին։ Այսպես Փաշինյանը, ենթադրաբար, վրեժ է լուծում բոլոր վարորդներից։

Կարճ ասած՝ Փաշինյանը հերթական հակաժողովրդական նախաձեռնությունն է խմորում, պատասխանատվությունն իր վրայից գցելու, քաղաքացիներին նվաստացնելու, նրանց մեղավոր կարգելու համար։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ Փաշինյանն իր հայտնի կարգախոսը որոշակի խմբագրման է ենթարկել և այն կարող է հնչել այսպես՝ «Երկրում տեղի ունեցող ամեն վատ բանի համար մեղավոր է մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես, և այդ մեկ մարդը դո՛ւ ես, և այդ մեկ մարդը դո՛ւ ես»։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել