Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:42 22-10-2022

Իրական վտանգ, վախ, անորոշություն, սեր, կորուստ․․․ կադրեր թշնամու հայացքի տակ ապրողների կյանքից


Սահմանամերձ գյուղերում օր-օրի շատանում են վախերը, մարդիկ դժվարանում են նույնիսկ կարճաժամկետ ծրագրեր կազմել՝ անորոշությունը թույլ չի տալիս մեկ օրվանից ավելինի մասին մտածել, սոցիալական խնդիրները բազմաթիվ են, բայց ամենից առավել, անշրջանցելի, ամենուր անվտանգության հարցն է․ այս դիտարկումներն արեցին գործընկերներս, որ «Կովկաս» ինստիտուտի «Պատերազմի, հակամարտությունների և անվտանգային հիմնախնդիրների լուսաբանման ներուժի զարգացումը հայաստանյան լրատվադաշտում» ծրագրի շրջանակում ռեպորտաժներ էին պատրաստել սահմանային գոտիներում ապրող մեր հայրենակիցների մասին։

Արշալույս Մղդեսյանը՝ CivilNet-ից, նկարահանումներ էր արել Մարգարայում․ այստեղ հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահներն են։ Նրանց ներկայությամբ բնակիչներն իրենց ապահով են զգում, երեխաները գնդակ են խաղում նույնիսկ փշալարերի կողքի դաշտերում, ու երբեմն, երբ գնդակն անցնում է փշալարից այն կողմ, անցնում-բերում են հետ։ Ամեն եկող իշխանության հետ այստեղ նորից սկսում են խոսել սահմանների բացման մասին։ Այս առումով մտահոգություն ունեն, թե տների գները կբարձրանան, հարուստ թուրքերն իրենց մեծ գումարներ կառաջարկեն, ու գյուղը կթրքանա։ «Երբ ես ասացի՝ է’, դուք էլ մի’ վաճառեք։ Ինձ պատասխանեցին՝ բայց ախր շատ մեծ փող կառաջարկեն, ո՞նց չվաճառենք»,- պատմեց Մղդեսյանը։ Նրանք ռացիոնալ հաշվարկներ են անում՝ որքան է արժենալու թուրքական լոլիկը, որքան պիտի լինի տեղականը, որ մրցունակ լինի և այլն։ Իրական վտանգի զգացողություն այստեղ, կարծես, չկա․ գուցե ռուսական բարձր աշտարակներն են վստահություն ներշնչում․ դրանք հիմնականում դատարկ են լինում, բայց տպավորություն է, որ դրանց վրա սարքեր կան, որ մշտադիտարկում են։

Մարգարիտա Շարիմանյանը՝ RTVI միջազգային հեռուստաընկերությունից, պատմեց Գեղարքունիքի այն գյուղերի մասին, որ դարձել էին սահմանային․ «Թշնամին մոտ երկու կմ հեռավորության վրա է, շատ պարզ տեսնում էինք նրանց, բայց թվում էր՝ այս գյուղերում որքան մարդիկ մոտ են վտանգին, այնքան ավելի հանգիստ են, ինքնավստահ»։ Նա պատմեց, որ նկարահանումները սեպտեմբերի սկզբին էին եղել, ու ընդամենը երկու շաբաթ անց սկսվել էին սեպտեմբերյան ռազմական գործողությունները։ Ինքն անմիջապես զանգել էր այն մարդկանց, ում հեռախոսահամարները կային իր մոտ․ «Լրիվ ուրիշ մարդկանց ձայներ էին՝ հուզված, կոտրված, հիասթափված։ Կանայք բարեկամների տներում էին, տղամարդիկ մնացել էին գյուղերում, այնքան անհանգիստ էին»։

Նարեկ Կիրակոսյանը՝ Factor TV-ից, որոշել էր նկարահանել Որոտան, Բարձրավան և Շուռնուխ գյուղերը․ առաջին երկուսում նկարահանումներն անելու ընթացքում իրեն նկատել էին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և Շուռնուխում այլևս թույլ չէին տվել նկարել։ Դա էլ մի խնդիր է՝ լրագրողներին ԱԱԾ-ի շրջանառած և ԱԺ-ում հապճեպ ընդունած օրենքով հիմա թույլ չի տրվում լուսաբանել սահմանային գյուղերի բնակիչների խնդիրները։

Նարեկ Կիրակոսյանը փորձել էր պարզել՝ ինչ լուծումներ են գտել այն խնդիրները, որոնց մասին մեկ տարի առաջ ակտիվորեն գրում էր ողջ հայաստանյան մամուլը՝ ադրբեջանցիների կողմից Կապանի ճանապարհը փակելուց հետո գրունտային-կիսաքանդ ճանապարհների հույսին՝ գրեթե շրջափակման մեջ մնացած բնակիչները։ Պարզել էր՝ մեկ տարի անց էլ ճանապարհներ չկան։ Այս գյուղերում երկարաժամկետ պլաններ չեն կազմում, հուսալքություն է, անորոշությունից ծնված անտարբեր-անհաղորդ վիճակ։ Նա պատմեց տղայի մասին, ով երազում է դհոլի պարապմունքի գնալ Գորիս, որ 15 րոպեի հեռավորության վրա է, բայց չի կարող՝ անվտանգ չէ։

Հարցին՝ կայի՞ն ապաստարաններ, բանախոսները պատասխանեցին՝ ոչ։ «Երբ սեպտեմբերի 13-ին իմացա ադրբեջանական հարձակման մասին միանգամից դա հիշեցի․ Աստված իմ, ես բոլոր գյուղերում, բոլոր համայնքապետերին այդ նույն հարցն եմ տվել՝ ունե՞ք ապաստարաններ, ե՞րբ եք նախատեսում պատրաստել»,- հիշեց Մարգարիտա Շարիմանյանը։

Վտանգի, վախի ամենօրյա զգացումը ստիպո՞ւմ էր մարդկանց մտածել զինվելու, մարտական պատրաստության մասին՝ հարցրեցի։ «Մարգարայում՝ ոչ,- պատասխանեց Մղդեսյանը,- նրանք ավելի մտածում են դուռ-լուսամուտ ամուր փակել»։ «Գեղարքունիքում տղամարդիկ՝ շատերը, սրացումների ժամանակ զենք են ստանում, դիրքեր բարձրանում»,- ասաց Շարիմանյանը։ «Սյունիքում երբ հարցնում էի, ինձ ասում էին՝ պետությունը թող ավտոմատ տա, ես ինձ ու ընտանիքս կպաշտպանեմ»,- ասաց Կիրակոսյանը։

Հանդիպման ավարտին քննարկվեց լրագրողի դերը հակամարտություն լուսաբանելիս՝ նա պիտի լրագրո՞ղ մնա, թե՞ քարոզչության մաս դառնա։ «Եթե ես երրորդ երկրի կոնֆլիկտ լուսաբանեմ, ես անկախ լրագրող կլինեմ, բայց իմ երկրում ամեն առանձին դրվագում պիտի կողմնորոշվեմ։ Օրինակ՝ ես իմ ռեպորտաժում չնշեցի, որ մարդիկ ապաստարաններ չունեն․ մտածեցի, որ դրսում դա լսեն, այս մարդկանց համար լավ չի լինի»,- նշեց Մարգարիտա Շարիմանյանը։ Նարեկ Կիրակոսյանը համաձայն չէր․ «Ես կարծում եմ՝ պետք է խոսել այդ խնդիրների մասին․ ես խոսել եմ մարդկանց ֆոբիաների մասին։ Այդ ֆոբիաները կան, և պիտի ասվի, որ դրանք կան»։ «Նման հարցադրում անելը ճիշտ չէ,- ամփոփեց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը,- կարծես հարցնես՝ լավ է բժի՞շկ լինել, թե՞ վարորդ։ Դա ընտրություն է, և ամեն մեկն անում է այդ ընտրությունն իր համար»։

Ներկայացված ռեպորտաժները ադրբեջանական լպիրշ ու վայրենի հայացքի տակ ապրող մեր հայրենակիցների մասին խիստ սակավ անդրադարձներից են։ Ի հակադրություն Ադրբեջանի, որ չեղածն է ուռճացնում, գոռում-լալիս աշխարհով մեկ, սպառնում փոխհատուցման պահանջով՝ մենք ապրում ենք մեր բնակիչների՝ իրական անվտանգային, կենցաղային, հոգեբանական, առողջական, կրթական, մշակութային խնդիրների մասին խոսելու աածական արգելքի օրերում, երբ պետությունը ոչ թե խրախուսում է աշխատանքը, որն իրականում իրենն է, այլ՝ ստեղծում բազմաթիվ վարչական խոչընդոտներ այն մարդկանց համար, որ փորձում են անել դա։

Կարմեն Մարտիրոսյան