Իշխանափոխության հարցում ընդդիմության միավորվելը կարևո՞ր չէ
copy image url

Իշխանափոխության հարցում ընդդիմության միավորվելը կարևո՞ր չէ

Միտք Ներքին 4 ամիս առաջ - 09:00 19-02-2025
Քաղաքական միավորների խոշորացումն ու նպատակային, գաղափարական համագործակցությունը քաղաքական համակարգի կայացման պայմաններից է։ Այս հարցում կարևոր առաքելություն ունեն կայացած, բազմափորձ, կրթված քաղաքական առաջնորդները, որոնք իրապես գիտակցում են պետության առջև ծառացած մարտահրավերներն ու լուծումները։ Օրինակ՝ երբ 1830-ականներին եվրոպայում մոլեգնում էր սովը, համաճարակներն ու հեղափոխությունները, Անգլիայում բազմաթիվ կուսակցություններ և միաբանություններ միավորվեցին հանճարեղ քաղաքական գործիչ Ռոբերտ Պիլի ջանքերով, ու ստեղծվեց Պահպանողական կուսակցությունը։

Մեր երկրում իրավիճակն այլ է։ Խորհրդարանական ընդդիմությունը, որը ՔՊ-ից հետո ամենամեծ ազդեցությունն ունի քաղաքականության որոշման վրա, միասնական չի գործում։ Փաշինյանի քաղաքականությունը քննադատող արտախորհրդարանական կուսակցությունների և նախաձեռնությունների մի մասի խոսույթը համահունչ է խորհրդարանական ընդդիմության հետ։ Սակայն նրանք ևս գործում են տարանջատված։

Խորհրդարանական ընդդիմության առաջնորդները՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, տեսականորեն կարող են միավորել ուժերը, քանի որ ընդդիմադիր պատգամավորները, նրանց համախոհները նույն կերպ են գնահատում իրավիճակը, գրեթե նույն դիրքորոշումն են հայտնում քաղաքական օրակարգի, մարտահրավերների վերաբերյալ։ Ինչ-որ հարցերում Քոչարյանի և Սարգսյանի թիմակիցների նման դիրքորոշում է հայտնում նաև ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը։ Բայց փետրվարի 17-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում միանշանակ հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքը մասնակցելու է գալիք ընտրություններին։ Իսկ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժի կամ այլ ընդդիմադիրների հետ հնարավոր համագործակցելու կամ ուժերը միավորելու վերաբերյալ հարցերին դրական չարձագանքեց։

Հանրային պատկերացում կա, որ եթե նախկին նախագահներն ու նրանց ձայնակցողները միավորեն ուժերը, ապա ավելի մեծ ադյունքի կհասնեն։ Չի բացառվում նույնիսկ, որ կարող են հաղթել ընտրություններում։ Ինչո՞ւ նախկինները չեն միավորվում ընդհանուր խնդիրների, նպատակների, գաղափարների շուրջ, միասնաբար հանդես չեն գալիս։

Այս ուժերի միավորման հարցում էական նշանակություն կարող են ունենալ նաև առաջիկա զարգացումները։ Եթե 2026-ի ընտրությունների օրակարգի առաջին տողում լինի ԵՄ անդամակցելու թեման և աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը, ապա սա լուրջ գործոն կլինի ուժերի միավորման համար, որոնք կարող են կազմել եվրասկեպտիկների դաշինք։ Նկատենք, որ ԵՄ երկրներում եվրասկեպտիկները վերջին տարիներին նկատելի հաջողություններ են գրանցում

Այս ուժերի միավորումը խոչընդոտող գործոնները, սակայն, ավելի շատ են։ Առաջին հերթին հայկական բծախնդրությունն է, որը թույլ չի տալիս հանուն քաղաքական նպատակի մի կողմ դնել տարաձայնությունները, հատվածական շահերը։ Կարևոր է նաև արտաքին գործոնը։ Տարածված կարծիք կա, թե Մոսկվային ձեռնտու է, որ հայ-ռուսական օրակարգն անխախտ պահող Փաշինյանը մնա իշխանության, իսկ ընդդիմադիր նիշան զբաղեցնեն նախկին նախագահներ Քոչարյանի ու Սարգսյանի մարդիկ։ Եթե այսպես է, ապա ոչ մի միավորում էլ չի լինի։ Այս մասին նաև փետրվարի 17-ին Ռոբերտ Քոչարյանն ակնարկեց։ Ստացվում է՝ իշխանափոխության հարցում ուժերի, հայտնի, փորձառու, հավակնոտ գործիչների միավորվելը կարևոր չէ։ Հետևաբար՝ ընդդիմադիր առաջատար ուժերն առանձին-առանձին կշարունակեն իշխանափոխության համար պայքարն ու դժվար թե արդյունքի հասնեն։

Պարզ ասած՝ եթե նախկիններն ընդառաջ գնան հանրության մի մասի պահանջին, ապա կձևավորեն եվրասկեպտիկների դաշինք, և հավանաբար, ավելի մեծ հաջողության կհասնեն, քան 2021-ին։

Նույնը կարելի է ասել նաև արևմտամետ ուժերի, ԵՄ անդամակցելու ջատագովների մասին։ Ակնկալվում է, որ նրանք ևս կմիավորեն ուժերը, որ անցնեն խորհրդարան և պաշտպանեն այն օրակարգը, որը օրեր առաջ օրենքի ուժ ստացավ։

Այսպիսի խոշորացումները էապես կնպաստեն նաև ՀՀ անկախության և ժողովրդավարության ամրացմանը։ Ժողովրդավարական սկզբունքներով խոշորացված կուսակցությունների պարագայում Վաշինգտոնը, Բրյուսելն ու Մոսկվան չեն կարող էապես ազդել ընտրությունների ընթացքի, ՀՀ-ում իշխանության ձևավորման, ՀՀ քաղաքականության որոշման վրա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված