Ներքին 45 րոպե առաջ - 15:30 04-11-2026

Վթարի հետևանքով՝ 9 մահ, Գյումրու ողբերգությունը, 65 հասցեներում խուզարկություն․ Ամփոփ լուրեր

Այսօր վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խուզարկություններ են ընթանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ Նարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն արդեն ավարտվել է, և առգրավվել են երեխաների համակարգիչները։ Նա նաև նշել է, որ այս տարի արդեն 3-րդ անգամն են խուզարկում Սամվել Կարապետյանի տունը, իսկ Նարեկ Կարապետյանի բնակարանը՝ 4-րդ անգամ:

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:25-ի սահմաններում 64-ամյա Գեղամ Հ.-ն, իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշի փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ, հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել 72-ամյա Գուրգեն Կ.-ին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել և ահազանգել է շտապօգնություն: Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Նոյեմբերի 3-ի երեկոյան՝ ժամը 20։55-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում (Ուշիի ոլորաններում), տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Բախվել է չորս ավտոմեքենա։ Բախումն այնքան ուժգին է եղել, որ 9 հոգի տեղում մահացել են, իսկ ևս 3-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, ծանր վիճակում տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում ողջ գիշեր անդադար աշխատել են ՆԳՆ փրկարարներն ու ոստիկանության ծառայողները։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հոսանքազրկել են բախված մեքենաները։ Իրավապահները պարզում են 9 անձի կյանք խլած ողբերգական վթարի հանգամանքներն ու պատճառները։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Բաքվի բողոքն ընդդեմ Հայաստանի։ Խոսքը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի գործի մասին է։ ՄԻԵԴ-ը դեռ հունիսին հօգուտ հայկական կողմի որոշում էր կայացրել, որը Ադրբեջանը հույս ուներ չեղարկել։ Հիմա վերջնականապես մերժել է Բաքվին, և հայ դիմումատուների հաղթանակը մտել է օրինական ուժի մեջ։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը ընդգծում է՝ սա առանցքային որոշում է, որը հիմք է դառնալու նաև մյուս բոլոր դատական գործերի համար։

Նոր կենսաչափական փաստաթղթերի ներդրման գործընթացը քաղաքացիների շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացրել։ ՆԳՆ մամուլի քարտուղարը հանդես է եկել պարզաբանմամբ՝ ներկայացնելով, թե որ դեպքերում է պարտադիր երկու փաստաթղթի առկայությունը։ Ըստ այդմ՝ 16 տարին լրացած քաղաքացիների համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր պայման է։ Եթե քաղաքացին արդեն ունի վավեր ID քարտ, ապա անձնագիր ստանալու համար քարտը փոխարինելու կարիք չկա․ անհրաժեշտ է միայն բջջային օպերատորի գրասենյակում ակտիվացնել «ԵսԵմ» համակարգի Mobile ID ծառայությունը։ Այն քաղաքացիները, որոնք չունեն նույնականացման քարտ, անձնագիր ստանալու համար ստիպված կլինեն ձևակերպել երկու փաստաթուղթն էլ։ Բացառություն են կազմում մինչև 16 տարեկան երեխաները, որոնց համար կարելի է ստանալ միայն անձնագիր։ Իսկ այն քաղաքացիները, որոնք արտերկիր մեկնելու նպատակ չունեն, կարող են սահմանափակվել միայն նույնականացման քարտ ստանալով։

Գյումրիում 3-ամյա աղջկա ողբերգական մահվան դեպքով ծնողը մեղադրում է բժիշկներին։ Վահրամաբերդ գյուղի բնակիչ Աստղիկ Գևորգյանը Oragir.News-ին բացառիկ մանրամասներ է հայտնել՝ պնդելով, որ դստերը պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել։ Մոր խոսքով՝ հոկտեմբերի 19-ին երեխային տեղափոխել են Գյումրիի մանկական ավստրիական հիվանդանոց, որտեղ, սակայն, նրան պատշաճ չեն զննել՝ վիճակը վերագրելով սեզոնային վիրուսին։ Հաջորդ օրը երեխայի վիճակը կտրուկ վատացել է, և հիվանդանոցում ընդամենը մեկ օր մնալուց հետո 3-ամյա փոքրիկը մահացել է։ Oragir.News-ի հարցմանն ի պատասխան՝ Գյումրու բժշկական կենտրոնից պարզաբանել են, որ երեխան ընդունվել է վիրուսային ինֆեկցիայով, վիճակի ծանրանալուց հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ արձանագրվել է մահը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները պարզում են ողբերգության հանգամանքները։

Քաղաքական լուրջ տեղաշարժ ԱՄՆ-ում․ Դեմոկրատները, ամենայն հավանականությամբ, մեծամասնություն կկազմեն Սենատում։ Ամերիկյան լրատվամիջոցների կանխատեսումներով՝ Դեմոկրատական կուսակցությունը վերահսկողություն է սահմանում Սենատի նկատմամբ։ Վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնելու համար դեմոկրատներին անհրաժեշտ էր ապահովել առնվազն 51 մանդատ։ Ուշագրավ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը։ The New York Times-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և աշխատել դեմոկրատների հետ։ Թրամփի խոսքով՝ իրենք անհամբեր սպասում են համագործակցությանը և, հնարավոր է, համատեղ արդյունքների հասնեն։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են