Օրհներգի ապօրինի փոփոխումը ցնցումներ է առաջացնելու
copy image url

Օրհներգի ապօրինի փոփոխումը ցնցումներ է առաջացնելու

Միտք Ներքին 2 ամիս առաջ - 19:00 21-01-2025
Երբ երկրի բարձրագույն պաշտոնյայի կամ կուսակցության ցանկությունն ավելի բարձր է դասվում, քան օրենքը, ապա ասում են, որ երկրում հաստատվել է դիկտատուրա։ Իսկ երբ կատարվում է մի բան, որը օրենքով հիմնավորված չէ, ապա ասում են, որ կատարվածը չունի օրինական հիմք, ապօրինի է։

ՀՀ օրհներգի մասին ՀՀ օրենքի հոդված 4-ով սահմանված է՝ «Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է կատարվի սույն օրենքի հավելվածով հաստատված երաժշտական խմբագրությամբ և տեքստի համապատասխանությամբ»: Ամիսներ առաջ իշխող կուսակցությունը շրջանառության մեջ դրեց նախագիծ, որով առաջարկում էր փոփոխություն կատարել ՀՀ օրհներգի տեքստում, 2-րդ, 3-րդ և 4-րդ քառատողերը փոխատեղելով։ Նախագիծն ընդգրկված է լիագումար նիստի օրակարգում։ Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, և այն օրենքի ուժ է ստանալու ԱԺ քվեարկությամբ։

Սակայն ՔՊ-ական իշխանությունն ակնհայտ և ցուցադրաբար շրջանցում է օրենքը։ Օրհներգի տեքստի փոփոխությունը օրենքով չի հաստատվել, բայց փոփոխված տարբերակն արդեն հնչում է Հ1-ով։ Իսկ հունվարի 20-ին այն կենդանի կատարմամբ հնչեց ԱԺ գարնանային նստաշրջանի բացման ժամանակ։ Հարկ է գիտակցել նաև, որ օրհներգի տեքստը փոփոխվում է, երբ փոխվում է պետության կերպը։ Այսպիսի փոփոխություն լինում է հեղափոխությունից հետո, երբ որակապես նոր պետություն է ձևավորվում, նոր արժեքներ են սահմանվում, պետական նոր գիտակցություն է արմատավորվում, որի արդյունքում փոխվում սոցիալ վարքաբանությունը։ Վերջինը, սովորաբար՝ ուղեկցվում է հոգեբանական ցնցումներով։ Իսկ եթե փոփոխությունն արվում է ապօրինի, ապա ցնցումների կրկնապատկվելու ռիսկեր են առաջանում։

Ինչո՞ւ է ՔՊ-ական իշխանությունը շրջանցում օրենքը։ Մտադիր են Հայաստանը անարխիստական հանրապետությո՞ւն դարձնել, թե՞ ուզում են Նիկոլ Փաշինյանին միապետ կարգել։

Ակնհայտ է, որ հունվարի 20-ին ԱԺ-ում հնչած օրհներգի տեքստն ապօրինի է, քանի որ տեքստը հաստատված չէ օրենքով։ Նկատենք, որ օրհներգի փոփոխության համար իշխանությունն ունի անհրաժեշտ ձայներ ԱԺ-ում։ Հարցն այնքան բարդ ու ծավալուն չէ։ Հիմնավորումները պարզ են։ Նախագիծն ԱԺ-ով անցկացնելու համար կպահանջվեր կարճ ժամանակ։ Այսինքն՝ առաջարկվող փոփոխություններին օրենքի ուժ տալն առանձնակի դժվար չէր։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ իշխանությունները միտումնավոր են շրջանցում օրենքը։ Հավանաբար՝ ուզում են ցույց տալ ժողովրդին և միջազգային հանրությանը, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր չէ, իրավական պետություն չէ, ֆեոդալական կալվածք է, որտեղ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, կամայականությունը օրենքի ուժ ունեն։ Ու եթե ժողովուրդն ու միջազգային հանրությունն ըմբռնումով վերաբերվեն այսպիսի ապօրինություններին, ապա ՔՊ-ն լեգիտիմ իրավունք կստանա Հայաստանը հռչակելու թագավորություն, իսկ Փաշինյանին՝ բացարձակ միապետ, որի ցանկությունն օրենքից վեր է։

Իսկ եթե ՔՊ-ն մտադիր է հետևել ատաման Մախնոյի օրինակին և ՀՀ-ն վերանվանել «Հուլյայպոլեի անարխիստական հանրապետություն-2», ապա օրհներգի հետ կապված ապօրինությունը կարող է նախադեպ դառնալ։ Հետագայում կարող են լուծարել ոչ միայն ԱԺ-ն, այլև իշխանության բոլոր օղակները, Փաշինյանին օժտել անառարկելի, բացարձակ հեղինակությամբ, իսկ օրենսդրությունը փոխարինել Փաշինյանի թիմակիցների կոլեգիալ որոշումներով։

Կարճ ասած՝ օրհներգի տեքստի փոփոխությունն՝ առանց համապատասխան օրենքի փոփոխության, հակաիրավական գործելաոճ է, որի հետևանքով ՀՀ-ն կարող է զրկվել ժողովրդավարական աշխարհի աջակցությունից, իսկ հասարակությունը կարող է այլասերվել, ինչից հետո օրենքի նկատմամբ հասարակական վստահությունը վերականգնելու համար տևական ժամանակ կպահանջվի։ Ուստի՝ եթե ՔՊ-ում գիտակից մարդիկ կան, ապա պետք է դադարեն շրջանցել օրենքը։

Թաթուլ Մկրտչյան