Ես այդ պատվիրակության կազմում չեմ էլ եղել, որ իմանամ պարոն Ավինյանը ե՞րբ է նստել, ե՞րբ է վեր կացել, ե՞րբ պետք է ինչ-որ բան նկատեր կամ չնկատեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ կատարած այցի տոմսերի գներին:
«Կա հետևյալը՝ մեր ընդդիմադիր գործընկերները, մամուլը բարձրաձայնել են խնդիր, որ թանկարժեք է այդ տոմսը, որով պարոն քաղաքապետը մեկնել է ԱՄՆ: Քաղաքապետն էլ ասաց՝ երբ իմացել է, որ ինչ արժե տոմսը, համարել է, որ քննադատությունն օբյետկիվ է, արձագանքել է: Էլ ի՞նչ եք ուզում, որ քաղաքապետն անի»,- աել է Գրիգորյանը:
Հարցին՝ եթե աղմուկ չբարձրանար չէիք իմանա՞ որ դա թանկ տոմս է, նա նշել է. «Այնպես չէ, որ կամայական որևէ աշխատող իրեն դուր եկած տեղից գնում է տոմս: Գոյություն ունի համապատասխան համակարգ, որի միջոցով այդ տոմսերը ձեռք են բերվում: Այս դեպքում ընթացակարգային առումով բան չի խախտվել: Այնպես չէ, որ ինչ-որ մեկը գնացել, իր բարեկամի ֆիրմայից գնել է այդ տոմսը, քանի որ պատշաճ ժամկետում չի գնվել, գնվել է հրատապ կարգով, եղել է այդ գինը, որը արդարացված չէ և քաղաքապետն իր դիրքորոշումը արտահայտեց»