Ժողովրդավարական երկրում դատավորին արատավորղ տեղեկությունները հանրային մտահոգություն են առաջացնում։ Փետրվարի 23-ին դատարանի որոշմամբ՝ հանրային գործիչ Էդգար Ղազարյանին արգելվել է մի շարք պաշտոնյաների մասին կարծիք հայտնել։ Նա իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, հարկադիր կատարողների վերաբերյալ, մանրամասնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ընդգծելով, որ չի պարզաբանվել՝ արգելքը Բաքվի դատարանների դատավորներին վերաբերո՞ւմ է, թե՞ ոչ։
Ինչպե՞ս անել, որ մարդիկ դատավորներին վատ բաներ չասեն։
Տրամաբանորեն՝ առաջին և գլխավոր պայմանը դատարանների անկախությունն է։ Երկրորդը՝ բացառապես օրենքով ու խղճով առաջնորդվելը։ Այսինքն՝ եթե դատարանները քաղաքական պատվեր կատարեն, կեղծեն, շրջանցեն կամ խախտեն օրենքը, ոտնահարեն արդարությունը, ապա նրանց հասցեին վատ բան ասող միշտ էլ կգտնվի։ Նույնիսկ դատավորի մասին վատ բան մտածելը արդարադատության հանդեպ վստահության ճգնաժամի վկայություն է, որն իրական սպառնալիք է ժողովրդավարության համար։
Ռեալ գնահատմամբ՝ անհեթեթություն է, երբ դատավորը օրենք է խախտում, քաղաքական պատվեր կատարում կամ ԱԱԾ-ի ճնշման տակ անարդար վճիռ ընդունում։ Սակայն, ցավոք, այսպիսի բաներ լինում են։ Բերենք 2 օրինակ։
Առաջինը՝ 2025-ի փետրվարի 14-ին «Դատալեքս» տեղեկատվական համակարգից պարզվել է, որ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2024-ի նոյեմբերի 15-ին կայացրել է «Վրիպակն ուղղելու մասին» վերտառությամբ որոշում, որը չի առաքվել դատավարության կողմերին և, որով հիմնովին փոխվել է նույն դատարանի կողմից հոկտեմբերի 7-ին ընդունված դատական ակտի էությունը։ Ընդ որում՝ «Վրիպակի ուղղումն» ի հայտ է եկել այն ժամանակ, երբ նույն դատարանի «ուղղվող» որոշումն (առանց վրիպակի) շուրջ 2.5 ամիս առաջ բողոքարկված էր Վճռաբեկ դատարանում։
Այս գործի հայցվորը հանրային հայտնի գործիչ Կարեն Հեքիմյանն է։ Դատարաններն առաջնորդվել են օրենքով և միանշանակ արդար վճիռ ընդունել։ Սակայն գործը Վճռաբեկ դատարանում քննելու ընթացքում Վերաքննիչը «Վրիպակի ուղղում» վերտառությամբ հետին ամսաթվով որոշում է ընդունել էապես փոխելով իր օրինական վճիռը։
Երկրորդ օրինակը՝ Վճռաբեկ դատարանն ընդունել է վարույթ աշխատանքային իրավունքի վերականգնմանն առնչվող մի պարզ գործ։ Առաջին 2 ատյանները վճիռ են ընդունել և բավարարել հայցվոր Գևորգ Էմին-Տերյանի հայցը։ Սակայն Վճռաբեկ դատարանը որոշել է վարույթ ընդունել պատախանողի բողոքը, որոշման նախաբանում չնշելով հիմքերը, հիմնավորումները։
Հաջորդ խնդիրը պետության ղեկավարի օրինակն է։ Նիկոլ Փաշինյանը դատավորների, դատարանների հասցեին վիրավորական արատահայտություններ է արել, էապես հեղինակազրկելով նրանց։ ՔՊ-ական բազմաթիվ գործիչներ ևս անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանների նկատմամբ։ Մարդիկ էլ, հետևելով երկրի ղեկավարների օրինակին, իրենց հերթին վիրավորական բաներ են ասում դատավորների, քննիչների հասցեին։ Դատարանը Փաշինյանին, ՔՊ-ականին բան չի ասում, բայց Էդգար Ղազարյանին, համեմատաբար՝ մեղմ խոսքերի համար քրեական հետապնդման են ենթարկում։
Պարզ ասած՝ դատավորին քննադատած հանրային գործչին հալածելու արդյունքում դատավորի հեղինակությունը չի վերականգնվի։ Դատավորի հեղինակությունը մաքուր պահելու համար ՔՊ-ական իշխանությունը քաղաքական կամք պիտի դրսևորի, առաջին հերթին՝ չհարկադրի դատավորիներին անարդար որոշումներ ընդունել ընդդեմ քաղաքացու։ Վրդովվեցնող է նաև պետական հիմնարկությունների անկոտրում պայքարը քաղաքացիների դեմ։ Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն մտածում են դատարանի հեղինակության մասին, ապա կարող են սահմանել նորմ, որ պետական հիմնարկը առաջին ատյանում քաղաքացուն պարտվելուց հետո պարտավոր է հարգել դատարանի որոշումը և չշարունակել քաղաքացու իրավունքի դեմ պայքարը։
Թաթուլ Մկրտչյան