Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:30 27-11-2024

Բոլոր ժամանակների «կորիզը»․ Սուրեն Ալոյանի հաջողության պատմությունը

ՀՀ նախկին իշխանությունների օրոք հաջողություններ գրանցած Սուրեն Ալոյանը, որը մի ժամանակ ընդդիմանում էր Փաշինյանին ու նրա թիմին, այսօր, կարծես, հաշտ է տեղի ունեցողի հետ, այլևս չի քննադատում ՔՊ-ականներին։

Սուրեն Ալոյանը, որը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մտերիմն էր, Աշոտյանի՝ նախարար եղած տարիներին հիմնել է Dasaran․am-ը։ Ավելին, տվյալ հարթակում կրթական ծրագրեր իրականացնելու համար նախարարությունը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին (ԿՏԱԿ) տրամադրվելիք գումարների զգալի մասը կրճատել և տրամադրել էր Dasaran․am-ին, որի ղեկավարը Սուրեն Ալոյանն էր։

Փաշինյանի իշխանության գալուց հետո ԿԳՄՍ նախարար նշանակված Արայիկ Հարությունյանը որոշեց, որ պետք է Dasaran․am-ը այլևս մենաշնորհ դիրք չունենա և զրկվել էր պետական աջակցությունից, ինչին Ալոյանը ըմբոստացել էր։ Դրանից հետո Սուրեն Ալոյանը դարձել էր ընդդիմադիր, քննադատում էր ինչպես Փաշինյանին, այնպես էլ նրա թիմին։

Բայց այդ քննադատությունը շատ կարճ տևեց։ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները բերման էին ենթարկել 5 անձի, այդ թվում՝ Սուրեն Ալոյանին։ Նրանք մեղադրվում էին ՊՆ-ից փող հափշտակելու մեջ՝ 106 միլիոն դրամ։

Երկու օր անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին, Ալոյանն ազատ արձակվեց, ինչից հետո սկսեց չեզոք դիրք զբաղեցնել, չփնովել իշխանություններին։

Գուցե հենց դրանով է պայմանավորված, որ 2020 թվականին Սուրեն Ալոյանի հիմնադրած Koreez-ը՝ «Կորիզ կրթական ծրագիր», այսօր անխոչընդոտ բազմաթիվ ծրագրեր է իրականացնում։

Ավելին, օրերս Koreez-ը հուշագիր ստորագրեց իշխանության հետ բավականին «ջերմ» հարաբերություններ ունեցող, Երևանի տրանսպորտային համակարգում մենաշնորհ դիրք զբաղեցրած «Թել-Սել» ընկերության հետ։

Այդ քայլով «Թել-Սել» ընկերությունը դարձավ «Կորիզ 2025»-ի մաթեմատիկայի մրցույթի պաշտոնական գործընկերը:

«Կորիզն»-ը հարթակ է 3-12-րդ դասարանի աշակերտների և քոլեջի ուսանողների համար, որը հնարավորություն է տալիս մասնակցել մրցույթների՝ նպաստելով աշակերտների կրթական մակարդակի բարձրացմանը։

Սա ևս մեկ անգամ փաստում է, որ իշխանությունների հետ գործարքի գնալու դեպքում ճանապարհը հարթ է, հակառակ դեպքում՝ ԱԱԾ դիմակավորված անձինք կգնան նրանց հետևից։