copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 17:15 02-12-2024

Մեղավորին էլ չեն գտնի․ իշխանությունը մսխել է սնանկության համակարգի 400 հազար դոլարը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Չնայած Արդարադատության նախարարությունը սնանկության էլեկտրոնային համակարգ մշակելու և ներդնելու համար 2021 թվականի հունիսի 15-ին հարկատուների վճարած գումարներից 172 մլն 800 հազար դրամ էր հատկացրել, այնուամենայնիվ «Հետք»-ի մեր գործընկերները պարզել են՝ համակարգն առ այսօր այդ չի գործում։

Ներկայում սնանկության գործընթացը Հայաստանում տեղի է ունենում թղթային ձևաչափով։ Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, երբ կամավոր սնանկության են գնում կամ ցանկանում են այլ անձի սնանկ ճանաչելու միջնորդություն ներկայացնել դատարան, դա անում են թղթային ձևաչափով։ Սնանկության գործով կառավարչի ընտրությունը ևս էլեկտրոնային ձևաչափով տեղի չի ունենում։

Ըստ պայմանագրի՝ «Հարմոնիան» պետք է էլեկտրոնային հարթակ ստեղծեր, որտեղ տեղի կունենար սնանկության ամբողջ գործընթացը՝ մասնակիցներին զերծ պահելով թղթաշրջանառությունից։ Այս համակարգի գործարկումից հետո պետք է նվազեր նաև Սնանկության դատարանի դատավորների ծանրաբեռնվածությունը:

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Սոս Հակոբյանն ընդգծեց, որ այս իրավիճակում առաջինը պետք է ստուգվի հանցագործություն կատարված լինելու հանգամանքները։ «Երբ ունենք 2 փաստ՝ հատկացված պետական միջոցներ և տրամադրված-ծախսագրված պետական միջոցներ ու չիրականացված ծրագիր, առաջին բանը, որը պետք է ստուգվի, հանցագործություն կատարված լինելու հանգամանքն է։ Այսինքն՝ առերևույթ առկա են կոռուպցիոն ռիսկեր և հնարավոր կատարված հանցագործությունների մասին գոնե վարկածներ պետք է քննարկվեն, որովհետև տրամադրվել է շատ մեծ ծավալի գումար։ Խոսքը 400 հազար դոլարի մասին է, որը հատկացվել էր կոնկրետ իրավական բարեփոխման նպատակով՝ սնանկության վարույթի էլեկտրոնային պլատֆորմ պատրաստելու համար և նորից եմ ասում՝ կա 0 արդյունք, ոչ թե լավն է, վատն է այդ պլատֆորմը, այլ առհասարակ այն չկա»,- ասաց նա։

Սոս Հակոբյանը նկատում է՝ քննչական մարմիններին հազար ու մի մանր-մունր, կիսավարկածներով ծանրաբեռնելու փոխարեն վերջիններս պետք է շատ արագ, արդյունավետ ու նախանձախնդիր աշխատանք իրականացնեն. «Այս իրավիճակում պետք է կա՛մ վերականգնեն պետական միջոցները, որի արդյունքում կհաստատվի քաղաքական իշխանության սնանկությունը, ոչ պրոֆեսիոնալ լինելը, քանի որ գործը վստահված է եղել մարդկանց, ովքեր ի վիճակի չէին այն անել, կա՛մ պետք է մեղավորները կանչվեն պատասխանատվության, գուցե դրանք կլինեն կատարողների շրջանակներում, գուցե նաև պատվիրատուների՝ ի դեմս պետության։ Այսինքն՝ կարծում եմ՝ այստեղ շատ ավելի հավանական է, որ ինչ-որ մեկը քրեական օրենսգրքով արգելված արարք է կատարել, քան հակառակը»։

Oragir.News-ի հարցին՝ իրատեսական համարո՞ւմ է, որ գործող իշխանությունների օրոք այս ամենը կբացահայտվի և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն՝ Սոս Հակոբյանը պատասխանեց, որ եթե նման մեծ ծավալի պետական միջոցների մսխումն անարձագանք մնա, ապա ողջամիտ դիտորդները կարող են եզրակացնել, որ այս ամենի մեջ իշխանություններից ինչ-որ մեկի «մատը խառն է»։

«Այսինքն՝ ներսից ինչ-որ մեկը կա, ով թույլ չի տալիս, որ այդպիսի մեծ պետական միջոցների մսխումը հետաքննվի և մեղավորները պատժվեն։ Հետևաբար՝ այո՛, կա մեծ հավանականություն, որ այս իշխանությունների օրոք այդ հանգամանքները չեն բացահայտվի, որովհետև չի կարող նույն Ֆինանսների նախարարության, որը հետևում է բյուջեի ծախսային մասի կատարմանը, Պետական վերահսկողության ծառայության և այլ պետական մարմինների ուշադրությունից նման մեծ ծավալի միջոցների ուղղակի մսխումը։ Փաստացի պետական բյուջեում այդքան գումար կար, հիմա չկա և պարզ չէ՝ ով է ծախսել, ինչպես, ինչի համար, ինչ է ստացել, ինչ չի ստացել։ Ուստի կա ողջամիտ հավանականություն, որ պետական մարմինների կամ պատվիրատուներից՝ պետական բարձր օղակներում գտնվող մարդկանց մատը կարող է խառը լինել այդ կոռուպցիոն հանգամանքների մեջ»,- կարծում է նա։

Հարցին, թե սնանկության էլեկտրոնային համակարգի բացակայությունն ի՞նչ ռիսկեր կարող է առաջացնել՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ Հայաստանի դատական համակարգի ամենամեծ խնդիրներից մեկը դրա ժամանակատարությունն ու ծանրաբեռնվածությունն է, ինչպես նաև այն հանգամանքը, որ փաստաթղթաշրջանառության գործընթացը բավականին բարդ է, ու այն դատարանների համար լրացուցիչ տեխնիկական ծանրաբեռնվածություն է ստեղծում։

«Սա արդար դատաքննության իրավունքի վրա վատ է անդրադառնում, քանի որ ապրում ենք 21-րդ դարում, բայց համակարգը դեռևս թղթի հիման վրա է գոյատևում։ Հետևաբար՝ մենք պոտենցիալ իմաստով կորցնում ենք խնայված շատ մեծ պետական միջոցներ, ինչպես նաև դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրականացման հնարավորությունը։ Մարդիկ էլեկտրոնային դատավարության մասով իրենց իրավունքներն ավելի արագ կարող են պաշտպանել, եթե իհարկե դա որակով իրականացվի, դա էլ մեկ այլ խնդիր է, քանի որ մինչև այժմ ներդրված էլեկտրոնային համակարգներն անորակ են ու նոր խնդիրներ են առաջացնում»,- նշեց նա։

Սոս Հակոբյանը հավելեց՝ լավ համակարգ ներդնելու դեպքում դա կթեթևացնի ինչպես դատարանների ծանրաբեռնվածությունը, այնպես էլ անձանց իրավունքների պաշտպանությունն ավելի արագ կդարձնի։ Նա նաև ասաց, որ դա պետությանը և դատավարության մասնակից մյուս կողմերին թույլ կտա զգալի ֆինանսական միջոցներ խնայել։

Դավիթ Գույումջյան
adv_banner

Ամենից շատ դիտված