Գաղութաբնակի մազոխիստական բարդույթը․ մենք ենք մեղավո՞ր ռուսների առաջ 
copy image url

Գաղութաբնակի մազոխիստական բարդույթը․ մենք ենք մեղավո՞ր ռուսների առաջ 

Միտք Ներքին 2 ամիս առաջ - 13:00 19-02-2025
Ճի՞շտ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման մեղավոր է համարում հայկական կողմին: Ընդհանրացնելով այս մոտեցումը, կարելի՞ ասել՝ «միշտ մենք ենք մեղավոր ռուսների առաջ»։

Փորձագետների մի մասը համամիտ է Քոչարյանի գնահատականի հետ, կարծելով, թե Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով են վատթարացել հայ-ռուսական հարաբերությունները։ Կան ապացույցներ, որ ՔՊ-ական իշխանությունը 2018-2020 թվականներին վարում էր վառ ռուսամետ քաղաքականություն, ինչն էլ հանգեցրել է պատերազմի, Արցախի բռնազավթման, ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածների բռնազավթման և այլ աղետների։

Ո՞վ է մեղավոր, որ ռուսները մեզ չօգնեցին, չկատարեցին իրենց պայմանագրային պարտավորությունները։

Բնականաբար՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե ռուսները հայերին չաջակցեցին, քանի որ հարաբերություններն էին վատացել։ Սակայն իրականությունը հաշվի առնելով, կարելի է ախտորոշել, որ «միշտ մենք ենք մեղավոր ռուսների առաջ» պնդումը գաղութաբնակի բարդույթ է։ Եթե երևակայենք, թե ՀՀ-ն ռուսական գաղութ է, որն անում է քայլեր, որոնք վայել չեն գաղութին, ապա կարելի է ամեն դեպքում մեղադրել գաղութի դրածո ղեկավարին։ Իսկ եթե «միշտ մենք ենք մեղավոր ռուսների առաջ» պնդումն անողը հոգեբանական խնդիր չունի, ապա սա ռուսական գործակալի խոսույթ է։ Տվյալ դեպքում՝ ռուսական գործակալը կամ ազդեցության գործակալը չի կարող արձանագրել, որ ՌԴ-ն չի կատարել պայմանագրային պարտավորությունները, չբարեկամաբար չի ճանաչել ՀՀ ինքնիշխան իրավունքները։ Փոխարենը կարող են ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները վատացել են հայկական կողմի պատճառով, հետևաբար՝ Մոսկվան հայ ժողովրդի հանդեպ չբարեկամաբար է տրամադրվել։

Գալով հայ-ռուսական բուն հարաբերություններին, կարելի է նկատել, որ իրավապայմանագրային առումով՝ օրակարգը չի փոփոխվել։ Որևէ պայմանագիր չի վերանայվել կամ լուծվել։ ՀՀ-ն ՌԴ-ի դեմ որևէ միջազգային պատժամիջոցի չի միացել։ Այլ հարց է, որ ՌԴ-ն չի արձագանքել ՀՀ դիմումներին 44-օրյայի և ՀՀ-ի դեմ ագրեսիաների ժամանակ։ ՌԴ-ն 2020-2022 թվականներին հակահայ դիրքորոշում է որդեգրել, նպաստել է Արցախի բռնազավթմանը, հայաթափմանը, ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածների օկուպացմանը։ Նույնկերպ ՌԴ-ն դադարել է սպառազինություն մատակարարել Հայաստանին, խախտելով պարտավորությունները։ Իսկ այս ամենից հետո ՔՊ-ական իշխանության չափավոր դիվերսիֆիկացման փորձերը չեն կարող ներկայացվել որպես հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում։

Տնտեսության առումով հարաբերությունների վատթարացում ևս հնարավոր չէ տեսնել։ ՀՀ տնտեսությունն ավելի մեծ կախման մեջ է ՌԴ-ից։ Առևտրաշրջանառությունը բազմապատկվել է։

Մշակութային դաշտում նույնպես էական բան չի փոխվել։ Ռուսերենի ժամերը չեն պակասել դպրոցներում։ Ռուսական մշակութային կենտրոններ չեն փակվել։ Մի քանի ամիս անց, Փաշինյանը կրկին կմեկնի Մոսկվա ու Կարմիր հրապարակում ռուս պաշտոնակցի կողքին հպարտ կտոնի, այսպես կոչված՝ «Հայրենական պատերազմում» հաղթանակի 80-ամյակը, ապացուցելով, որ մնում է ռուսական նարատիվներին հավատարիմ։

Եթե հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում համարում են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացումը, ապա հիշենք, որ եվրաինտեգրացիան ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություն է ամրագրվել դեռ 2000 թվականից, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Հետևաբար՝ ՀՀ-ԵՄ խորացումը վատթարացման հանգամանք չի կարող որակվել վերջինիս ու նրա թիմակիցների կողմից։ Այդ է վկայում նաև այն, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի քվեարկության ժամանակ ԱԺ 7 պատգամավոր է դեմ քվեարկել։

Այսինքն՝ իրականությունը վկայում է, որ «միշտ մենք ենք մեղավոր ռուսների առաջ» գնահատականը հոռու է քաղաքական իրականությունից։ Եվ եթե միջազգային հարաբերությունները դիտարկվեն անկախության դիտակետից, և դրանց խորացումը կամ վատացումը դիտարկվի բացառապես ազգային շահերի ներքո, ապա ռուսների առաջ մեղավոր կամ անմեղ լինելու թեման պարզապես չի քննարկվի։

Կարճ ասած՝ քաղաքական անառողջ բարդույթներից ազատվել կարելի է անկախության ամրացման ուղղությամբ քայլերով։ Ինչքան հաստատուն արվեն դրանք, այնքան արագ կկրճատվեն ռուսական գործակալներն ու գաղութաբնակի բարդույթով տառապողները։ Քաղաքական համայքն էլ համարժեք կարձագանքի քաղաքական ռեալությանը։ Ու ոչ ոքի մտքով չի անցնի մազոխիստական կարծիք հայտնել, թե միշտ մենք ենք մեղավոր ռուսների առաջ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:30 Ես ներել եմ իմ աշակերտներին․ Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհին եկել էր աշխատանքի
17:30 Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչուհուն խոսքի իրավունքից էլ են զրկում 
12:15 2-ամյա Տիգրանին փորձում են իդենտիֆիկացնել տիեզերական լուսանկարներովով․ Մխիթար Հայրապետյան
11:40 Մխչյանի դպրոցում երեխային թմրանյութ տված աշակերտը 1 մլն դրամով ազատվել է կալանքից
23:06 Դուք ո՞վ եք, որ մեզ հայհոյեք, ձեր մաման էլ, պապան էլ, ընտանիքն էլ. 2020 թ. պատերազմի հերոսը՝ Արսեն Թորոսյանին
09:50 Ֆրիից թունավորված 3-ամյա աղջիկը մահացել է. սրճարանը փակվել է. RTVI
15:12 Ընտանիքներն ամուր չեն, քանի որ ջահելները չեն ուզում կեսուր-կեսրարների հետ ապրել․ հարցում
21:39 Բաքվում ցուցադրել են կադրեր, թե ինչպես են երգում «Ելիր Դաշնակ դրո»-ն՝ ի ապացույց հայերի «ագրեսիվ» ծրագրերի
15:45 Կայծակի հուժկու հարված՝ Գագարին գյուղում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
16:30 Երեխան չպետք է 7 տարեկանից 2-րդ դասարան գնա. հոգեբանը դեմ է ԿԳՄՍՆ-ի որոշմանը