Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:00 18-03-2025

 Ոչ մի օր՝ առանց Արցախի. Գենա Սուլկիս. ինչպես հրեան զոհվեց հանուն Արցախի

Այս պատմությունն, ինչ-որ տեղ, կարծես, ֆանտաստիկայի ժանրից լինի, բայց նրանում շարադրված է ամենաիրական մի սրտառուչ եղելություն։

Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցի կենտրոնական մասում վեր է խոյանում մի գերեզմանաքար, որը զգալիորեն բարձր է մյուսներից։ Այստեղ հանգչում է ազգությամբ հրեա Գենադի Սուլկիսը, ով զոհվել է Արցախի ազատագրության համար՝ 1993-ին՝ Վաղուհասում։

-1993-ի գարնան կողմերն ինձ զեկուցեցին, որ հետս հանդիպել է ուզում Օրենբուրգից եկած մի երիտասարդ,-պատմում է «Մարտական խաչ»-ի շքանշանակիր Արթուր Թևանյանը, ով Արցախյան ազատագրական պատերազմի ժամանակ եղել է լեգենդար երրորդ գումարտակի ութերորդ վաշտի հրամանատարը։



-Ընդունեցի, պարզվեց, որ հրեա է և ուզում է կռվել հանուն Արցախի։ Ասացի՝ բայց սա քո հայրենիքը չէ, մի տեսակ լավ չեմ հասկանում։

Ասաց․
-Ամուսնանալուց հետո, 1990-ին, կնոջս հետ Իսրայելից տեղափոխվել ենք Օրենբուրգ։ Սկսել եմ ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը ու եկա այն եզրահանգմանը, որ մեր ճակատագրերը նման են։ Սկսել եմ ձեզ համակրել շատ, հարգել։ Ու որոշեցի, որ պիտի մեկնեմ Արցախ և օգնեմ նրա ժողովրդին՝ պաշտպանելու ազատ ապրելու իր իրավունքը։

Պահը հուզիչ էր, հպարտության ու երախտագիտության զգացումն էին համակել մեզ։ Իմ առջև կանգնած էի միանգամայն սթափ և ուշիմ մի երիտասարդ, ով հստակ գիտակցում էր՝ ինչ է խոսում, խորապես հասկանում էր իր ընտրության գինը։

Այսպես, Գենան դարձավ իմ զինվորը։ Բնականաբար, նրա հանդեպ առանձնակի ուշադրություն և հոգատարություն էի ցուցաբերում։

Հետո եղան Կիչան-Սրխավենդի և Վաղուհասի դաժան մարտերը, որի ժամանակ էլ նա զոհվեց։ Բոլորս էլ ծանր տարանք նրա կորուստը։

Պատշաճ թաղում կազմակերպեցինք, անգամ օղորմաթաս խմեցինք նրա հոգու համար։
2017 թե 18 թվականին ինձ զանգահարեց Արցախի «Զոհված ազատամարտիկների հարազատների միության» նախագահ Արթուր Առստամյանն ու ասաց, որ Իսրայելից մարդիկ են եկել և ուզում են հանդիպել ինձ։ Տարակուսեցի։

Հաջորդ օրն այցելեցի Միություն։ Երեք հոգի էին՝ արդեն ծեր մի կին, միջահասակ մի տղամարդ և նույն տարիքի մի կին։ Տղամարդուն տեսնելով՝ ասացի․

-Դուք Գենադի Սուլկիսի եղբայրն եք։

-Այո,-պատասխանեց տխուր ժպտալով։ -Իսկ սա մայրս է, սա էլ՝ կինս։

Ողջագուրվեցին ինձ հետ, արտասվեցին՝ նաև իմ աչքերից մի քանի արտասուք կորզելով։

Ու մայրը պատմեց․
-1990-ից հետո Գենադիին այլևս չտեսանք։ Շատ ենք փնտրել, սակայն՝ ապարդյուն։ Երազներումս էլ չէր գալիս։ Եվ ահա՝ վերջերս երազ տեսա․ Գենան ասում էր՝ մրսում եմ։ Ես էլ ասացի՝ մի ծածկոց տամ՝ ծածկվիր, որ չմրսես։
Ասաց՝ բայց դու իմ տեղը գիտե՞ս։

Իսկ արդեն հաջորդ օրը մենք վերջապես լուր ստացանք․ մեզ զանգահարեցինք մի կազմակերպությունից և ասացին որ ձեր որդին հուղարկավորված է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում՝ հայ հերոսների կողքին։

Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն ձեր օրհնյալ ժողովրդին։ Գիտե՞ք, ամեն ժողովուրդ չէ, որ այդպես կվարվեր։ Գենան ինքն է ընտրել կյանքի իր ուղին, և այլ դեպքերում, եթե ինքը մարտնչեր այլ ժողովուրդների ազատագրության համար, նրա մարմինը,-լռեց ու սրբեց նորից թացացած աչքերը,- կարող էր գել ու աղվեսի բաժին դառնալ։ Իսկ այսպես, նա իսկական հերոս է, հարգված ու մեծարված։ Ու նրա շիրմաքարն ամենաբարձրն է այստեղ․․․

Հետո խմբով նրանց տարանք Արցախի տեսարժան վայրեր, նաև Գանձասար տարանք, որտեղ Գենայի եղբոր կինը զարմացած բացականչեց․
-Դավիթի ա՜ստղը։

Հետո բացատրեց, որ դա իրենց՝ հրեաների խորհրդանիշն է՝ Դավիթ թագավորի՝ վեցթևանի աստղը։

Բացատրության համար դիմեցինք վանահորը․ ու նա բացատրեց, որ այդ խորհրդանիշը նույքան նաև, եթե ոչ ավելի, մերն է և ցույց տվեց նրա մոտ պատկերված նաև հավերժության նշանը։

-Դա խորհրդանշում է հավատն ու նրա զորությունը,-պարզաբանեց։

-Հավերժության նշանը,-ասաց կինը,-լինելու ենք հավերժ։

(Խմբակային լուսանկարում՝ Գենադի Սուլկիսի հարազատները՝ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում՝ մայրը՝ Արթուր Թևանյանի ձեռքը գրկած)

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Նախորդ ակնարկը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան