copy image url
Միտք 2 տարի առաջ - 12:26 04-03-2022

Ձեր մշակած խիյարը շարունակելու է թարս աճել



Կառավարությունը հերթական նիստում անդրադարձավ գյուղոլորտի առջև ծառացած խնդիրներին։ Քննարկման ընթացքից, հնչեցված մտքերից մեկ անգամ ևս հասկանալի դարձավ, որ ոլորտի խնդիրներին փորձում են լուծում տալ մարդիկ, որոնք գյուղատնտեսությանը ծանոթ են այնքանով, որ ընդամենն «ամեն օր կարտոֆիլ են ուտում», ինչպես ժամանակին ասում էր Ուինստոն Չերչիլը։ Մի կողմից խոսվում էր պարատանյութերի եռակի թանկացման, գլոբալ տաքացման, ոռոգման ջրի քանակների նվազման, ջրային համակարգերի մաշվածության մասին, խնդիրներ, որոնց զգալի մասը վարչապետի իսկ խոստովանությամբ, առաջիկայում լուծվող չեն, մյուս կողմից Էկոնոմիկայի նախարարը կոչ էր անում գյուղացիներին հնարավորինս շատ հողեր մշակել, քանի որ « սննդամթերքի գներն աճելու են, և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ»:

Նախարարը «մոռացել էր», որ պարատանյութից բացի թանկացել է դիզվառելիքը, մեխանիզացիան, վարուցանքի աշխատանքները, թանկացել են սերմերը, թունաքիմիկատները, ձեռքի աշխատանքը և այդ ամենի արդյունքում էապես բարձրանալու է գյուղմթերքի ինքնարժեքը։ Այս իրավիճակում արդյո՞ք գյուղմթերքի գներն այնքան կաճեն, որ գյուղատնտեսությունը հրապուրիչ դառնա։
Եթե առաջիկայում, պայմանավորված պատերազմով դեպի ՌԴ, որտեղ իրացվում է մեր արտադրված թարմ ու վերամշակված գյուղմթերքի 80%-ից ավելին, արտահանման խնդիրներ առաջացան, ապա գյուղացին կործանվելու է։ Իսկ խնդիրների առաջացման հավանականությունը մեծ է։ Այսօր արդեն որոշ հայ գործարարներ ակտիվորեն զբաղված են Իրանից ՀՀ բանջարեղեն ներկրելով ու որպես հայկական ՌԴ արտահանելով։ Իրանականը անհամեմատ էժան է մերինից ու այդ գործարարները հայրենասիությունից մղված իրենց շահույթը չեն թողնելու ու թանկ հայկական գյումթերք արտահանեն։ Հատկապես, որ ՌԴ-ում պայմանավորված ռուբլու կուրսի անկմամբ բնակչության գնուղունակության խնդիր է առաջանալու։ Կառավարությունն էլ այդ ուղղությամբ ոչ խոսում է, ոչ մտածում։

Ինչ վերաբերվում է Փաշինյանի կողմից գյուղատնտեսության փրկությանն ուղղված գաղափարներին։ «Ինչպես տեսնում ենք, վերջին 2 տարում գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում անընդհատ. առաջինը քովիդն էր, երկրորդը՝ աշխարհաքաղաքական զարգացումները և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս առումով, այո՛, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում (քննարկման ընթացքում հնչած թերևս միակ առողջ միտքը ): Բայց մյուս կողմից, միակ լավատեսականը ստեղծված իրավիճակում կարող է լինել գյուղատնտեսության զարգացումը։ Իհարկե, այս առումով մենք նաև հասկանում ենք, որ կա զուգահեռ մեկ ուրիշ պրոբլեմ․ կլիմայի գլոբալ փոփոխության արդյունքում ամեն տարի ջրի հետ կապված ավելի ու ավելի լուրջ պրոբլեմներ ենք ունենում, մանավանդ, եթե հաշվի առնենք մեր ջրային համակարգերի մաշվածության աստիճանը․․․»:

Իրոք, մեզանում «գյումթերքի գնաճային երկրաշարժեր են»։ Բայց դրանք հետևանք են ոչ թե Փաշինյանի նշած քովիդի ու աշխարհաքաղաքական զարգացումների, այլ վերջին չորս տարիներին գյուղոլորտում «չ»իրականացված քաղաքականության։ Ահավասիք․ վիճակագրական կոմիտեի տվյալները․ 2017թ․-ի հանրապետությունում ցանք է կատարվել 294․5 հազար հա-ի վրա։ Այդ ցանքատարածությունների մակերեսները կայունորեն նվազել են և 2021թ․-ին այն կազմել է ընդամենը 227․2 հազար հա։ 2017թ․-ին մշակվել է ավելի քան 155 հազար հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, 2021թ․-ին այդ թիվն իջել է 125 հազարի։ 2017թ․-ին հանրապետությունում ցորեն է մշակվել 82․4 հազար հա-ի վրա, 2021թ․-ին՝ 59 հազարի վրա։ 2020թ․-ի աշնանացանը կատարվել է 2019թ․-ի սեպտեմբերին, երբ դեռ քովիդի մասին խոսք չկար։ 2017թ․-ին կարտոֆիլի տունկ է արվել ավելի քան 25 հազար հա-ի վրա, 2018թ․-ին՝ 22-ի, հետո՝ 20․5-ի, վերջին տարում՝ 20-ի։ Բանջարանոցային մշակաբույսերի մշակության տարածքները 2017թ․-ի 28․3 հազար հա-ից նվազել են 2021թ․-ին՝ հասնելով 19․3 հազար հա-ի։ Նույն վիճակն է բերքատվության առումով։ 2017թ․-ին ցորենի միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 2․18 տոննա, նվազելով 2021թ․-ին հավասարվել է 1․68 տոննայի։ Հացահատիկային մշակաբույսերինը․ 1․98 տոննա/հա-ից նվազել է 1․29-ի։ Կարտոֆիլի բերքը 21․5 տոննա/ հա-ից նվազել է 17․9 տոննայի։ Բանջարեղենիը՝ 28․6-ից իջել է 27․1-ի։ Ընդ որում համարյա բոլոր դեպքերում եղել է կայուն անկում։ Տրամաբանական է, որ նման զարգացումների դեպքում առաջարկ-պահանջարկի համակշռվածությունը խախտվելու էր ու «գների երկրաշարժեր» տեղի ունենային։ Այստեղ քովիդի կամ Ուկրաինայի դեպքերի ազդեցությունը գրեթե զրոյական է։ Իսկ նվազել են, որովհետև պոպուլիզմով տարված 2018թ․-ին Փաշինյանը հրաժարվեց Սևանից ջուր բաց թողնել, ինչի արդյունքում 7 մլրդի կորուստն ունեցանք, հետո ջրային տնտեսությունը լցրեցին ամենքը իր հարազատներին, որոնք հողն ու ջուրը չեն տարբերում, նախարարությունը վերացնելուց հետո վերացրին նաև գյուղատնտեսության խորհրդատվության համակարգը և այսօր ունենք այն, ինչ ունենք։ Գնային երկրաշարժերն էլ թվարկյալ ու բազում այլ մասնագիտական կոպիտ սխալների արդյունք է։

«Ակնհայտ է, որ ավանդական գյուղատնտեսությունն ապագա, հեռանկար չունի, որովհետև կա ջրի խնդիր։ Շատ ցավալի է, որ այս ընթացքում ՀՀ-ում օրգանական պարարտանյութերի արտադրությունը չի զարգացել: Միտումները ցույց են տալիս, որ աշխարհում զարգանում է օրգանական պարարտանյութերի արտադրությունը և զուգահեռ էականորեն ավելանում է օրգանիկ գյուղատնտեսական ապրանքի գինը: Այսինքն՝ այդ ուղղությունը դառնում է շատ շահութաբեր բիզնես: Բայց մենք այդ զարգացման ծրագրերը չենք կարողանում պատշաճ ձևով իրականացնել, որովհետև անընդհատ տեղային փոքր, պայմանական հրդեհներ մարելու տրամաբանության մեջ ենք: Մենք ջրի պրոբլեմի լուծման համար ծրագիր ենք ներդրել. կաթիլային ոռոգման անցնող մինչև 3 հեկտար տնտեսություններն ազատվում են ջրի վարձից, բայց չգիտենք ի վերջո, գործնականում դա գործարկվում է, թե չէ»:

Թե ինչ կապ ունի ոռոգման ջուրն օրգանիկ գյուղատնտեսության հետ, օրգանիկն ավանդականի մահվան հետ, որոնց մասին խոսում է վարչապետը, անհասկանալի է։ Նախ․ աբսուրդ է, երբ ջրի խնդրից է խոսում մի երկրի վարչապետ, որի տարածքով տարեկան մակերեսային ջրերի հոսքը կազմում է 7․4-ից 10 մլրդ խմ և որից ընդամենը 2․5 մլրդ խմ են վերցնում։ Սրանից էլ շուրջ մեկ մլրդ խմն անտեղի կորչում է։ Եղբայր ադրբեջանցիները ջրի լուրջ խնդիրներ ունեն, գուցե առաջիկա քիրվայությունից ելնելով թողնում են, որ նրանց էլ բաժին հասնի։ Դա այլ հարց է, իսկ եթե այդպես չէ, ապա կարող են պոմպակայանները գործի գցել։ Թեկուզև թանկ, որ վերջնարդյունքում շատ ավելի էժան է քան պարենային ռիսկերը, որի առաջ առաջրիկայում հայտվելու է երկիրը։ 2019թ․-ին դիմել եմ Ջրտնտպետկոմի այն օրերի նախագահին, խնդրելով պարզաբանել ոռոգման համակարգում գույքագրում կատարվել է, ունեն համակարգում տիրող իրավիճակի պատկերը և հաշվարկներ կատարվել են թե ինչ առաջնահերթ քայլեր, ինչ ծախսեր պետք է իրականացվեն համակարգում լուրջ խափանումներից զերծ պահելու համար։ Պատասխանել են, որ գումար են հատկացրել 2020թ-ին այդ աշխատանքները իրականացնելու համար։ Մինչ օրս դա չի արվել, համակարգը չի ուսումնասիրվել։ Չգիտեն թե 17 հազար կմ ներտնտեսային ցանցից քանի կմ-ն է պիտանի, քանիսում պետք է հիմնանորոգման աշխատանքներ իրականացվեն։ Բայց, եթե իրենց իսկ խոստովանմամբ չգիտեն, թե ամիսներ առաջվա իրենց որոշումը կաթիլայինի վերաբերյալ իրականացվում է, թե՝ ոչ, ապա ավելին սպասելն անիմաստ է։ Եթե մինչ օրս Հայաստանի գյուղատնտեսության ավելի քան 80%-ն ընդամենը մարդկանց սոցիալական ապահովության խնդիր է լուծում ու հանրապետության վարչապետը չգիտի այդ մասին ու այդ ֆոնի վրա խոսում, «ծրագրեր է քննարկում» գյուղատնտեսության բիզնես արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ապա գնային երկրաշարժերը անպակաս են լինելու և ինչպես ժամանակին ասում էր դասականը․ ձեր մշակած խիյարը շարունակելու է թարս աճել։