copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:54 17-02-2022

Ինչպե՞ս ընտրել դաշնակից. սիրով ապահարզանի բլեֆը

Արցախի խորհրդարանի՝ առաջին ընթերցմամբ ընդունած «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը նոր խոսույթ է Արցախի ազատության համար պայքարում։ Ենթադրվում է, որ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում Արցախի ազատագրման հարցը բարձրացնելիս ընդգծելու է նաև այս օրենքում ներառված կետերը։ Սակայն այս խոսույթը, հնարավոր է, արդյունավետ չլինի, եթե ՀՀ իշխանությունները, ներառյալ ընդդիմադիր ուժերը, Հայաստանի միակ արտաքին դաշնակից ճանաչեն Ռուսաստանին, որի նախագահը Արցախի հակամարտությունը համարում է լուծված, Արցախի կարգավիճակի հարցը քննարկելը՝ վաղ։ Ու թեև հայ քաղաքական գործիչները չեն կիսում այս կարծիքը, բայց չունեն Արցախի ազատագրման միասնական ռազմավարություն, իսկ Հայաստանի դաշնակիցների փոփոխման, արտաքին քաղաքական կուրսի վերանայման մասին հարցերին ուղիղ պատասխանելուց խուսափում են։

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ նշեց, որ ՀԱՊԿ-ում կենտրոնական դերակատարությունը Ռուսաստանինն է, և ՀԱՊԿ-ի բոլոր երկրները մեր թշնամիների հետ ունեն շատ լավ հարաբերություններ՝ բոլոր ոլորտներում։ Հետևաբար` մտածել, որ ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել մեզ վրա այդ հարձակումներին, անիմաստ է։ Այս դիտարկումը կիսում են գրեթե բոլոր հայ քաղաքական գործիչները, որոնք եթե չծուլանան, ապա կձևակերպեն Հայաստանի դաշնակիցների և գործընկերների ընտրության նոր հիմքեր, և ավանդական կապվածությանը փոխարինելու կգա արժեքային փիլիսոփայությունը։ Այս առումով՝ աստիճանաբար տարածվում է այն տեսակետը, որ արտաքին քաղաքականության առաջնային խնդիրը ոչ թե ցեղասպանվելու ենթադրյալ վտանգն է, այլ ժողովրդի ազատությունը։ Օրինակ՝ ռուս բարձրագույն պաշտոնյան Հայաստանի մասին խոսելիս առաջին հերթին հիշեցնում է, որ հայ ժողովուրդը զանգվածային բռնությունների է ենթարկվել հարևան երկրներում անցյալ դարասկզբին և դարավերջին։ Այնուհետև ակնարկվում է, որ ռուսական պետությունն, իբր, կարող է պաշտպանել հայերին, որ նման բաներ չկրկնվեն։ Պատկերավոր ասած՝ «եթե ռուսները չլինեն, թուրքերը մեզ կուտեն»։ Այս կեղծ պնդումն է ռուսների՝ հայերի վրա ազդեցության միակ գործիքը։ Իրականում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող յուրաքանչյուր ոք գիտի, որ հայ ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը Հայաստանի անկախությունն է։ Իսկ անվտանգության խնդիր է առաջանում, երբ զրկվում է անկախությունից։

Անցած օրերին տպավորություն ստեղծվեց, թե մեր հանրությունը, իշխանությունները, ներառյալ ընդդիմադիր գործիչները, համաձայն չեն Լուկաշենկոյի կարծիքի հետ, և ինքնիշխանության ամրացման և Արցախի ազատագրման խնդիրներն առաջնային են համարում։ Եթե իրոք այդպես է, ապա օրինաչափ է, որ Հայաստանի դաշնակից կդառնան այն ուժերը, որոնք կասկածի տակ չեն առնում Հայաստանի անկախությունն ու ժողովրդավարությունը։ Այդ շարքում չեն Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանն ու նրա սատելիտները։ Իսկ ինչպե՞ս դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց և ձեռք բերել ազատության դաշնակից։

Մոտ երկու տասնամյակ առաջ շրջանառվեց տեսակետ, թե հնարավոր է Ռուսաստանից բաժանվել սիրով։ Իրականում՝ սիրով ապահարզանը չի ստացվում, քանի որ այս մոտեցման հիմքում կա հակասություն։ Ռուսաստանից սիրով բաժանվելու երբեմնի կողմնակիցները համոզվել են, որ դա բլեֆ է։ Այն բլեֆ է ոչ միայն ռուսական ազդեցության գոտուց դուրս գալու պարագայում, այլ ընդհանրապես։ Երբ որևէ պետություն, օրինակ՝ Ուկրաինան, ուզում է դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց, Մոսկվայում դա ընդունում են թշնամաբար և անմիջապես կոշտացնում այդ երկրի և ժողովրդի նկատմամբ բառապաշարը։ Հետևաբար՝ հայ քաղաքական գործիչը, որն այսօր խոսում է ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ ռազմավարական գործակցության անպիտանության, անհեռանկարության մասին, տեսանելի ապագայում կփոխի ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի մասին տեքստերը, կկիրառի հասկանալի-պարզ բառեր, ցույց կտա, որ Հայաստանը մտադիր է դաշնակից և գործընկեր ընտրել այն պետություններին և ուժերին, որոնք հարգում են հայ ժողովրդի ազատությունը։ Այսպիսի դաշնակիցներ ունենալու դեպքում Արցախի ազատագրման հարցը միջազգային սեղաններին դնելիս «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը կարող է դառնալ իրավական ելակետ և իրական արդյունք ապահովել։ Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները