Սիրիայում Էրդողանը ցեղասպանություն է անում. ինչ հետևանքներ կլինեն Հայաստանի համար
copy image url

Սիրիայում Էրդողանը ցեղասպանություն է անում. ինչ հետևանքներ կլինեն Հայաստանի համար

Արտաքին 1 ամիս առաջ - 20:35 09-03-2025
Սիրիայում տեղի է ունենում ալավինների ցեղասպանություն։ Թուրքիայի իշխանությունները Էրդողանի ղեկավարությամբ ամեն կերպ աջակցում են Սիրիայի իշխող ուժերին, որոնք նվաստացնում, ցեղասպանում են ալավիններին, նշենք, որ ալավիններին համարում են Ասադի մնացորդներ։

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը Oragir.News-ի հետ զրույցում մանրամասն անդրադարձավ Սիրիայում տեղի ունեցողին։

Զրույցի առաջին մասում Հակոբյանը անդրադարձավ ալավիններին, թե ովքեր են նրանք ու ինչով են տարբերվում ալևիներից։

«Ալավիները իրենց ներկայացնում են կրոնական համայնք, բայց իրենք շատ են համայնք կոչվելու համար՝ 10 միլիոն։ Նրանք բնակվում են Սիրիայում, ըստ էության մահմեդական արաբներ են, բայց քանի որ շատ են շփվել խաչակիրների հետ, ձևավորվել է իրենց յուրօրինակ կրոնական-էթնիկական խումբը։ Նրանք հանդիսանում էին Բաշար Ալ Ասադի հենարանը՝ Ասադն էլ ինքը հենց ալավիներից էր։ Այս կրոնական խումբը մշտապես աչքի է ընկնում իր տնտեսական, քաղաքական, սոցիալական ակտիվությամբ։ Սակայն պետք է տարբերակել նրանց Թուրքիայում բնակվող ալևիներից, որոնք ըստ երևույթի թրքացած հայեր են, իսկ Սիրիայի ալավինները արաբներ են»։

Հենց տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելիս վերլուծաբանն ասաց, որ երկու օր առաջ ալավիները, որոնք վայելում են Իրանի աջակցությունը, ապստամբություն բարձրացրին՝ գրավելով մի քաղաք և դրանով իսկ մարտահրավեր նետելով նոր իշխանություններին․ «Ի պատասխան՝ Թուրքիայի աջակցությամբ գործող ուժերը հակահարձակում սկսեցին՝ վերագրավելով հիմնական կենտրոնները: Այս գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվել են բռնություններ, մասսայական սպանություններ և նույնիսկ դիակներն են փողոցներում մնացել: Թուրքիայի կանոնավոր զորքերը գործում են բաշիբոզուկների նման, այսինքն Էրդողանն այնքան միամիտ չէ, որ նրանց թույլ տա կրել թուրքական բանակի տարբերանշաններ։ Այս պահին զոհերի թիվը հասնում է մոտ 2000-ի:

Ալավիները, որոնց Սիրիայում համարում են «երկրորդ սորտի մարդիկ», դիմել են պարտիզանական գործողությունների, իբր կանխելու ինչ-որ կերպ, բայց իրավիճակը սարսափելի է։ Բացի ֆիզիկական ճնշումներից նրանց փորձում են կոտրել նաև հոգեպես։ Ալավիներին հեծնում են, ստիպում են ծնկի գալ ու հաչել, կապում են ու քաշ տալիս փողոցներով»։

Իսկ արդեն զրույցի վերջում Մհեր Հակոբյանը անդրադարձավ Սիրիայում տեղի ունեցողի հետևանքներին Հայաստանի համար, նշելով որ սա Թուրքիայի ցեղասպան ձեռագիրն է ու նրանց հետ խաղաղություն կնքելու օրակարգը կեղծ է։ Այսինքն, ինչպես Սիրիան ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ, ՄԱԿ-ի անդամ է, բայց այսօր Թուրքիան շատ հանգիստ ցեղասպանություն է իրականացնում այնտեղ։ Ուստի, որքանով վստահ լինենք, որ Արմավիրում կամ Կոտայքում Էրդողանի բաշիբոզուկները չեն մտնի ու կոտորեն խաղաղ ժողովրդին։

Այսպիսով, 21-րդ դարում Սիրիայում իրականցվում է ցեղասպանություն, մարդիկ սպանվում են ու խոշտանգվում են, իսկ աշխարհը լուռ է։ Ցեղասպան թուրքի ձեռագիրը մնում է նույնը։

Քնարիկ Սահակյան