Նիկոլ Փաշինյանի երբեմնի դաշնակից Էդմոն Մարուքյանը, որը տևական ժամանակ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանն էր, պաշտոնանկ արվելուց հետո փոխել է քաղաքական խոսույթը։ Իհարկե՝ յուրաքանչյուր քաղաքացի քաղաքականությամբ զբաղվելու, տեսակետ, կարծիք արտահայտելու իրավունք ունի, սակայն բարձր դիրք զբաղեցրած, քաղաքական օրակարգին քաջածանոթ գործիչները քիչ հավանական է, որ օրակարգից դուրս գործեն։ Այս առումով՝ ենթադրելի է, որ Մարուքյանի գործունեությունը ՀՀ օրվա իշխանության վարած կուրսի տրամաբանության շրջանակում է։
«Սիրիայից հետո Թուրքիայի հայացքն ուղղվել է դեպի Սյունիք, սրա մասին արդեն բացահայտ հայտարարում են Անկարայում»։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, կարծիք հայտնելով, թե վերահաս աղետից խուսափելու միակ ձևը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը Ռուսաստանի հետ եռակողմ հարթակ տեղափոխելն է։
Ինչու՞ է Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանն այսպիսի խոսույթ զարգացնում։ Եվ այն ի՞նչ առնչություն ունի Փաշինյանի վարած քաղաքականության և օրակարգի հետ։
Առաջին հայացքից կարելի է ասել, թե Էդմոն Մարուքյանի խոսքը հակասում է ՔՊ-ական իշխանության պաշտոնական խոսույթին։ Իրականում՝ հայ-ռուսական օրակարգը չի փոփոխվել։ Փաշինյանը նույն ոգևորությամբ մասնակցում է ԱՊՀ նիստերին, շփվում Պուտինի հետ, իսկ մի քանի օր անց ՌԴ-ում, միասին՝ հին ընկերներով, հավանաբար՝ նաև Ասադի հետ, նշելու են Ամանորը։ Հայ-ռուսական ոչ մի պայմանագիր չի լուծվել կամ վերանայվել։ Մասնավորապես՝ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կնիք չի կորցրել։ Փաշինյանը չի պատռել այն ու շպրտել չբարեկամների երեսին։ Նույնիսկ ՀԱՊԿ-ից դուրս չի եկել Հայաստանը։ Ռուսական զորքերը ՀՀ սահմաններին են կանգնած։ Լյուստրացիա չի եղել, ռուսական նախկին, ներկա գործակալներն անարգել զբաղեցնում են բարձրագույն պաշտոններ։ Դեսովետացում չի եղել։ Ինչպես ասում են՝ թղթերով ամեն ինչ նույնն է։ Հետևապես՝ եթե ՀՀ դիրքորոշումը գնահատենք ըստ գործող իրավապայմանագրային հիմքերի, ապա Փաշինյանի ու Մարուքյանի դիրքորոշումներն իրարից չեն տարբերվում։ Այսինքն՝ նրանց հիմա էլ կարող ենք որակել գաղափարակիցներ։
Այս դեպքում ինչու՞ է գաղափարակից Մարուքյանը քննադատում իր երբեմնի դաշնակից Փաշինյանին, որի հետ տևական ժամանակ քաղաքական պատասխանատվություն է կիսել։ Իսկ նրա մատնանշած խնդիրները ծագել կամ ընթացք են ստացել այն ժամանակ, երբ ինքը բարձր պաշտոնյա էր ու հրապարակավ պաշտպանում էր Փաշինյանի դիրքորոշումը։
Բանն այն է, որ Փաշինյանն արևմտյան գործընկերներին խոստացել է անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ իրականացնել՝ ՀՀ-ն աստիճանաբար դուրս բերել ռուսական ազդեցության շրջանակներից, խորացնել ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ գործակցությունը, դրանց դիմաց ակնկալելով, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն կպաշտպանեն ՀՀ անկախությունը ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամների ոտնձգություններից։
Արևմտյան գործընկերները 2024-ի ապրիլի 5-ին Բրյուսելում հայտարարեցին, որ սատարում են ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս աջակցությունը, ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելությունը որոշակի զսպում են Սյունիքի ուղղությամբ կանխատեսված ագրեսիան։ Սակայն Նիկոլ Փաշինյանը չի իրականացնում խոստացված քայլերը ՀՀ անկախության պաշտպանության և ժողովրդավարության ուղղությամբ։ Ի պատասխան՝ Արևմուտքը կարող է հետ քայլ անել։ Այս վտանգավոր զարգացումը կանխելու համար ՔՊ-ական իշխանությունը հանրային աջակցության կարիք ունի։ Անհրաժեշտ է ստեղծել պատկեր, թե ժողովրդականություն վայելող եվրասկեպտիկ (ռուսամետ) գործիչներ կան, որոնք կարող են տապալել Փաշինյանի իշխանությունը։ Եվրասկեպտիկների կամ հակաարևմտյան գործիչների ակտիվությունը շահարկվում է Փաշինյանի կողմից։ Նրանց որակում են ռուսական գործակալ, ապապետական մտածող, որ արդարացնեն իրենց անգործությունը, թե ինչու գործնական քայլեր չեն անում անկախության ու ժողովրդավարության ուղղությամբ։
Այս առումով՝ այն գործիչները, քաղաքագետները, որոնք հակաարևմտյան կարծիք ու դիրքորոշում են հայտնում, խոսում Ռուսաստանի կազմի մեջ հայկական սուվերենության և նման հիմար բաների մասին, այդպիսով ակնհայտորեն օգնում են Փաշինյանին, պարզերես դարձնում նրան, պատկերավոր ասած՝ պարզաջրում են նրա լվացքը։ Այս է պատճառը, որ փորձառու, կիրթ քաղաքական գործիչները, տվյալ դեպքում Էդմոն Մարուքյանը, նման դիրքորոշում հայտնելիս, այնպես կտրուկ ու հուզումնառատ են արտահայտվում, որ ոչ ոք բարոյական իրավունք չունենա կասկածելու, թե նրանք այդպիսով կատարում են իրենց պարտքը, աջակցում են Փաշինյանին, որ վերջինս շարունակի նույն քաղաքական լղոզ կուրսը, որը մշակել, իրացրել, պտուղները վայելել, և որի պատասխանատվությունը կրում են միասին։
Կարճ ասած՝ քանի դեռ այս ամորֆ կուրսը շարունակվում է, Էդմոն Մարուքյանը և մյուս հակաարևմտյան դիրքորոշում հայտնողները նույն խոսույթն են առաջ տանելու։ Իսկ երբ ՀՀ-ն իրոք կուրս, վեկտոր փոխի, քաղաքակրթական ընտրություն կատարի, մասնավորապես՝ դուրս կգա ՀԱՊԿ-ից, ԵՄ-ին անդամակցելու հայտ կներկայացնի, ապա այս կիրթ, փորձառու գործիչների խոսքն ու շեշտադրումները կփոխվեն։
Թաթուլ Մկրտչյան