copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 18:27 26-04-2024

Փաշինյանական բլեֆը պատերազմի իրական վտանգ է ստեղծել

Տավուշում տեղի ունեցող հատվածական սահմանազատման արդյունքում ՀՀ-ն զիջում է իր վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ, փոխարենը ձեռք է բերում սահմանային սյուների տեսքով սահմանազատված պետական, փոխադարձ ճանաչված սահման։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում, ինչո՞ւ նախաձեռնվեց այս հատվածական սահմանազատումը, ինչի՞ համար էր փաշինյանական բլեֆը մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին։

Հարկ է հիշեցնել, որ Տավուշի այդ տարածքների հանձնման մասին նշված է եղել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում, ապա մի քանի ժամ անց խմբագրվել, դուրս է բերվել։ Հետագայում՝ 2021-ի ընտրարշավի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն հանրահավաքներից մեկում պատմել է, որ ինքը հրաժարվել է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարության այդ տարբերակը, որտեղ տեքստում Տավուշի գյուղերի հանձնման մասին կետ է եղել։ «Ձեռքերս կկտրեմ, բայց գյուղերը հանձնելու թուղթը չեմ ստորագրի»,- իբր ասել է Նիկոլ Փաշինյանը։

Առաջ գալով՝ ուշադրություն դարձնենք, որ 2024-ի ապրիլի 5-ին նախատեսված բրյուսելյան՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումից առաջ ՀՀ փոխվարչապետը հանդիպում է Ադրբեջանի փոխվարչապետի հետ, որից հետո վերջինս ներկայացնում այդ գյուղերը անհապաղ հանձնելու պահանջ։ Դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը անակնկալ մեկնում է Ոսկեպար, Բաղանիս և գյուղացիներին ասում, որ այդ տարածքները պետք է հանձնել, հակառակ դեպքում պատերազմ է սկսվելու։ Այսինքն՝ ներկայացվում է, թե այս գյուղերը հանձնելով, ՀՀ իշխանությունը, հայ ժողովուրդը կանխելու են պատերազմը։

Նկատենք, որ Ադրբեջանը կամ Ռուսաստանը հրապարակավ չեն սպառնացել ՀՀ-ի դեմ պատերազմով։ Ոչ բարձրագույն պաշտոնյա հանդիսացող Ադրբեջանի փոխվարչապետը պատերազմի մասին բառ չի ասել։ Միայն Փաշինյանն է ասել, որ եթե տարածքները չհանձնենք, ապա մի շաբաթից պատերազմ է սկսելու։ Կա վարկած, թե Փաշինյանն այս հայտարարությունն արել է որպես Արևմուտքին ուղղված շանտաժ՝ ակնկալելով ԱՄՆ-ից և ԵՄ-ից մեծ աջակցություն։ Սակայն այս վարկածը քիչ հավանական է, քանի որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ՀՀ-ից ավելի հավաստի հետախուզական տվյալներ ունեն պատերազմների նախապատրաստման, այդ թվում՝ ռուս-ադրբեջանական կանխատեսվող ագրեսիայի վերաբերյալ։

Տարածվող մեկ այլ վարկածով՝ Փաշինյանն ասպարեզ է նետել պատերազմի մասին բլեֆը, որպեսզի ցույց տա, թե չի կարող եվրաինտեգրացիայի խորացման ուղղությամբ քայլ անել։ Հիշեցնենք, որ նախորդիվ Եվրախորհրդարանը, հիմք ընդունելով Փաշինյանի՝ 2023-ի հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդրանում ունեցած ելույթում բանավոր հնչեցրած խոսքը, թե ՀՀ-ն պատրաստ է մերձենալ Եվրամիության հետ, բանաձևով կոչ էր արել Եվրամիությանը բացել դռները Հայաստանի առաջ։ Եվ մեծ ոգևորություն էր առաջացել ՀՀ-ի՝ Եվրաինտեգրմանն անդամակցելու հեռանկարի առիթով։ Բայց պատերազմի ռիսկի մասին բլեֆով Փաշինյանը հետ շրջադարձ կատարեց դեպի ռուսամետ կուրսը, հրաժարվեց քայլ անել դեպի Եվրամիություն։ Եվ ապրիլի 5-ի արդյունքում ՀՀ-ին տրվեց շատ քիչ փող ու եռակողմ հայտարարություն, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սատարում են ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Պարզ ասած՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ռուս-ադրբեջանական հաղթական հայտարարությունից դուրս թողնված կետը վերականգնելով, Տավուշի սահմանից մի քանի գյուղ հանձնելով Նիկոլ Փաշինյանն վերահաստատեց իր պասիվ ռուսամետությունը, հակաժողովրդավարական դիրքորոշումը։ Եվ ինչպես ոսկեպարցիներին էր համոզում, թե հող ենք հանձնում, որ պատերազմ չլինի, նույնկերպ Արևմուտքին ներկայացրեց, թե ժողովրդավարական և անկախական բարեփոխումներ չենք անում, ԵՄ ինտեգրման ուղղությամբ քայլ չենք անում, որ ռուս-ադրբեջանական ագրեսիա չլինի։ Ահա այս պրիմիտիվ բլեֆով Փաշինյանը արհեստական խոչընդոտ ստեղծեց ՀՀ-ԱՄՆ գործակցության խորացման համար։ Եվ հոդս ցնդեցին հույսերը, թե առաջիկայում ՀՀ-ն եվրաինտեգրման ուղղությամբ իրական քայլեր կանի, ԵՄ-ն վիզային ռեժիմ կդյուրացնի ՀՀ քաղաքացիների համար։ Իսկ ամենավտանգավորը՝ Տավուշի գյուղերի հանձնումն ու փաշինյանական բլեֆը իրապես մեծացրեցին պատերազմի ռիսկը, քանի որ ռուս-ադրբեջանական կանխատեսվող ագրեսիան կարող է տեղի ունենալ մեկ դեպքում՝ եթե աշխարհին ներկայացվի, թե ՔՊ-ն ռուսամետ կուրս է վարում, սպասարկում ռուսական շահեր։

Թաթուլ Մկրտչյան