Ժողովրդին ապուշի տեղ դնելու արշավ է սպասվում
copy image url

Ժողովրդին ապուշի տեղ դնելու արշավ է սպասվում

Միտք Ներքին 2 ամիս առաջ - 14:00 07-03-2025
Սուբյեկտիվ իդեալիստական ընկալմամբ՝ աշխարհն այնպիսին է, ինչպիսին մարդն այն տեսնում է։ Օրինակ՝ եթե մարդու կարծիքով՝ բոլորը ապուշ են կամ սրիկա, ապա կարճ ժամանակ անց նրան շրջապատում են միայն ապուշները կամ սրիկաները։

Նիկոլ Փաշինյանը հաճախ է անդրադառնում հանրային ընկալումներին, սոցիալ հոգեբանական խնդիրներին, հավաքական աշխարհընկալմանը։ Հանրային մեծ արձագանք են գտնում նրա դիտարկումներն ու հարցադրումները Ցեղասպանության, անկախության, արդարության, Արցախի ազատության պայքարի վերաբերյալ ժողովրդական պատկերացումների մասին։ Այս մոտեցումները հիմք են տալիս ենթադրելու, որ նա մեծ տեղ է հատկացնում ոչ թե օբյեկտիվ իրականությանը, այլ իր և մարդկանց սուբյեկտիվ ընկալումներին։ Իսկ մարտի 6-ին նա կառավարության նիստում հայտարարեց, թե հանրությանը հետաքրքրում են ոչ թե կառավարության՝ մարդկանց բարեկեցությանն ուղղված ծրագրերը, այլ վարչապետի ժամացույցի վերաբերյալ մանրամասները։

«Ամեն օր բախվում եմ այդ պրոբլեմի հետ, ամեն օր բախվում եմ այդ զարմացած արձագանքների հետ, ո՞նց, տենց բան կա՞, տենց բան կա՞։ Մենք սխալվում ենք, մեզ թվում է՝ սա Կառավարության նիստն է, երկրի բարձրագույն գործադիր իշխանությունն է, այստեղ ասվեց, վերջ՝ բոլորն իմացան, կամ ԱԺ ամբիոնից խոսեցինք՝ բոլորն իմացան, հեռուստատեսությամբ խոսեցինք, ասուլիսում խոսեցինք՝ բոլորն իմացան։ Հիմա այս ամեն ինչը ոչ մեկին չի հետաքրքրում։ Հիմա բոլորին հետաքրքրում է՝ վարչապետն այս ժամացույցը, որ կապել է, ո՞վ, որտեղի՞ց է գողացել, քանի՞ հատ ադամանդի քար կա մեջը, միջուկային ի՞նչ ռեակտոր կա տեղադրված, և այլն, և այլն»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ երբ նման մի լուր տեղադրեն, միլիարդավոր դիտումներ կունենա. «Երբ մարդուն ասես՝ քո բարեկեցությունն ապահովելու համար ենթակառուցվածք ենք ստեղծել, չի հետաքրքրի»։

Եթե փորձենք Փաշինյանի նկարագրած հետաքրքրություներն ունեցող միլիարդավոր մարդկանց հավաքական կերպարը ստեղծել, ապա նա կլինի՝ իր մասին չմտածող, քրեական հետաքրքրություններով ու թանկարժեք քարերով տարված, մեծ ստերին կուրորեն հավատացող, իրականությունից կտրված մարդ։ Մի խոսքով՝ ապուշ։ Եթե Փաշինյանը կարծում է, որ իր ժամացույցի մասին լուրը կարող է հետաքրքրել միլիարդավոր ապուշներին, ապա այդ միլիարդների մեջ 3 միլիոնը, ենթադրաբար, հայ են լինելու, քանի որ լուրը ՀՀ վարչապետի ժամացույցի մասին է։

Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ այսպիսի կարծիք ունի ժողովրդի մասին։

Ենթադրելի է, որ նա աշխարհն այսպես է տեսնում։ Այսինքն՝ սա աշխարհընկալման խնդիր է։ Նրա կարծիքով՝ միլիարդավոր ապուշներ կան։ Քանի որ վարչապետը մեծ ազդեցություն ունի ժողովրդի սոցիալ վարքաբանության վրա, ապա մարդկանց մի մասը ընդօրինակելու է նրան և նույնպես համարելու է, որ մարդիկ ապուշ են։ Հանրային պատկերացումների այսպիսի ձևափոխումը սարսափելի հետևանքներ կունենա՝ ապուշների քանակն ակնհայտ կաճի։

Կա նաև այլ վարկած։ Ասում են, թե Փաշինյանը միտումնավոր է աղավաղում հանրային պատկերացումները մարդկանց հետաքրքրությունների մասին։ Հայտնի է, որ ՔՊ-ի վարկանիշն ընկնում է։ Ուստի՝ ընտրություններում հաջողությունների կարող են հասնել միայն էժան մանիպուլյացիաների արդյունքում, որոնց կարող են տրվել մարդիկ, որոնց հետաքրքրում են, ոչ թե քաղաքական գաղափարներն ու ծրագրերը, այլ վարչապետի ժամացույցի պատմությունը։ Եվ եթե 2026-ին մեկը զարմացած հարցնի, թե ո՞վ է ձայն տվել պարտության, նահանջների, կորուստների գլխավոր պատասխանատուին, այդ ժամանակ կհիշեն, որ միլիարդավոր ապուշներ կան, որոնց չի հետաքրքրում անձնական բարեկեցությունը, անկախությունն ու ժողովրդավարությունը, այլ Նիկոլ Փաշինյանի ժամացույցի մանրամասները։

Կարճ ասած՝ կանխատեսելի է, որ առաջիկայում այս թեմայով ուսումնասիրություններ կկատարվեն, պարզելու, թե հանրության քանի՞ տոկոսն է ապուշ։ Եթե պարզվի, որ դրանք շատ քիչ են, ապա ամբողջ քարոզչամեքենան կլծվի հանրային պատկերացումները աղավաղելու, ժողովրդին ապուշի դեղ դնելու, այնուհետև ապուշացնելու արշավին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված