Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:10 11-02-2023

Նիկոլի մարդն է, ինչ ուզի կանի․ ՎՊՀ ռեկտորն ապօրինաբար պահումներ է կատարել դասախոսներին հասանելիք խրախուսական գումարներից

Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանն ապօրինաբար պահումներ է կատարել պրոֆեսորադասախոսական կազմի հասանելիք խրախուսական գումարներից։
Oragir.News-ի հետ զրույցում համալսարանի Պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը պատմեց, որ պահումներ արվել են բոլոր նրանցից, ովքեր գիտական կամ ուսումնական աշխատանքներ են հրապարակել, արվեստի կամ ուսումնական գծով աշխատանքներ են կատարել։
«Մենք խրախուսման համար կանոնակարգ ունենք, որը նախատեսում է, թե ինչ կարգով է խրախուսումը կատարվում։ Համատարած պահումներ են կատարվել բոլորից, հարցն այն է, որ մեր կանոնակարգը, որ գործում է 2017 թ-ից, հստակ սանդղակներ է սահմանում, թե որ աշխատանքի համար՝ ինչ չափով է խրախուսվում աշխատանքը, դա վերաբերում է գրքերին, դասագրքերին, մենագրությունների ուսումնական ձեռնարկներին, հոդվածներ հրապարակելուն։ Այդ կարգի աշխատանքների համար սանդղակ կա և ամեն աշխատանքի համար միավոր է սահմանված։ Մեկ միավորը 1000 դրամ էր։

Նա կոլեկտիվին թյուրիմացության մեջ գցելով փոփոխություն կատաեց կարգում, ասաց, որ 1000 միավորը քիչ է, կարող եք ավելի շատ ստանալ, բայց դրա համար եկեք համաձայնեք, որ ոչ թե կայուն գումար լինի, այլ գումարը լինի փոփոխական։ Տարեվերջին, երբ արդյունքներն ամփոփենք՝ միավորները որոշվի, եղած ամբողջ գումարը կհաստատվի ու կվճարվի որոշակի միավոր։ Նա բոլորիս հավատացնում էր, որ այդպես ավելի շատ գումար է վճարվելու, բայց արդյունքում այդպես չստացվեց։ Արդյունքում, նախկինում եղած 1000 դրամի փոխարեն մեկ միավորը ստացվեց 790 դրամ, բայց միաժամանակ, նա այդ 790 դրամից էլ համատարած 25 տոկոս հարկ է պահել, այն դեպքում, երբ մեր կանոնակարգի կետերից մեկը նախատեսում է, որ խրախուսման համար հարկ չպետք է գանձվեր»։

Մովսիսյանը վստահեցրեց, որ նախորդ բոլոր տարիներին պահումներ չի արվել։ «Նա ինքն էլ նախորդ տարիներին հարկ չի պահել, իսկ այս տարի անհասկանալի պատճառներով պահել է»։

Նա նաև տեղեկացրեց, որ բուհի 20-ից ավելի դասախոսներ, գիտությունների թեկածուներ, դոցենտներ, պրոֆեսորներ դիմել են՝ խնդրելով, որ պարզաբանի, թե ինչու են կանոնակարգի մի կետը կատարել, իսկ մյուս կետը, որը նախատեսում է, որ չպետք է խրախուսանքը հարկվի՝ այս տարի չի կատարվել։
«Նա մեզ անորոշ պատասխան է ուղարկել, պատասխանել է, որ առաջանորդվել է խրախուսման կարգի 24-րդ կետով, որը սակայն հստակ նախատեսում է, որ պահումներ չպետք է արվեն, մինչդեռ իրականում ինքը այդ պահումներն արել է։
Մենք երկրորդ անգամ նամակ ենք գրել, սակայն այս անգամ էլ 15 օր անցել է ու այդ նամակին պատասխան չկա։ Ավելին, նա այդ նամակը չի հասցեագրել որևէ մեկին, օրինակ իրավաբանին, որպեսզի վերջինը մեզ պարզաբանում տա։
Դրա փոխարեն ոստիկանություն է դիմել, թե իբր երկրորդ նամակի հետ կապված ինչ-որ փոփոխություններ ենք արել, ընդ որում ՝ նա չի նշում, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը։

Արդյունքում մենք այս պահին ոչ միայն որևէ պարզաբանում չունենք իր կատարած ապօրինության մասին, թե ինչու նա կանոնակարգին չի հետևում, այլև մի բան էլ ինքն է ոստիկանություն դիմում»։

Նա նաև հայտնեց, որ ոստիկանության աշխատակից է դիմումի հետքերով եկել համալսարան ու պարզաբանումներ պահանջել։
Մովսիսյանը նաև հայտնեց, որ իր հաշվարկով, իրեն պարտք են մնացել, մոտավորապես 500 հազար։ «Ես 3 գիրք եմ հրատարակել, որոնք ամենաբարձր սանդղակով են գնահատվում։ Սակայն խնդիրը միայն ինձ մոտ չէ։ Օրինակ, պրոֆեսոր Վանո Եղիազարյանն ավելի մեծ չափի գումար չի ստացել»։

Գրականության ամբիոնի պրոֆեսոր Վանո Եղիազարյանն ասաց, որ կոլետիվը համատարած դժգոհ է այս տարվա խրախուսման արդյունքներից, բոլորին անհասականալի է, ոչ միայն այդ պահումներն այլև խրախուսման բաշխումները։
«Որովհետև, օրինակ, եղել են մարդիկ են, որ համահեղինակությամբ հոդված են հրապարակել, բայց երկոսն էլ տարբեր գումարներ են ստացել։ Հիմա մարդիկ տարակուսանքի մեջ են, թե ինչու։
Խնդրիրը միայն գումարի մեջ չէ, մենք պահանջում ենք, որ հավատարիմ մնա կանոնակարգին, հիմա որևէ բացատրություն չկա, թե ինչու է էդպես վարվել»։

Եղիազարյանն ասաց, որ իր չստացած գումարը գերազանցում է ավելի քան 1 մլն դրամը, և որ ինքը արդեն դիմել է փաստաբանի, որպեսզի դատական կարգով ստանա իրեն հասանելիք միջոցները։
«Գիտեք, հարցն այն է, որ ինքը տարածում է, որ որևէ խնդիր չունի, որ իշխանությունների մարդն է ու ինչ ուզի, կարող է անել։
Սա առաջին դեպքը չէ, երբ բուհի ռեկտերը ապօրինությունների է դիմում։ Բուհում 5 պրոֆեսոր կա, նա 5 վրա էլ ոստիկանություն հաղորդումներ ունի ներկայացրած , սա այն դեպքում, երբ հենց իր վրա քերական վարույթ կա հարուցված, այն բանից հետո, երբ ապօրինաբար բարձրացրել էր իր աշխատավարձը, հիմա էլ ապօրինաբար պահումներ է անում աշխատակիցներից, իբրև թե գումարներ է տնտեսում»։

Նա նաև ընդգծեց, որ Սահակյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթներից որևէ մեկով առայժմ հանգուցալուծում չկա, եթե այդ գործերով նա պատասխանատվության կանչվեր՝ հիմա այս իրավիճակը չէր լինի։ Ավելին՝ խոսակցություններ են պտտվում, որ ինքը ինչ ցանկանա, կարող է անել, որովհետև Նիկոլի մարդն է, ինքն էլ անում է։ Հետո էլ Փաշինյանը զարմանում է, թե որտեղից է երկրում կոռուպցիայի ցուցանիշը բարձրանում»։

Oragir.News-ը նաև պարզաբանում խնդրեց ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանից, սակայն նա նշեց, որ ինքն հեռախոսով հարցերի չի պատասխանում։