Ո՞վ կմտածեր, որ 2024-ին Նիկոլ Փաշինյանը կվերակենդանացներ 2011 թվականին իր գրքի համար որպես բնաբան ընտրած Նիցշեի հայտնի ասույթը։ «Դու քայլում ես առջևի՞ց։ Դու դա անում ես որպես առաջնո՞րդ, թե՞ որպես բացառություն։ Երրորդ տարբերակը փախստականն է»։ Արդյո՞ք առաջնորդ Փաշինյանը մտածում է երրորդ տարբերակի՝ փախուստի, մասին։ Ինչո՞ւ է նա այդ մասին հիշատակում այսօր։
Չմոռանանք, որ Հայաստանը կանգնած է բազմաշերտ ճգնաժամերի շեմին։ Եվ բազմաթիվ քաղաքագետներ ու ընդդիմադիր գործիչներ հաճախ հիշեցնում են վարչապետին պատասխանատվության մասին։ Եվ ահա, նման համատեքստում, Նիցշեի փախստականը հայտնվում է Փաշինյանի խոսքում։
Եթե ավելի խորանանք, ապա Նիցշեի նշած առաջին տարբերակը՝ առաջնորդի կերպարը, պահանջում է ուժ, վճռականություն և պատասխանատվություն։ Փաշինյանն առաջնորդ էր 2018 թվականի հեղափոխության ժամանակ։ Բայց 2020-ի պարտությունից հետո նա որոշակի կորցրել էր ժողովրդականությունը։ Ուժեղ առաջնորդը 2020-ից հետո թաքնվում էր ժողովրդից։ Թեև հիմա 2020-2022-ի վախերը չկան, և նա անվարան դուրս է գալիս մարդամեջ, սակայն նրա խոսքի անկազմակերպվածությունը, շատ տարբեր հարցերի ցաք ու ցրիվ անդրադառնալը կասկած են առաջացնում, թե նա իր իրավիճակն ընկալում է որպես բացառություն, այն, ինչը նշված է Նիցշեի ասույթի երկրորդ տարբերակում։ Եվ իրոք՝ պատմության մեջ բացառություն են այն առաջնորդները, որոնք պարտությունից հետո մնացել ու շարունակել են երկիր ղեկավարել։
Երրորդ տարբերակը՝ փախստականը, այս համատեքստում դառնում է զավեշտալի։ Արդյո՞ք նա փորձում է նախապատրաստել հասարակությանը, որ կարող է ընտրել փախուստի ճանապարհը։ Չի բացառվում, որ սա մանիպուլյատիվ հնարք է։ Առաջիկա ընտրություններում խնդիր կա ներգրավելու առավել շատ հավակնորդների։ Նրանց պետք է գայթակղել, որ Փաշինյանը մտադիր է հեռանալ պաշտոնից, որ հավակնորդները հաջողության հասնելու իրենց շանսերն իրական համարեն։
Եթե Փաշինյանը իսկապես դիտարկում է երրորդ տարբերակը, ապա հարկ է նկատել, որ այս շրջանում փախուստը նման կլինի ոչ թե առաջնորդի ռազմավարական նահանջի, այլ քաղաքական պատասխանատվությունից խուսափելու։ Այսինքն՝ Նիցշեի մատնանշած փախստականը կարող է ընկալվել որպես պատասխանատվությունից խուսափելու խորհրդանիշ, ինչը ավելի կսրի ընդդիմախոսների քննադատությունները։
Լավատեսական լույսի ներքո դիտարկելու պարագայում վարչապետի՝ նիցշեական ասույթի հիշատակումը սոսկ այլաբանություն է, չի պարունակում ինքնաբացահայտման ակնարկ։ Բայց եթե անգամ սա միայն այլաբանություն է, ապա այն, մեղմ ասած, ոչ հաջող ընտրություն է։ Հայաստանում քաղաքական դաշտն այնքան լարված է, որ փախուստի մասին թեկուզ փլիսոփայական ակնարկն ակամա հիշեցնում է Բաշար Ասադի և ռուսական շահեր սպասարկող այլ բռնապետների փախուստների ու պատասխանատվությունից խուսափելու նախադեպերը։
Մտահոգիչ է նաև այն, որ այս ասույթը համարժեք տագնապ է հարուցելու ժողովրդի մի մասի մոտ, քանի որ պարզ ակնարկվում է առջևից գնացող բացառիկ առաջնորդի փախուստի տարբերակի մասին։ Իսկ եթե նա որոշել է խոսել առասպելի լեզվով, որով գրված են Նիցշեի ստեղծագործությունները, ապա արդյունքում որակապես կփոխվի նրա լսարանը, ներառելով հանրության միայն աննշան հատվածը, որը հասկանում է այս լեզուն ու խորհրդանիշները։
Չի բացառվում, որ նա այսպիսով փորձ է արել գրավել փիլիսոփաների, առասպելաբանների ուշադրությունը։ Սակայն փիլիսոփայական այս մեջբերումը նրա էջի այցելուների կողմից չի ընկալվել, ի տարբերություն մյուս գրառումների՝ քիչ հավանումներ է ստացել, հետևապես՝ չի նպաստելու առաջնորդի կերպարի ամրացմանը։ Նույնիսկ կարող է ժողովրդականության անկման պատճառ դառնալ։
Կարճ ասած՝ եթե չկա համակիրներին վախեցնելու, մրցակիցներին զարմացնելու և լսարանի որակը փոխելու խնդիր, ապա Նիցշեից մեջբերում անելն անտեղի է և ռիսկային Նիկոլ Փաշինյանի համար, մանավանդ հիմա, երբ աշխարհաքաղաքական վերափոխումներ են տեղի ունենում, որոնք առնչվում են նաև ՀՀ-ին։
Թաթուլ Մկրտչյան