Ուղիղ եթեր
Տգիտության ճիրաններից ազատագրվելու ամենակարճ ուղին
copy image url

Տգիտության ճիրաններից ազատագրվելու ամենակարճ ուղին

Միտք Ներքին 4 ամիս առաջ - 09:05 24-12-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, դեկտեմբերի 23-ին մեջբերել է Oragir.News-ում դեկտեմբերի 18-ին հրապարակված «Լիկբեզ. Աննա Հակոբյանը կրթում է ԵՊՀ դասախոսներին» հոդվածից մի հատված՝ «Բերված օրինակները գուցե հուշեն կրթարշավ նախաձեռնողին, որ կրթվելը նորաձև համարելը նսեմացնում է կրթության նշանակությունը։ Սա նաև վիրավորական է ժողովրդի հասցեին, քանի որ պարունակում է ակնարկ, թե հայերն այնքան դեբիլ են, այնքան թքած ունեն կրթության վրա, որ ստիպված խաբում ենք, թե կրթությունը նորաձև է, որ մի ձև կրթենք»։ Այնուհետև՝ վարչապետի կինը հայտարարել է, թե ««Կրթվելը նորաձև է» արշավի նպատակը այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է»։

Վարչապետի տիկնոջ այս հայտարարությունը մարտահրավեր է, որը հանրային լայն արձագանք է ստացել։ Ինչպե՞ս է «Կրթվելը նորաձև է» արշավն ազատագրելու մարդկանց, առաջին հերթին՝ հեղինակիս, տգիտության ճիրաններից։

Այս առումով հանրային խոսույթում շրջանառվում է 3 ճանապարհ։

Տգիտության ճիրաններից ազատագրելու մասին ամենատարածված մեջբերումները երկու աղբյուրից են՝ Բհագավատ Գիտայից և Նելսոն Մանդելայից։ Գիտան հանրայնացվում է որպես գիտելիք, որպես տգիտության ճիրաններից ազատագրվելու բանալի։ Հետևաբար՝ առաջինն, ինչ մարդկանց մտքով անցնում է, այն է, որ «Կրթվելը նորաձև է» արշավը վերաճելու է կրոնական ուղղության։ Հայտնի է, որ Եվրոպայում քաղքենիաժողովրդավարական առաջին հեղափոխություններն ուղեկցվել են բողոքական շարժումերով, որոնք հոգևոր լիցք են հաղորդել, դարձել հեղափոխական արժեքների, գաղափարների ամրացման, հանրայնացման, ներդաշնակեցման միջոց։

Մյուս կողմից՝ «Կրթվելը նորաձև է» արշավի նպատակի համար, ըստ Աննա Հակոբյանի՝ «պետք է կիրառել ամբողջ գործիքակազմը, առօրյա կյանքում ամեն քայլափոխի նույնականացնել և ճանաչել տգիտությունը և բարձրաձայն ընդդիմանալ դրան, չվախենալ ու չամաչել «Չգիտեմ» բառն ասելուց և սովորել այնպիսի կարևոր հմտություններ՝ ինչպիսիք են, օրինակ, ուրախանալը, կամ մեդիագրագիտությունը, կամ ընտանեկան բյուջեն վարելու ֆինանսական գրագիտությունը և այլն և այլն»։ Ակնհայտ է, որ թվարկված որոշ խնդիրները կենսափիլիսոփայական են, որոնց պատասխանները, սովորաբար, տալիս է կրոնը։

Համադրելով այս փաստերը կարելի է ենթադրել, որ «Կրթվելը նորաձև է» արշավը վերաճելու է կրոնական ուղղության, որը ներառելու է որոշ բաներ հայտնի կրոններից, որոշ բաներ Նիկոլ Փաշինյանի ելույթներից, ստատուսներից, մտքերից։ Եվ այդ նոր կրոնի հետևորդները, որոնք դեռ հայտնի չէ, թե իրենց ինչպես կկոչեն, կտարածեն լույսը խավարի մեջ խարխափող ու տգիտության ճիրաններում տառապող մարդկանց շրջանում։ Այլ կերպ ասած՝ հայ ժողովրդին կրոնափոխություն է սպասվում իր բոլոր ռիսկերով հանդերձ։

Երկրորդ ճանապարհով գնալու պարագայում «Կրթվելը նորաձև է» արշավը տիգիտության ճիրաններից մարդկանց ազատագրելու համար կիրառելու է նույն մեթոդներն, ինչ արել են չինական Մշակութային հեղափոխության ժամանակ։ Այս մասին մտավախություն էինք հայտնել վերը նշված հոդվածում։ Սակայն, երբ Աննա Հակոբյանը հայտարարեց, որ արշավի նպատակը մարդկանց, նաև՝ հոդվածի հեղինակիս, տգիտության ճիրաններից ազատագրելն է, ապա մտավախությունը մարմին ստացավ, քանի որ այս մոտեցումը բնորոշ է հեղափոխական շարժումներին։ Այս դեպքում առաջնային խնդիր է դրվում մաքրել մարդկանց ուղեղները նախկին, հին, աշխարհի հետ կոնֆլիկտ ունեցող պատկերացումներից ու գիտելիքներից, ազատագրել սոցիալ հոգեբանությունը պետականազուրկ դարերում արմատավորված կաղապարներից, դրանից հետո ներդնել նոր ճշմարտություններ, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանը ամենաազնիվ, ամենահանճարեղ, ամենախիզախ, ամենահայրենանվեր, ամենա-ամենա առաջնորդն է, գրեթե՝ կիսաստված։ Նա է լույսը, ճշմարտության ու գիտելիքի աղբյուրը, որից ծարավ են հագեցնելու իրական Հայաստանի քաղաքացիները։ Դժվար է կանխատեսել, թե ինչ կանեն այն մարդկանց, որոնք չեն ուզենա խմել ճշմարտության ու գիտելիքի այս աղբյուրից։ Հիշեցնենք, սակայն, որ չինական Մշակութային հեղափոխությանը զոհ են գնացել 3 միլիոն մարդ, հալածվել, աքսորվել, ստորացվել են 36 միլիոնը։ Սա Չինաստանի պատմության ամենաամոթալի էջն է։

Երրորդ վարկածը լավատեսական է։ Ենթադրելի է, որ «Կրթվելը նորաձև է» արշավը կսահմանափակվի Փաշինյանի հետևորդների շրջանակով, ինչպես և կա իրականում։ Արդյունքում՝ ՔՊ համակիրների շարքերում կհալածվեն տգետները։ Անկիրթ մարդիկ չեն զբաղեցնի բարձր, պատասխանատու, քաղաքական պաշտոններ։ Ամեն մեկն իր տեղը կճանաչի՝ ըստ իր կրթության աստիճանի։ Կսահմանվի կրթական ցենզ, որը կհանգեցնի կրթական մցավազքի։ Իսկ եթե 2025-ին կիրթ մարդիկ շեշտակի շատանան ՔՊ-ի ներսում ու համակիրների շրջանում, ապա նրանք ՔՊ գալիք համագումարում նախագահ կընտրեն ավելի կիրթ առաջնորդի, որն էլ կգլխավորի ցուցակը 2026-ի ընտրություններում։ Այսպիսով՝ «Կրթվելը նորաձև է» արշավը կհանգեցնի թավշյա իշխանափոխության։

Կարճ ասած՝ տգիտության ճիրաններից ազատագրվելու ամենակարճ ուղին երրորդն է։ Եվ ինչքան արագ կրթվեն ՔՊ-ականները, այնքան շուտ կհասկանան, որ Փաշինյանից ավելի խելացի, պատասխանատու, քաղքականապես կրթված մարդիկ կան իրենց շուրջը, որոնք կարող են Հայաստանն առաջնորդել դեպի ազատության լույսը, քաղաքակրթական ընտրություն կատարել, իրապես ազատագրել ու ազատ աշխարհի ներդաշնակ մասը դարձնել մեր Հայրենիքը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
21:26 Պատերն ու պարիսպը քանդեցին, բողբոջած ծառերը կտրեցին, հմի էլ հողամասս ձեռքիցս կխլեն. արթիկցի
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը