Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:30 12-12-2024

Ո՞վ է իրականում քաղաքական դավաճանը

Նախկին անփառունակ նախարար Արսեն Թորոսյանը դեկտեմբերի 11-ին իր կուսակցին՝ Հակոբ Ասլանյանին, մեղադրեց քաղաքական դավաճանության մեջ, իսկ ժամեր անց վերջինս ԱԺ ՔՊ խմբակցության որոշմամբ՝ հեռացվեց խմբակցությունից։ Արդյո՞ք նրան ու Աղազարյանին կարելի է քաղաքական դավաճան որակել։

Քաղաքական դավաճանություն բնորոշում գոյություն չուներ մինչև դեկտեմբերի 11-ը։ Այսպիսի եզր չկա ո՛չ օրենսգրքերում, ո՛չ քաղաքական խոսույթում։ Ենթադրելի է, որ Արսեն Թորոսյանը նկատի է ունեցել կուսակցի դավաճանությունը ՔՊ ղեկավարի նկատմամբ։ Եթե այդպես է, ապա ՔՊ-ն կուսակցություն չէ, այլ մարդկանց խումբ, որը օրենքից, արժեքից վեր է համարում Նիկոլ Փաշինյանին ու երկրպագում նրան։ Այսինքն՝ հավատակիցները կարող են դավաճան որակել հավատակցին, որը կասկածի տակ է առնում Նիկոլ Փաշինյանի սրբությունը։ Սա նշանակում է, որ կուսակցություն չկա, կա անձի պաշտամունք։ Եվ ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ առնել առաջնորդի սրբությունը, նույնիսկ եթե մարդկային բարոյական նորմերը ոտնահարող քայլեր անի։

Այս առումով՝ քաղաքական դավաճանը շատ նման է ժողովրդի թշնամի որակմանը, որով խորհրդային բռնազավթման տարիներին պիտակում էին ընդդիմախոսներին, այլախոհներին, բռնապետների սրբությունը կասկածի տակ դնողներին, վախի մթնոլորտ տարածում, սպանում, աքսորում, հալածում միլիոնավոր մարդկանց։

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում, որ Աղազարյանին ու Ասլանյանին քաղաքական դավաճան են որակում։ Ըստ Արսեն Թորոսյանի՝ Հովիկ Աղազարյանը հանրայնացրել է ՔՊ-ում քննարկվող թեմաները, իսկ Հակոբ Ասլանյանը պաշտպանել է ընկերոջը։

Ենթադրելի է, որ երբ Աղազարյանը միանգամից չկատարեց կուսակցության առաջնորդի խնդրանքը, ապա վախ առաջացավ, որ նա չի հարգում Փաշինյանին ու կարող է գործել նրա դեմ։ Ենթադրվում է, որ այս վտանգը հաշվի առնելով, Փաշինյանը հանձնարարել է առգրավել Աղազարյանի հեռախոսն ու միջից ջնջել ՔՊ-ականների մասնակցությամբ տեսանյութերը, Փաշինյանի ու ՔՊ-ականների հակաօրինական, հակաժողովրդավարական, հակաժողովրդական, հակամարդկային խոսքերը, ՔՊ-ականների բերանից դուրս թռած հայհոյանքը մրցակիցների, թիմակիցների, Պուտինի, Բայդենի, Թրամփի հասցեին, կեղտոտ գործարքների, Արևմուտքի հետ երեսպաշտ խաղերի մասին պատմությունները, որոնք ՔՊ-ականների հանդիպումների, հավաքների, նիստերի ժամանակ ինչ-որ կերպ կարող էին արձանագրվել Աղազարյանի հեռախոսով։

Վախը փոխվել է զայրույթի, երբ հեռախոսը փորելուց հետո պարզվել է, որ նա արդեն լվացքի մի մասը փռել է։

Այս կեղտոտ լվացքը, սակայն, պետական գաղտնիք չէ։ Եթե մի պահ ընդունենք, որ Աղազարյանը տևական ժամանակ պետական գաղտնիք է հանրայնացրել, նշանակում է ԱԱԾ-ն գոյություն չունի։ Եթե գոյություն ունի, բայց միտումնավոր չի նկատել պետական գաղտնիքի հանրայնացումը, նշանակում է հանցակից է։ Եթե ԱԱԾ-ն հանցակից է, նշանակում է ՀՀ-ն անկախ չէ։ Այս կասկածների անվերջանալի շղթան ոչ ոքի ձեռնտու չէ։ Հետևաբար՝ պետական գաղտնիքի հետ կապված կասկածը կհերքվի, կմնա միայն ՔՊ-ականներին առնչվող տեղեկությունները հանրայնացնելը։

Իսկ ո՞ր դեպքում ՔՊ-ին առնչվող տեղեկությունները հանրայնացնելը կարող է որակվել քաղաքական դավաճանություն։

Եթե ՔՊ-ում քննարկվող թեմաները չի կարելի հանրայնացնել, նշանակում է ՔՊ-ն լեգալ կառույց չէ։ Միջնադարում միաբանությունները խորհրդավոր գաղտնիություն էին պահպանում։ Այդ ժամանակ ժողովուրդն արհամարհված էր, անմեղության կանխավարկած չկար, մարդն ի սկզբանե մեղավոր էր, իսկ միաբանությունները այլ, գաղտնի իդեալներ էին դավանում, գաղտնի նպատակներ ունեին։ Նոր ժամանակներում գաղտնի գործում են մաֆիան, ահաբեկչական կառույցները, ազատագրական, հեղափոխական կազմակերպությունները և այլն։ Այս տեսակ գաղտնի կառույցը խիստ պատժում է գաղտնիությունը խախտողին, ներքին խոհանոցը հանրայնացնողին։ Իշխանության մեջ գաղտնի գործող կառույցներն են ԱԱԾ-ն, բանակը, ՆԳՆ-ն։ Իսկ կուսակցությունները գործում են թափանցիկ։ Եթե ՔՊ-ն թափանցիկ գործող կուսակցություն է, գաղտնի կառույց չէ, պետության, օրենքի, բարոյականության, աշխարհակարգի, ժողովրդի, մարդկության դեմ չի գործում, ապա նրա անդամները աշխարհից ու ժողովրդից թաքցնելու բան չունեն։ Այս դեպքում ներքին տեղեկատվությունը հանրայնացնելու մեջ այպանելի բան չկա, և Աղազարյանն, առավել ևս՝ Ասլանյանն, այս առումով՝ սխալ բան չեն արել։

Այս դեպքում ու՞մ կարելի է որակել քաղաքական դավաճան։ Եթե «քաղաքական դավաճան» եզրը երբևէ քաղաքացիություն ստանա հայերենում, ապա ցանկալի է, որ քաղաքական դավաճան որակվի այն քաղաքական գործիչը, որն ապաքաղաքական խոսույթ է զարգացնում, գիտակցաբար գործում քաղաքական համակարգի, բազմակուսակցականության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, ժողովրդի դեմ, մարդկանց սև ու սպիտակի, տեսակների բաժանում, ատելություն տարածում, ստում, կեղծում, անբարոյական վարք դրսևորում, ընտրվելուց հետո նախընտրական խոստումը չի կատարում, անկախության պաշտպանության շարժում հռչակելուց հետո այդ ուղղությամբ էական քայլեր չի անում, ժողովրդավարությունը քաղաքակրթական ընտրություն հռչակելուց հետո ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ չի ներկայացնում, և այլն, և այդպես շարունակ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը