Թարս գաղափարախոսություն անկախության և Արցախի դեմ
copy image url

 Թարս գաղափարախոսություն անկախության և Արցախի դեմ

Միտք Ներքին 1 ամիս առաջ - 09:00 05-02-2025
Ժողովրդավարության թերի կողմերից մեկն այն է, որ հնարավորություն է ընձեռում ընտրվելու քաղաքականապես տգետին։ Արդյունքում՝ քաղաքականություն որոշողը պաշտոնը ստանձնելուց հետո է սկսում սովորել քաղաքական այբուբենը, մինչ այդ թույլ տալով աղետալի սխալներ, պատճառելով պարտություններ ու կորուստներ։

Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ իշխանության ներսում գաղափարախոսական փոփոխություն է տեղի ունենում։ «Մենք այս ամեն ինչին եկել ենք 44 օրյա պատերազմում պարտության բերումով, և այդ պարտության խորքային և ոչ խորքային պատճառները վերլուծելու և հասկանալու բերումով: Մենք, իմ գնահատմամբ, այսօր այդ պարտության միջով անցնելով, ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»,- ասել է նա։

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպիսի մանիպուլյացիա անում։ Իրո՞ք գաղափարական տրանսֆորմացիա է տեղի ունենում ՀՀ իշխանությունների ներսում։

Իրականում՝ անկախ պետություն դառնալու հնարավորություն ՀՀ իշխանություններն ունեցել են միշտ։ Սակայն չեն արել 1990-ին, 1995-ին, 1998-ին, 2008-ին, 2018-ին և այլսօր։ Փոխարենը՝ խորացրել են ռուսական կախվածությունը։ Ի դեպ՝ ռուսական շահեր սպասարկելու հարցում Փաշինյանը 2018-2022-ին նույնիսկ գերազանցում էր նախկիններին։ Ու չնայած՝ Փաշինյանը հանրությանը ներկայացնում է, թե ինքը չի հասկացել, որ սխալ քաղաքականություն է վարում, սակայն կա հիմնավոր կասկած, որ նա գիտակցաբար է խորացրել ՀՀ կախվածությունը, քանի որ իշխանության է եկել ռուսների աջակցությամբ ու միջնորդությամբ, պարտավորվել անխախտ պահել հայ-ռուսական օրակարգը, թքած ունենալ ՀՀ անկախության վրա։

Այս առումով՝ կասկած կա, թե ՔՊ առաջնորդն ամերիկայահերի հետ զրույցում ձևացրել է, թե անկախության ջատագով է դարձել, պետությունը գերնպատակ է համարում, ռուսական շահեր չի սպասարկում, որ չմերժվի ամերիկացու կողմից։

Նկատենք, որ պետությունը գերնպատակ է ազգայնական, պահպանողական գաղափարախոսություններում։ Այդպիսի ուժեր ՀՀ-ում շատ կան, համարժեք ծրագրերով։ Իսկ ՔՊ-ն մերժել է իզմերը, ներկայացել ազատական, երբևէ չի հայտարարել, թե հարազատել է պահպանողական, ազգայնական, անկախական գաղափարներ, դարձել ազգային-պահպանողական հոսանքի երբեմնի առաջնորդ Մկրտիչ Խրիմյանի գաղափարների հետևորդ։ Եթե գաղափարական ձևափոխում է եղել, ապա այդ մասին ինչո՞ւ մի տող չկա ՀՀ կառավարության ծրագրում, կառավարող կուսակցության ծրագրային դրույթներում, պաշտոնական փաստաթղթերում, ռազմավարություններում, հայեցակարգերում։

Եթե նոր գաղափարախոսությունը վերաբերում է անկախության հնարավորության իրացմանն, ապա այս ուղղությամբ ինչո՞ւ էական քայլեր չեն արվում։ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից դուրս չի եկել, 1995-ի մատի 16-ի պայմանագիրը չի լուծվել, ՀՀ-ից ռուսական զորքերն ու ռազմակայանը դուրս չեն հրավիրվել, չհաշված՝ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս հրավիրվածներին։ Չի իրականացվել դեսովետիզացում, ռուսական գործակալներն օրենքով չեն հեռացվել իշխանության օղակներից։ Նույնիսկ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունելու հարցն են անհիմն ձգձգում շաբաթներ շարունակ։

Հետևաբար՝ հիմնավոր է կասկածը, թե ՀՀ-ում գաղափարախոսության փոփոխության մասին Փաշինյանի հայտարարությունը կեղծ է։ Ոչինչ էլ չի փոխվել։ Իսկ անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորությունը 44-օրյա պատերազմում պարտության հետ կապելով, Փաշինյանը փորձում է արդարացնել նախկիններին և իրեն, որ սպասարկել են ռուսական շահեր, երկրորդել ՀՀ անկախությունը, Մոսկվային իրավունքներ նվիրել, աշխարհում տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ն ռուսական ազդեցության գոտի է, հակաքաղաքակրթական ուղեգիծ ընտրած դրածո վարչախմբով, որի սխալներն էլ աղետալի պարտության պատճառ են դարձել։

Պարզ ասած՝ անկախությունը երկրորդելն օրինաչափորեն հանգեցրել է պարտության ու կորուստների։ Իսկ պարտության միջով անցնելը ոչ թե անկախության հնարավորություն է ստեղծել, այլ վերացրել է ռուսական շահեր սպասարկելու հիմնավորումներից մեկը։ Ենթադրելի է, որ Փաշինյանը գիտակցաբար է թարս գաղափարախոսություն զարգացնում, ստվերում անկախության գաղափարի նվիրյալների ներդրումը, արժեզրկում Արցախի ազատության համար պայքարը, ակնարկում, թե անկախության և ինքնիշխանության ճանապարհն անցնում է պարտության միջով։ Այդպիսով՝ հանրության մի մասին տրամադրում է անկախության և անկախականների դեմ, մի մասին՝ Արցախի ու արցախցիների դեմ, իսկ ինքը «տանիքում նստած» անվրդով շարունակում է սպասարկել Մոսկվայի շահերը, ինչպես խոստացել է 2018-ին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:35 Էլեկտրոնային ծխախոտ օգտագործող երիտասարդների մոտ նոր հիվանդություն է հայտնաբերվել․ RBC
12:50 ՌԴ-ում խորթ հայրն անչափահաս որդուն դաժանորեն ծեծել է՝ վեյփ օգտագործելու համար․ RIA
08:39 Երկրաշարժ` Հայաստանում․ այն զգացվել է մի քանի մարզերում
12:37 Մի քանի տոննա տորֆով բարձված բեռնատարը Աստվածընկալի ձորի հատվածում մերկասառույցի պատճառով կողաշրջվել է. shamshyan.com
23:21 Պուտինը ռուս գործարարներին խորհուրդ է տվել չսպասել Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը. Faridaily
23:15 Ձիթողցոնց տուն-թանգարանում աշխատանքի ժամին «մեր Սարիկ»-ի համար ձայներ են հավաքում
17:00 Գնացքի տակ ընկած քաղաքացին տեղում մահացել է․ նոր մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
21:20 Շիրակի մարզում բախվել են Mercedes-ը, Skoda-ն և 2 «ՎԱԶ 2107»-երը․ 3 վիրավորներից մեկը երեխա է․ shamshyan.com
17:42 Civic-ը կեղծ հարցումներով գյումրեցիներին մանիպուլացնում է․ «Ականատես»-ի ահազանգը
12:43 Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը