Երբ հետահայաց նայում ու մտաբերում եմ անցյալ դարի 70-80-ական թվականները, հիշում Ստեփանակերտի և, ընդհանրապես, Արցախի առօրյան, հստակ կերպով մի եզրահանգման եմ գալիս․ նույնիսկ ամենաառօրեական ու աննշան հարցերում երևում էր Ադրբեջանի խտրական, անհանդուրժող վերաբերմունքը։
Օրինակ, հիշում եմ, որ Ստեփանակերտի խանութները ծայր աստիճան աղքատ էին։
Ասենք՝ որպեսզի իրենց ամուսնացող աղջկա համար օժիտ պատրաստեին, 45-50 հազարանոց Ստեփանակերտի բնակիչները, սովորաբար, այցելում էին Շուշիից ներքև (հետագայում դրա դիմաց տանկը կլինի) գտնվող՝ գյուղական խանութ հիշեցնող տարածքից գնումներ կատարում՝ ոմն Ռամիզից, ով երկար տարիներ այդտեղի խանութպանն էր։
«Գաստրոնոմներում» կարող էիր միայն Բաքվում արտադրված «կիլկի» և Ռուսաստանից ներկրված ձկան այլ պահածոներ գտնել (ընդ որում, տոմատով պահածո գրեթե չկար, միայն՝ յուղով), որոնք մեր մեջ այն տարիներին բացարձակ պահանջարկ չունեին։
Հատկապես քաղցրեղենի առումով, խանութներն անասելի աղքատ էին։ Հիշում եմ՝ շոկոլադի տուփեր կային («բոմբոներկա» էինք ասում), որոնք գրեթե ոչ ոք չէր գնում՝ միջուկը՝ սպիտակ, վրայի շոկոլադե շերտը՝ միշտ փշրված։ Որքան հիշում եմ՝ Կիրովաբադում արտադրվում էին արախիսով տորթն ու հռչակավոր «Չինար» կոնֆետները, բայց դրանք երբեք ու ոչ մի անգամ չէիր կարող ձեռք բերել ոչ միայն Ստեփանակերտում, այլ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում ընդհանրապես։ Ե՛վ այդ անուշեղենը, և տուփով կարագը, և՛ օծանելիքը, և կոշկեղենն ու հագուստեղենը, պաշտոնապես, իհարկե, հատկացվում էին ԼՂԻՄ-ին, միայն թե այդ ամենը հայտնվում էր․․․ Աղդամի շուկայում (անգամ Լաչինի ու նրան մերձակա՝ քաղաքակրթությունից մեկ դար հեռու գյուղերի՝ ասենք, Լիսագորի խանութից կարող էիր գնել չեխական կոշիկ ու վերնաշապիկ, Ստեփանակերտից՝ երբեք․ իհարկե, աննշան քանակությամբ առաքումներ լինում էին, բայց դրանք սպառվում էր «էլիտայի» շրջանում)։
Գրեթե անհնար էր, ասենք, միս գնել մթերային խանութներում։ Մի քանի մսի կրպակների մոտ էլ մշտապես հերթեր էին։

Այդպիսի մի հերթի ժամանակ էլ քաղաքում շատ հայտնի և տղամարդկանց մեջ ազդեցիկ «Թոչին» (Գագիկ Գալստյանի կնունքին Մոսկվայից Ստեփանակերտ ժամանած հայտնի օրենքով գող «Էջմիածնեցի Հարութիկը» կնախընտրի առաջինն այցելել նրան՝ իր անհրապույր մեկսենյականոցում) կկանչի մսագործին․
-Լևո՜ն, Լևո՜ն, Լևո՜ն, Վալոդն ըմ։ Վալոդն ըմ, է՜․․․
Ու երբ պատասխան չի լինի, կասի․
-Լևո՜ն, Վալոդն ըմ, է՜, Վալոդը, էն վեր Շուշվա տյուրմումը չաթուն վզադ տյուս ա կալալ (բանտում պարանը հանել է վզիցդ-Կ․Մ․)․․․
Ստեփանակերտի հասարակական սննդի օբյեկտներին արգելված էր շրջանային սպառողական միություններից (РАЙПО) գնումներ կատարել՝ ի տարբերություն շրջակայքի ադրբեջանական նույնպիսի օբյեկտների։
Կենդանական ծագման մթերքներն ուղարկվում էին Բաքու, Սումգայիթ, Մինգեչաուր։ Ու հաճախ էր պատահում, որ մսի կոմբինատը մատակարարումը դադարեցնում էր կարճ ժամանակով։ Արդյունքում՝ գրեթե պարապուրդ էր։ Բայց հալածանքները՝ Բաքվից ժամանող ստուգողների խմբերով ու ակտերով՝ անպակաս էին։
Ես մարդկանց գիտեմ, ովքեր այդ տարիներին հարսանիքների համար միսը, ձուկը (Կասպից ծով ունեցող հանրապետությունում), կարագն ու կոնֆետեղենը բերում էին Երևանից։
Ճնշումն ու անհանդուրժողականությունն այնքան էին ակնհայտ, որ ադրբեջանական բնակավայրերի մոտ հայկական գյուղեր ու քաղաքներ տանող ճանապարհների առանձին հատվածներ տասնամյակներով մնում էին առանց ասֆալտի, օրինակ՝ Ստեփանակերտ-Աղդամ 27 կիլոմետրանոց հատվածն ասֆալտապատված էր՝ իրենց ուսանող երեխաները հաճախում էին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ, բայց արդեն Աղդամ-Մարտակերտ հատվածը, որտեղով մերոնք էին հաղորդակցվում, մնում էր առանց ասֆալտապատելու։ Նույնպիսի վիճակում էին նաև Գանձասարի վանք տանող, Հադրութ-Կարմիր Շուկա-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ճանապարհները, ինչպես նաև՝ Դրմբոն-Մարտակերտ հատվածը․․․
Ասենք, ողջ ԼՂԻՄ-ի տարածքում ընդամենը մեկ հատ ГАЗ-31 ավտոմեքենա կար, որը սպասարկում էր հինգ շրջանի ղեկավար, մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովին, իսկ շրջկենտրոն Աղդամում դրանցից կար երկու հատ։
Այդ ժամանակներում գիշատիչ Աղդամի գոյությունն անթաքույց մարտահրավեր էր Ստեփանակերտին։ Սադրանքներն անպակաս էին։

Երկու քաղաքներն իրար էին կապում կես ժամը մեկ մեկնող՝ դեղին գույնի հունգարական Ikarus ավտոբուսները, որ իրենցն էին։ Մենք մի հատ էլ չունեինք դրանցից։ Ստեփանակերտ եկած ադրբեջանցի երիտասարդների ձեռքին ГIала պարզունակ (дв և св ռադիոհաճախությամբ) ռադիոընդունիչներ կտեսնեիր, որոնցով նրանք մուղամաթ ու նույն կարգի երաժշտություն էին հնչեցնում Ստեփանակերտի փողոցներում։ Ու քանի որ դա ակնհայտ սադրանք էր, դրանք հաճախ մնում էին Ստեփանակերտում։ Չէ, մերոնք դրանք չէին գողանում, պարզապես․․․ ջարդում էին նրանց գլխներին։
Աղդամի շուկան․․․ 70-80-ականներին այն հայտնի էր ոչ միայն տարածաշրջանում, այլ ողջ Խորհրդային Միությունում։
Իր տեսակով, էությամբ և ամեն ինչով այն կոռուպցիայի գագաթնակետն էր ու ԽՍՀՄ-ի մեծագույն ամոթը, քանզի Աղդամն իր գոյությամբ ժխտում էր կոմունիստական գաղափարախոսությունը մի ակնթարթում։
Այն սև շուկա էր, որտեղ կարող էիր գտնել ոչ թե գրեթե, այլ, պարզապես, ամեն ինչ՝ CHANEL ու KLIMAT կանացի օծանելիքից մինչև ТТ և ПМ ատրճանակներ, LEVIS և MONTANA ջինսե վարտիքներից ու JOSEPH և SONETI վերնաշապիկներից մինչև «Վասպուրական» կոնյակ, երևանյան արտադրության «Սկյուռիկ» ու «Գրիլյաժ» կոնֆետներ, ինչպես նաև Ղարաբաղի բնակավայրերի համար հատկացված կոնֆետեղենն ու կարագ-հալած յուղը (ես ու ընկերներս Աղդամից spartakus և ожон օծանելիքներ էինք գնում)։ Երևանյան «Մասիս» ֆիրմայի կոշիկներն այստեղ մեծ պահանջարկ ունեին և համարվում էին «իմպորտնի»։
Ստեփանակերտի համար քիչ թե շատ վիճակը շտկվում էր նրանով, որ քաղաքի ու գյուղի հետ կապը շատ ամուր էր այն տարիներին։ Ու Ստեփանակերտի խանութներում տիրող պատկերը տարիներ անց կտեսնենք Մոսկվայում՝ 90-ականների սկզբներին․․․
Ստեփանակերտցի կուսակցական գործիչ Արտաշես Գասպարյանը հետևյալն է պատմել։
-1980-ականների սկզբներն էին․ Բաքվից շատ բարձրաստիճան մի պաշտոնյա էր եկել Ստեփանակերտ։ Երբ սա իր առաքելությունն ավարտեց, փոքրիկ բանկետ կազմակերպեցինք։ Սրա քեֆը լավացավ ու թե՝ ատրճանակ եմ ուզում։ Գնացինք Աղդամ։ Սա 100 ռուբլով մի ПМ (пистолет Макарова) գնեց։ Իմացան ով է, բայց փողը վերցրին։
Երբ մոտեցանք մեր մեքենային, զարմացած հարցրի․
-Դուք էլ ե՞ք վճարում։
Սա լայն ու ինքնավստահ ժպտաց ու ասաց․
-Գասպարյան, էդ փողը շուռ ա տալու, շուռ ա տալու ու գա՝ Բաքվում մտնի գրպանս։
1986-ի ամռանը գորիսեցի մի ծանոթիս խնդրանքով գնացինք Աղդամ։ Սա ատրճանակ էր ուզում գնել։ Աղդամի քյառթու հեղինակության՝ մատնոց ֆռցնող հսկայամարմին «Լալ Թայիրի» քրոջ տղան մեր ինստիտուտում էր սովորում․ նիհար ու բոյով տղա էր՝ Նամիկ անունով․ յուրօրինակ ստիլյագ էր․ Adidas բոթասներ, Soneti վերնաշապիկ ու այն ժամանակների համար հազվադեպ՝ կաշվե բաճկոն ու վերարկու, այո, այո՝ բաճկոնի վրայից։
Սա մեզ տարավ շուկայի խորքի հագուստեղենի կրպակի ետնամասը։ Մտանք ետևի դռնով․ երկու հոգի էին․ օդը պարուրված էր հաշիշի հոտով, սեղանին՝ թեյի պարագաներ՝ հայտնի արմուդը բաժակներով։ Գորիսեցին մի ПМ գնեց 120 ռուբլով և ուզում էր մեկն էլ գնել, որ իրեն շատ էր դուր եկել՝ երևի «մակառից» էլ փոքր։
Թուրքն ասաց․
- Սրա արժեքը 450 ռուբլի է, 50 հատ էլ փամփուշտ եմ տալիս հետը։
Բայց փամփուշտները սպառելուց հետո դրանք գտնելը խնդիր է լինելու։
Հաճախորդն ասաց, որ էդ դեպքում կիբավարարվի «մակառ»-ով, ու մենք դուրս եկանք շուկայից։
Առանձին թեմա է սպորտի բնագավառում աղաղակող անարդարությունների խնդիրը, բայց այդ մասին՝ մի ուրիշ անգամ։ Միայն ասենք, որ որպեսզի հաղթեիր ըմբշամարտի կամ հանդբոլի հանրապետական մրցումներում, պիտի մոտավորապես ԽՍՀՄ հավաքականի թեկնածուի պատրաստականության մակարդակ ունենայիր։
Բայց և, այդքանով հանդերձ, մերոնք հաղթում էին։
Կարեն Միրզոյան
Շարունակելի
Նախորդ ակնարկը՝ այստեղ: