Լիկբեզ. Աննա Հակոբյանը կրթում է ԵՊՀ դասախոսներին     
copy image url

Լիկբեզ. Աննա Հակոբյանը կրթում է ԵՊՀ դասախոսներին     

Միտք Ներքին 4 ամիս առաջ - 14:10 18-12-2024
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 17-ին կրթարշավի շրջանակում այցելել է ԵՊՀ։ Խորհրդային բռնազավթման առաջին տարիներին նման կրթարշավ էր կազմակերպվում, որի նպատակն էր վերացնել անգրագիտությունը։ Կրթված մարդկանց մեծ մասը բոշլևիկյան իշխանության հետ չէին համագործակցում։ Ու բոլշևիկները ստիպված «լիկբեզ» էին անցկացնում, որ կրթեին ժողովրդին, իշխանության աջակիցների շարքերում մեծացնեին կրթված մարդկանց թիվը։

Մերօրյա հեղափոխական, ՔՊ-ական իշխանության կրթարշավը գլխավորում է Աննա Հակոբյանը։ Սա շատ նման է բոլշիկյան «լիկբեզին», և խնդիրն էլ է նույնը՝ պայքար տգիտության դեմ, բարձրացնել ՔՊ-ի աջակիցների կրթական մակարդակը, որ փոխվի պատկերը, թե նրանք կիսագրագետ են։

Սակայն ինչու՞ է Աննա Հակոբյանը կրթարշավի շրջանակում հյուրընկալվել ԵՊՀ-ում։ Առաջին հայացքից՝ տպավորություն ստեղծվեց, թե դասախոսություն է կարդացել ԵՊՀ դասախոսների համար, սովորեցրել, թե ինչպես պիտի կրթեն ուսանողներին։ Սակայն Աննա Հակոբյանի գրառումից պարզվեց, որ այցի նպատակն այլ էր։

«ԵՊՀ ղեկավար կազմի, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ղեկավար կազմի, դասախոսների և ուսանողների հետ քննարկեցինք «կրթվելը նորաձև» է գաղափարը, կրթվելը մեր հանրային առավել լայն միջավայրում նախ նորաձև, ապա նորմա դարձնելու ճանապարհները։ Արձանագրեցինք, որ այս նպատակի համար պետք է կիրառել ամբողջ գործիքակազմը, առօրյա կյանքում ամեն քայլափոխի նույնականացնել և ճանաչել տգիտությունը և բարձրաձայն ընդդիմանալ դրան, չվախենալ ու չամաչել «Չգիտեմ» բառն ասելուց և սովորել այնպիսի կարևոր հմտություններ՝ ինչպիսիք են, օրինակ, ուրախանալը, կամ մեդիագրագիտությունը, կամ ընտանեկան բյուջեն վարելու ֆինանսական գրագիտությունը և այլն և այլն», իր այցի մասին գրել է Աննա Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով իրեն լսելու, գաղափարը հարստացնելու և արշավի ակտիվ մասնակից դառնալու պատրաստակամության համար։

Ժամանակ կար, երբ մարդը կրթվում էր, որ Աստծուն արժանի լիներ։ Գնոստիկները կրթվում էին աշխարհը ճանաչելու հավակնոտ նպատակով։ Լուսավորչականները կարծում էին, որ տգիտությունը չարիքի մայրն է, ուստի՝ բարու հաղթանակի համար պիտի կրթվես։ Քաղքենիական մոտեցմամբ՝ պիտի կրթվես, որ մարդ դառնաս։ Կան երկրներ, որտեղ կրթվելը նաև շահավետ է, քանի որ կրթվածը բարձր է վճարվում, բարձր դիրք է զբաղեցնում։ Բարեպաշտների համար կրթության իմաստը բարիք ստեղծելու համար հմտություններ յուրացնելն է։

Բերված օրինակները գուցե հուշեն կրթարշավ նախաձեռնողին, որ կրթվելը նորաձև համարելը նսեմացնում է կրթության նշանակությունը։ Սա նաև վիրավորական է ժողովրդի հասցեին, քանի որ պարունակում է ակնարկ, թե հայերն այնքան դեբիլ են, այնքան թքած ունեն կրթության վրա, որ ստիպված խաբում ենք, թե կրթությունը նորաձև է, որ մի ձև կրթենք։ Իսկ ով չկրթվի, նրան կհամարենք հետամնաց, կծաղրենք։ Ակնհայտ է, որ խաբեության վրա խարսխված այս արշավը վտանգավոր է։

Այդպիսի վտանգավոր մի արշավ եղել է չինական Մշակութային հեղափոխության շրջանում, որին զոհ է գնացել 3 մլն մարդ։ Արշավը ղեկավարում էր Մաոյի 4-րդ կինը՝ Ցզյան Ցին մականվամբ։ Շարժմանը ներգրավված խունվեյբինները ծաղրում ու ստորացնում էին դասախոսներին, որոնք Մաոյից զատ այլ գրքեր էին կարդում։ Այս համեմատությամբ՝ մտավախություն կա, որ առաջիկայում ԵՊՀ դասախոսներն ու ուսանողները կկարդան միայն Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ստատուսները, որ կրթվեն։ Իսկ ովքեր այլ բան կկարդան, ապա կհամարվեն անկիրթ ու հետամնաց։

Հտկանշական է, որ ԵՊՀ կայքում, էջում որևէ տեղեկատվություն չկա Աննա Հակոբյանի՝ ԵՊՀ այցելության մասին։ Ենթադրելի է, որ «կրթվելը նորաձև է» թեմայով ԵՊՀ-ականների հետ Աննա Հակոբյանի զրույց-քննարկումն այնքան վատ է անցել, որ ԵՊՀ-ականները չգիտեն, թե ի՞նչ ասեն ժողովրդին, որ չամաչեն։

Եթե ասեն, որ Աննա Հակոբյանը եկել, իրենց սովորեցնում էր, թե ինչպես ժողովրդին խաբենք, թե կրթվելը նորաձև է, ապա ինքնահարգանք ունեցող ԵՊՀ-ականները առնվազն՝ կամաչեն։ Եթե ասեն, թե այսօրվանից կրթություն ասելով, հասկանալու են այն, ինչ ակնարկել է Աննա Հակոբյանը իր սոցցանցային գրառմամբ, ապա լրիվ խայտառակ կլինեն ակադեմիական շրջանակներում։

Պարզ ասած՝ կրթարշավը լուրջ փորձությունների միջով է անցնում։ Ենթադրելի է, որ կրթարշավի հաջորդ կանգառը կլինի ԿԳՄՍՆ-ն, որտեղ Աննա Հակոբյանը նախարարին կսովորեցնի, թե որոնք են ոլորտի առաջնահերթությունները և տգիտության չափանիշները, հանձնարարական կտա, թե ինչ ծրագրեր պիտի իրականացնի ԿԳՄՍՆ-ն, որ մարդիկ «չգիտեմ» ասելիս չվախենան ու չամաչեն։

Թաթուլ Մկրտչյան