Բալանսավորված արտաքին քաղաքականությունը, ըստ էության՝ չի տարբերվում նախկին կոմպլեմենտրարից, նույնքան ռիսկային է, ինչքան երկու լարի վրա խաղալը։ Գործընկերներն ու պոտենցիալ գործընկերները դժվարանում են կանխատեսել, թե ինչպես կվարվի Հայաստանը կարևոր հարցերում, հետաքրքիր առաջարկների պարագայում, հետևաբար՝ լուրջ գործընկերություն չեն ծավալում ՀՀ-ի հետ։
«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցն անցյալ երկուշաբթի չմտավ ԱԺ օրակարգ։ Մարտի 3-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել է, որ գործադիրն ունի մի քանի առաջարկ՝ իրավական տեխնիկայի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ բովանդակային խնդիր չկա, իրավական տեխնիկայի հետ կապված հարց է։ «Առաջարկում եմ քվեարկության փուլում հետաձգել նախագծի քննարկումը և արդեն քննարկել ևս մեկ անգամ արդեն հաջորդ քառօրյային կամ արտահերթ նիստում», - մանրամասնել է Եղոյանը։ Ուշագրավ է նաև փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի հատուկ ընդգծումը՝ «Այս օրենքը չի հանդիսանում Եվրամիության անդամակցության հայտ»: Աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստ այս առումով ԱԳՆ-ն չի տեսնում։
Ինչո՞ւ է ձգձգվում ՀՀ-ի համար կարևոր այս օրենքի ընդունումն, ինչո՞ւ է փոխնախարարն արժեզրկում այն, և ի՞նչ իրավական տեխնիկայի հարց կա։
Իրակավական տեխնիկայի հետ կապված առաջարկը վրդովվեցուցիչ է, քանի որ օրինագիծը մի քանի ամիս շրջանառվում է։ Կառավարությունը նո՞ր տեսավ իրավական տեխնիկայի խնդիր։ Եթե խոսքը մեկ, երկու նախադասություն հանելը, փոխելն է, ապա մի քանի ժամվա գործ է։ Սակայն արդեն մի քանի օր է՝ ձայն չկա։
Հանրային խոսույթում շրջանառվող վարկածներից մեկով ենթադրվում է, որ Մոսկվայից ուղիղ հեռախոսով զանգել, «խնդրել» են՝ անորոշ հետաձգել։ Եթե ապացուցվի, որ ՀՀ իշխանությունն, իրոք, ձգձգում է օրենքի ընդունումը Մոսկվայի «խնդրանքով», ապա ազատ աշխարհը երես կթեքի Հայաստանից, նրան կթողնի մենակ ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամների հնարավոր ագրեսիայի պարագայում։
Մեկ այլ վարկածով՝ ձգձգումը պայմանավորված է Թրամփ-Պուտին նորոգված սիրախաղով։ ՔՊ-ական իշխանությունը, հավանաբար, որոշել է «ոտքը կախ գցել» մինչև պարզվի, թե ինչպես են ավարտվում Ուկրաինայի հարցով բանակցությունները։ Եթե ազատ աշխարհն ընդունի Մոսկվայի նկարտումները Ուկրաինայի նկատմամբ, ապա կա վտանգ, որ ՌԴ-ն հաջորդիվ կձգտի վերականգնել իր ազդեցությունը ՀՀ-ի նկատմամբ, պահանջելով զիջումներ, տարածք և այլն։
Փոխնախարարի անտրամաբանական հայտարարությունը դիվանագիտական նրբանկատություն չէ։ Այս դեպքում այն անցնում է անհեթեթության սահմանը։ ԵՄ բոլոր երկրների համար անդամակցությունը աշխարհաքաղաքական համատեքստ ունի։ Եթե ՀՀ-ի դեպքում չունի, ուրեմն փոխնախարարը կա՛մ մերժում է քաղաքական իրականությունը, կա՛մ ակնարկում, որ կառավարությունը հարկ եղած պարագայում պատրաստ է անվերջ ձգձգել ու անլրջացնել գործընթացը, երբեք չհասնել ԵՄ անդամակցելու հայտ ներկայացնելուն։
Ի վերջո՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը, ըստ դրա ջատագովների՝ կարող է զսպել ռուս-ադրբեջանական հնարավոր ագրեսիան։ Եթե ՀՀ-ն որոշել է այն հետաձգել, նշանակում է կա՛մ այսպիսի կարծիք ունեցողները վերանայել են իրենց մոտեցումը, կա՛մ աշխարհում այնպիսի բան է փոխվել, որ գործընթացն այս առումով ոչ էֆեկտիվ, անիմաստ է դարձել։
Պարզ ասած՝ իշխանությունների այս մոտեցումը անտրամաբանական է, հակասում է քաղաքական ռեալությանը։ Եթե այս տեմպերով շարունակվի, ապա ՀՀ-ն ոչ թե 5-10, այլ 100 տարի հետո էլ չի դառնա Եվրոպայի մաս։ Եվ եթե մարտի 25-ից սկսվող հերթական քառօրյայի օրակարգում ևս չընդգրկվի այս հարցն, ապա կարելի է ասել, որ իշխանություններն անհաշվնկատ, անուշադիր, անսկզբունքային են, միտումնավոր են սխալներով գրում ու անվերջ ձգձգում կարևոր օրինագծերը, ծաղրի ենթարկում քաղաքականությունը, արժեքները, գաղափարները, ոչ ոք լուրջ չընդունի Հայաստանն ու հայ ժողովրդին։
Թաթուլ Մկրտչյան