«Ուսուցիչների աշխատավարձը չի բարձրանում, եթե նրանք կամավոր ատեստավորում չեն անցել։ Այս 200,000 դրույքաչափը կամավոր ատեստավորում անցածներին է վերաբերում։ Այսինքն՝ եթե ուսուցիչը անցել է կամավոր ատեստավորում, ստացել է 70 միավոր և ավելին, իր դրույքաչափը սահմանվում է 200,000 դրամ և դրա նկատմամբ սահմանվում է տարակարգի բարձրացումը»։ Այս մասին այսօր Oragir.news-ի հետ զրույցում ասացին ԿԳՄՍ նախարարությունից՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ պետք է անի ուսուցիչը, որ ստանա բարձր աշխատավարձ։
Որոշ ժամանակ առաջ հաստատվել էր ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի աշխատակարգը։ Պետական դպրոցների ուսուցիչները կամավոր ատեստավորման դեպքում 30-50 տոկոսի չափով հավելավճար կստանան։ Կամավոր ատեստավորման ժամանակ ստուգվում են ուսուցիչների առարկայական գիտելիքները։ Բայց այս օրենքը ուսուցիչների մոտ դժգոհության ալիք է բարձրացրել, քանի որ ուսուցիչները խուսափում են դիմել կամավոր ատեստավորմանը։
Իսկ մեր այն հարցին, թե ինչ է տարակարգը, որ ուսուցիչները կարող են ունենալ այն, պատասխանեցին. «Տարակարգն էլ տարբեր է, կան առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ կարգեր։ Չորրորդ կարգի տարակարգ Հայաստանում որևէ մեկը չունի։ Բայց մինչև երրորդ կարգ ունեցող մանկավարժներ կան, ովքեր ունեն աշխատավարձի հավելում՝ անկախ կամավոր ատեստավորումից։ Հիմա եթե այդ նույն մարդը նաև կամավոր ատեստավորման արդյունքում է ավելացնում աշխատավարձը, արդեն իր տարակարգն էլ է շատ ավելի գումար բերում իրեն»։
Այն հարցին, թե ինչ թեմաներ են ներառված ուսուցիչների գիտելիքի ստուգման ուղեցույցներում, պատասխանեցին. «Կամավոր ատեստավորման համար այս պահին կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր առարկաների ուսուցիչները, իսկ դասվարներինը, ակնկալում ենք, որ մյուս տարվանից կլինի։ Ուսուցիչների համար կան գիտելիքի ստուգման ուղեցույցներ, բուն ատեստավորումից 20-21օր առաջ դրանք կհրապարակվեն ԳԹԿ կայքում։ Այս ամենը ներառելու է առարկայական ծրագիրը, այսինքն՝ եթե մարդ, օրինակ, մաթեմատիկայի ուսուցիչ է, ոչ մի նշանակություն չունի, որ ինքը 7-րդ դասարանի ուսուցիչ է, մաթեմատիկայի ամբողջ առարկայական ծրագրից կարող են հարցեր լինել։ Խոսքը դպրոցական առարկայական ծրագրի մասին է։ Հանրակրթության մասին նոր օրենքի հաստատումից հետո նշվել է, որ այդ տարակարգի համակարգը պետք է փոխվի, բայց այս պահին գործում է նախկին կարգը, որը գործում է 2012թ․-ից։ Այս պահի դրությամբ այդ կարգով առաջնորդվում ենք, բայց փոփոխություններ դեռ լինելու են»։
Անդրադառնալով տարակարգի ձեռքբերման համար նակատեսված չափանիշների բարդության աստիճանին՝ նախախարարության աշխատակիցը նշեց. «Հայաստանում չորրորդ կարգի տարակարգ առ այսօր որևէ մեկը չունի, ինչը նշանակում է, որ այն բավականին բարդ է»։ Իսկ մեր այն հարցին, թե ինչքան աշխատավարձ են ստանում չորրորդ կարգ ունեցող ուսուցիչները, աշխատակիցը պատասխանեց. «Եթե ինքը ունի միայն տարակարգ, բայց չունի կամավոր ատեստավորման արդյունքում բարձրացված դրույքաչափ, շատ բարձր չի լինի աշխատավարձը, մինչև 50 տոկոս էլի նախատեսվում է, բայց եթե ինքը ունի կամավոր ատեստավորման արդյունքում դիցուք 50 տոկոս հավելում, եթե այս դրույքաչափը սահմանվում է 200,000, սրա վրա կիրառվում է այդ հիսուն տոկոս բարձրացումը․ դա լինում է 300,000, դրա վրա էլ հաշվարկվում է տարակարգով հիսուն տոկոս բարձրացում, դառնում է 400,000։ Բայց այսպիսի ուսուցիչ այս պահին չունենք։ Կան մարդիկ, ովքեր բարձր են ստանում, բայց նրանք ունեն դրույքից ավել ծանրաբեռնվածություն, դասղեկություն և այլն»։
Իսկ ի՞նչ ճակատագրի են արժանանալու այն ուսուցիչները, ովքեր կամավոր դիմել են ատեստավորման, բայց չեն հաղթահարել անցողիկ շեմը, ճի՞շտ են այն լուրերը, որ այդ ուսուցիչը կարող է զրկվել աշխատանքից։ Նախարարության աշխատակիցը պատասխանեց. «Քանի որ սա կամավոր է, իրենց մեկ տարվա ընթացքում առաջարկվում է մասնագիտական վերապատրաստում, որից հետո կարող են էլի փորձել»։ Մեր զրուցակիցը հավելեց, որ աշխատանքը կորցնելու մասին լուրերը քննարկումների մակարդակով են, այս պահին գործող կարգավորմամբ իրենք շարունակելու են նույն ձևով աշխատել։
Առաջին հայացքից պարզ և դրական այս փոփոխությունը մանրամասն ուսումնասիրելու դեպքում հասկանում ենք, որ այն վերաբերում է ոչնչի։ Իսկ կառավարության նիստում արված այն հայտարարությունը, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է այնքանով, ինչքանով երբեք չի բարձրացել, փաստորեն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։