Ուղիղ եթեր
Փաշինյանն ու Սահակաշվիլին, ինչո՞վ են նման ու տարբեր
copy image url

Փաշինյանն ու Սահակաշվիլին, ինչո՞վ են նման ու տարբեր

Միտք Ներքին 5 օր առաջ - 09:00 27-03-2025
Վերջին շրջանում որոշ վերլուծաբաններ Նիկոլ Փաշինյանին համեմատում են Միխեիլ Սաակաշվիլու հետ։ Ռուսական շահեր սպասարկողներին ոգևորել է այն, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մարտի 12-ին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման։ Եվ ռուսասերները հույս են փայփայում, որ նման ճակատագիր բաժին կհասնի նաև Փաշինյանին, քանի որ նա, իբր, նույն քաղաքականությունն է վարում, ինչ Սաակաշվիլին։ Իրականում՝ ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան այս երկու ղեկավարների միջև։

Փաշինյանի և Սաակաշվիլու միակ ընդհանրությունն այն է, որ նրանք իշխանության են եկել հեղափոխական ալիքի վրա։ Մյուս բոլոր հարցերում համեմատությունները Փաշինյանի օգտին չեն։

Սաակաշվիլին արմատական պայքար է մղել հանցավորության, քրեական ենթամշակույթի դեմ։ Քրեական հեղինակությունները Սաակաշվիլու օրոք հեռացել են Վրաստանից։ Նման արդյունքի Փաշինյանը չի հասել, չնայած նույնպես հռչակել է պայքար քրեական ենթամշակույթի դեմ։

Սաակաշվիլին կոռուպցիայի դեմ պայքարում մթնոլորտ է փոխել։ Նրա օրոք կաշառք վերցնող պաշտոնյայի հետ շատ խիստ էին վարվում։ Պաշտոնյան սկզբունքորեն կաշառք չէր վերցնում։ Նրա պաշտոնավարման առաջին տարիներին մեծ թվով վարույթներ հարուցվեցին կաշառք առաջարկելու մեղադրանքով։ Այսպիսի առաջընթաց ՀՀ-ում դեռ չկա։ Չինովնիկները նախկինի պես չեն դիմանում կաշառքի գայթակղությանը։ Իսկ կաշառք առաջարկելու փաստով քրեական վարույթների մասին հանրությանը հայտնի չեն։

Փաշինյանի օրոք Ադրբեջանը ՌԴ-ի աջակցությամբ զավթել է Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ։ Իսկ Սաակաշվիլու օրոք Ռուսաստանն ուղիղ հարձակվել է Վրաստանի վրա, զավթելով Աբխազիան և Հարավային Օսեթիան։ 44-օրյայից առաջ ՀՀ-ն ազատագրել է ընդամենը մեկ սահմանային դիրք Տավուշի մարզում։ Իսկ Սաակաշվիլին ազատագրել է Աջարիան, որը փաստացի դուրս էր եկել Վրաստանի վերահսկողությունից։

Սաակաշվիլու օրոք հալածվել է Վրաստանի ամենահարուստ մարդը՝ գործարար Բադրի Պատարկացիշվիլին, որը հայտարարել էր, թե մտադիր է ֆինանսավորել ընդդիմությանը։ Օլիգարխիան, կարելի է ասել՝ լրիվ իշխանազրկվել էր։ Տնտեսական ազատ մրցակցության շնորհիվ վրացական արտադրանքի որակը անհամեմատ բարձրացրավ, վրացական բրենդներ հայտնվեցին միջազգային շուկաներում, օրինակ՝ գինին։ Զբոսաշրջությունը մեծ թռիչք ապրեց, ՀՀ-ից շատ մարդիկ Վրաստան էին մեկնում արձակուրդներին։ Մեծ արտաքին ներդրումներ եղան Վրաստանի տնտեսության մեջ։ Համաշխարհին բրենդներ մուտք գործեցին Վրաստան։ Միջպետական ճանապարհները նորոգվեցին բարձր մակարդակով։ Վրաստանը ներգրավվեց տարածաշրջանային մեծ նախագծերում։

Փաշինյանի կառավարման շրջանում հալածվել են բազմաթիվ նախկին օլիգարխներ, սակայն դրանց փոխարեն մի քանիսը տվչություն են ստացել, մի քանիսը սերտորեն համագործակցում են, իսկ որոշ նախկին մեծահարուստներ նույնիսկ պատգամավոր են ՔՊ խմբակցության կազմում։ Հայկական բրենդներ չկան միջազգային շուկաներում։ Տնտեսության ազատականացման արդյունքները տեսանելի չեն։ Արտաքին մեծ ներդրումներ ՀՀ-ում չկան, համաշխարհային որևէ բրենդ ՀՀ-ում արտադրություն չի բացել։ Հանքարդյունաբերության ոլորտում, մասնավորապես՝ Լիդիանի հարցում կառավարության վերջին նախաձեռնությունը չհաշված՝ արտաքին նշանակալի ներդրում չկա։

Սաաակաշվիլու օրոք Վրաստանը հստակ փոխեց աշխարհաքաղաքական վեկտորը։ Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանը դուրս բերվեց ամիսների ընթացքում։ Ջավախքում անարխիստական տրամադրությունները ճնշվեցին ու կարգուկանոն հաստատվեց։ Վրաստանը եվրաատլանտյան ինտեգրումը հռչակեց արտաքին քաղաքական առաջնահերթություն, որն ամրագրվեց ռազմավարական նշանակության փաստաթղթերում։

Փաշինյանը ԵՄ ինտեգրումը որակում է այլընտրանք։ Ժողովրդավարությունը՝ կառավարման ձև, ոչ թե քաղաքակրթական ընտրություն։ Ռուսական ռազմակայանի դուրս բերման մասին խոսք չկա։ Բարձրաձայն հայտարարում են, որ վեկտոր չեն փոխում։ Նույնիսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու խիզախություն չունեն։

Սաակաշվիլու օրոք Վրաստանում խորհրդային բռնազավթման շրջանին հստակ քաղաքական գնահատական տրվեց։ Խորհրդային այլախոհներն ու անկախության պայքարի նվիրյալներն արժանվույն մեծարվում էին, խորհրդային ռեժիմի զոհերի հիշատակը պետական մակարդակով հարգվում էր։

Փաշինյանի օրոք Հունիսի 14-ին պաշտոնական որևէ ուղերձ չի հնչում, որևէ պաշտոնյա մի ծաղիկ չի խոնարհվում խորհրդային ամբողջատիրության զոհերի հիշատակին։ Անկախության պայքարի հարյուրավոր նվիրյալներից միայն մեկն է ուշադրության արժանանում։ Իսկ մի քանի շաբաթ անց՝ մայիսի 9-ին, Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ Պուտինի հետ միասին նշելու Հայաստանը բռնազավթած երկրի հաղթանակի 80-ամյակը։

Ի վերջո՝ Սաակաշվիլին ընտրություններում պարտվեց ու հեռացավ կառավարան 8-րդ տարում՝ 2012-ին։ Նա չփորձեց մրցակիցներին հալածել, շինծու քրեական գործեր բացել նրանց դեմ։ Զանգվածային բռնաճնշումներ չկիրառեց ժողովրդի դեմ։ Ընդունեց ժողովրդի որոշումն ու իշխանությունը խաղաղ զիջեց «Վրացական երազանքին»։

Չնայած՝ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ եթե ժողովուրդն իրենց չընտրի, ապա կհեռանա, սակայն դրան զուգահեռ նա արդեն սկսել է 2026-ի ընտրարշավը, արդեն սպառնում է մրցակիցներին։ Օրինակ՝ Գյումրիի ընտրություններում ՔՊ-ի բոլոր մրցակիցներին գող, թալանչի անվանեց։ Գյումրիում, Ալավերդիում և այլ համայնքներում ընտրված ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին հալածելը, ՏԻՄ-երում իշխանափոխություններ կազմակերպելու ու ՔՊ-ի դիրքերն ամրացնելու արշավը, հիմք են տալիս ենթադրելու, որ նա կանգ չի առնի ընտրախախտումների առաջ։ Արդյո՞ք նա չընտրվելու դեպքում կզիջի իշխանությունը Սաակաշվիլու պես։

Կարճ ասած՝ Փաշինյանը շատ տարբերվում է Սաակաշվիլուց։ Փաշինյանը չի համարձակվում լուրջ քայլեր անել անկախության և ժողովրդավարության ուղղությամբ։ Իսկ Սաակաշվիլին կտրեց Վրաստանի պորտալարը, անկախության և ժողովրդավարության 2-րդ փուլի բարեփոխումներ իրականացրեց ու Վրաստանի զարգացման իրական դռներ բացեց։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված