ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը: Այս մասին նա հայտնել է լրատվամիջոցների հետ զրույցում՝ նշելով, որ դեռ մի քանի օր էլ պետք է մտածի: Ավելի վաղ նա ասել էր, որ նոյեմբերի 25-ին պետք է հրապարակեր մանդատը դնելու մասին իր որոշումը: Իսկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի հետ հարցազրույցում հաստատել էր, որ ինքն է հեռախոսային հաղորդագրություն ուղարկել Հովիկ Աղազարյանին, խնդրելով վայր դնել մանդատը։
Ինչի՞ մասին է Հովիկ Աղազարյանը մտածելու ևս մի քանի օր, և ի՞նչ հանգուցալուծում կստանան նրա անվան հետ կապված վարույթները։
Նկատենք, որ նոյեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանից sms ստացած 8 պաշտոնյաներից 7-ը հաջորդ օրը հրաժարականի դիմումներ գրեցին։ Միայն Հովիկ Աղազարյանը հրաժարվեց մանդատը դնել։ Դրանից հետո նրան հրավիրցեին Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ, ըստ ասեկոսեների՝ մի քանի աղմկոտ գործ է կարվում նրա վրա։ Ասում են, թե նրան լուրջ սպառնացել են ՀԿԿ-ում, եթե նա սկանդալ սարքի։
Նոյեմբերի 25-ին հետաքրքրասեր հանրությունն անհամբեր սպասում էր նրա հայտարարությանը։ Սպասվում էր, որ այն աղմկահարույց է լինելու։ Սակայն նա որոշեց մի քանի օր էլ մտածել, ավելի լարելով իրավիճակը։
Ոմանք կարծում են, թե ՀԿԿ-ն Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ է սպառնում Հովիկ Աղազարյանին, եթե նա չկատարի վարչապետի խնդրանքը։ Միաժամանակ չի բացառվում, որ Աղազարյանը կարող է հակադարձել և սկանդալային բացահայտում անել թիմակիցների կոռուպցիոն գործերի մասին։ Եթե այսպիսի բան անի, ապա այն կլինի ամենախոշոր ու սկանդալային բացահայտումը Հայաստանի պատմության մեջ ու կստանա «Հովիկգեյթ» անվանումը։ Եվ ենթադրվում է, որ նա ոչ թե օրեր շարունակ մտածում է՝ մանդատը դնել, թե ոչ, այլ ժամանակ է տալիս ՔՊ-ին, որ կատարեն իր պայմանները, քանի որ վստահ չէ, որ մանդատը դնելուց հետո բռնաճնշումների չի ենթարկվի ինքն ու իր ընտանիքը։ Իսկ քանի դեռ անձեռնամխելիություն ունի, ապա ձգտում է ապահովագրել իրեն ու ընտանիքին հետապնդումներից։
Իրավիճակը լարված է։ Եթե Հովիկ Աղազարյանը մանդատը չդնի, թիմակիցները կդադարեն վախենալ Փաշինյանից։ Նա կկորցնի իր ազդեցությունը թիմում։ Դրանից կթուլանա նրա իշխանությունը, ինչն ամենվատ բանն է, որ կարող են պատկերացնել։ Հետևաբար՝ ՔՊ-ն պատրաստ է կատարել Հովիկ Աղազարյանի պայմանները, միայն թե վերջինս վայր դնի մանդատը։ Իսկ նրա պայմանները ենթադրաբար միլիոններ չեն, այլ վերաբերում են անձնական, ընտանեկան անվտանգությանը։ Այսինքն՝ նա ուզում է, որ իր և ընտանիքի հանդեպ հանիրավի քրեական հետապնդումներ չլինեն։
Ամենայն հավանականությամբ՝ այսպես էլ կհանգուցալուծվի խնդիրը։ Փաշինյանը հեղինակավոր միջնորդի ներկայությամբ կխոստանա ՔՊ-ական պատգամավորին, որ նրան ու ընտանիքին առնչվող բոլոր թեմաները կփակվեն։ Դրանից մեկ վայրկյան անց Աղազարյանը մանդատը կդնի։ Այս իրավիճակն այլ հանգուցալուծում չունի։
Այնպես որ՝ հետաքրքրասեր հանրությանը հիասթափություն է սպասվում։ Ոչ մի «Հովիկգեյթ» սկանդալ չի լինելու։
Ամեն դեպքում՝ այս պատմությունը նախադեպ է դառնալու։ Սրանից հետո թե՛ Փաշինյանը, թե՛ հաջորդ իշխանությունը դժվարանալու են կամայական պաշտոնանկություններ անել։ Եվ չնայած՝ Հովիկ Աղազարյանը մեծ բաներ չի արել պատգամավոր աշխատելու ընթացքում, սակայն նրա մի քանի օրվա դիմադրությունը կմնա պատմության մեջ։ Եվ եթե սրանից հետո որևէ քաղաքական վերադաս փորձի կամայական պաշտոնանկ անել թիմակցին, ապա վերջինս կարող է Հովիկ Աղազարյանի օրինակով պաշտպանվել հանիրավի ճնշումներից ու հետապնդումներից։
Թաթուլ Մկրտչյան